«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2004-06-11 | #108, 2004-06-12 | #109, 2004-06-15


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ամեն տարի բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ են գալիս Ամերիկա եւ մեկ տարի սովորում այստեղ: Ամերիկյան այս ծրագրին մասնակցում են նաեւ մոտ երկու տասնյակ ուսանողներ Հայաստանից:

2003-2004 թվականի Ամերիկայում ուսանող հայաստանցի երիտասարդներն արդեն վերադարձել են Հայաստան:

Ամերիկայում գտնվելու ժամանակ հայաստանցի ուսանողներն ինտերնետային կապի մեջ էին ԱՊՀ այլ երկրներից ԱՄՆ -ում ուսանող երիտասարդների հետ: Միմյանց նամակներ ուղարկելիս ուսանողները, նախ եւ առաջ, պետք է ստանային ինտերնետային հաղորդագրությունները համակարգող ամերիկացի աշխատակցի թույլտվությունը:

Այս տարվա ապրիլի 24-ին Մինեսոտա նահանգում ուսանող Իրինա Գուբարեւան Ռուսաստանի Կազան քաղաքից, Միսուրիում ուսանող, ազգությամբ ռուս Իվան Սամսոնովը Ադրբեջանից, մեկ այլ ռուս աղջիկ եւ մի քանի հայաստանցի ուսանողներ ցավակցական նամակներ ուղարկեցին ԱՄՆ-ում ուսանող հայաստանցիներինՙ Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցի կապակցությամբ: Նամակներն ստացել էին նաեւ ԱՊՀ երկրներից ԱՄՆ-ում գտնվող մնացյալ ուսանողները:

Որոշ ժամանակ անց ինտերնետային կապը համակարգող ամերիկացի աշխատակից Էմին «ներողության» նամակ ուղարկեց ...ադրբեջանցի ուսանողներինՙ Հայոց ցեղասպանության ցավակցական նամակները հրատարակելու համար:

Ի՞նչ էր տեղի ունեցել: ԱՄՆ-ի ադրբեջանցի ուսանողները զանգահարել էին Վաշինգտոնի գրասենյակ եւ բառիս բուն իմաստով հոգեկան ահաբեկչության ենթարկել ամերիկացի աշխատակիցներին (սույն տեղեկությունը հաղորդել են ադրբեջանցի ուսանողներն իրենց ընկերներին գրած նամակներում):

Ադրբեջանցիների «կռվանը» եղել է այն, որ իրենք մուսուլման են, իսկ հայերը ՙ քրիստոնյա, դրա համար էլ ամերիկացիները հրատարակել էին ցավակցական նամակներըՙ այսպիսով խտրականություն դնելով հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Թե ինչ կապ ունեին ադրբեջանցի ուսանողները ցավակցական նամակների մեջ նշված Օսմանյան կայսրության հետ, ոչ մեկն էլ չհասկացավ:

Ամեն դեպքում ամերիկացիները տեղի տվեցին ադրբեջանցիների տասնյակ հեռախոսազանգերին ե՛ւ նամակներին, ե՛ւ «ներողություն» խնդրելով հայտարարեցին, որ այդպիսի «սխալ» էլ թուլ չեն տա:

Այսքանը պատմության «պաշտոնական» մասն էր, որը կարելի էր սպասել ադրբեջանցի, իրենց խոսքերովՙ «պատվո» ուսանողներից:

Իսկ հիմա ամենակարեւորը... ավելի շուտ այն, որի մասին ամերիկացիները չլսելու ու չտեսնելու դրեցին, մինչդեռ ռուս եւ հայ ուսանողների կյանքը, իրոք, կարող էր վտանգվել:

Ցավակցական նամակները ստանալուն պես ադրբեջանցի ուսանողներն անցան գործի: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը հիշատակող նամակներ ուղարկած ուսանողները ադրբեջանցիներից ստացան նամակներ, որոնք, բնականաբար, չենք մեջբերի այս հոդվածում այն պարզ պատճառով, որ գրական հայերենում չենք կարող գտնել ամերիկյան բազմաթիվ հայհոյանքների թարգմանությունը:

Այնուամենայնիվ չի կարելի չանդրադառնալ Իրինա Գուբարեւային ուղարկված անգրագետ անգլերենով գրված մի նամակի, որի հեղինակը ԱՄՆ-ում ժամանակավորապես ուսանող Հուսեյն Իսմայիլովն էր, որն, իմիջիայլոց, չգիտերՙ ինչպես անգլերեն գրել «ցեղասպանություն» բառը:

Ահա ընդամենը մեկ տող այդ նամակից:

«Կգա ժամանակ, ես կսպանեմ ձեզ բոլորիդ»:

Իսմայիլովի նամակը, բնականաբար, ուղարկվեց Վաշինգտոնի գրասենյակ: Արձագանք այդպես էլ չեղավ:

Փառք Աստծուՙ Իրինան այսօր գտնվում է իր հայրենի քաղաքում:

Փառք Աստծուՙ հայաստանցի ուսանողները այսօր նույնպես Հայաստանում են:

Ուրեմն ո՞րն է անհանգստանալու պատճառը:

Այս օգոստոսին Վաշինգտոնում հանդիպելու են 2004-2005 թվականների հայ եւ ադրբեջանցի ուսանողները: Նրանք բոլորն են ներկայումս շփվում են 2003-2004 թվականների իրենց հայրենակից ուսանողների հետ եւ խորհուրդներ ստանում:

Իսկ ինչ է խորհուրդ տալու Իսմայլովըՙ սպանել հայերին:

Իսկ ինչ են պատմելու ռուս կամ հայ ուսանողները իրենց կրտսեր փոխարինողներին:

Արդյոք նրանք ապահո՞վ են լինելու Ամերիկայում: Թե՞ Աստված մի արասցե, կկրկնվի Գուրգեն Մարգարյանիՙ Հունգարիայում տեղի ունեցած դեպքը...

ՍԻՄՈՆ ՄԱՂԱՔՅԱՆ, «Ֆայ Թետա Կապա» միջազգային պատվո ընկերակցության «Սիգմա Ֆայ» մասնաճյուղի փոխնախագահ, Արապահո համայնքային քոլեջի ուսանողական խորհրդարանի ղեկավար անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4