Հայաստանում մամուլի զարգացմանը նպաստող քայլերից մեկը արտասահմանյան փորձի ուսումնասիրությունն է եւ ընդունելի տարբերակների ներդրումը հայկական համակարգում: Այս նպատակով Երեւանի մամուլի ակումբը դրսի հետ համագործակցության ուղիներ է փնտրում: Մայիսի 22-ից հունիսի 2-ը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հայաստանյան առաջատար մամուլի ներկայացուցիչների հետ եղավ Բեռլինում եւ Ստամբուլում: Գերմանիա այցելությունը, որ կազմակերպել էին Երեւանի մամուլի ակումբը եւ գերմանական Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը, նպատակ ուներ հայ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծանոթացնել Գերմանիայի լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմներին: «Քանի որ Հայաստանում ընդհանրապես լրագրողական կյանքը կազմակերպված չէ, մենք գերադասում ենք ինքնակարգավորում ասելով հասկանալ ոչ միայն ոչ դատական կարգով տեղեկատվական կոնֆլիկտներ եւ վեճեր լուծելու հնարավորությունը, այլեւ ավելին` մամուլ-պետություն հարաբերությունների, մամուլի ներսում տարբեր տնտեսական, սոցիալական, իրավական խնդիրների կարգավորում», ասաց Բորիս Նավասարդյանը:
Այցելությանը մասնակցում էին «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Վարդան Ալոյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Էմանուել Մկրտչյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գեւորգյանը, թարգմանչուհի Նաիրա Սուքիասյանը: Հայաստանի ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Այցելության մասնակիցները ծանոթացան Գերմանիայում մամուլի խորհրդի, արհմիութենական կազմակերպությունների, պետական մարմիններում մամուլի հետ համագործակցող կառույցների աշխատանքներին:
Գերմանիայում գործող օրենսդրության համաձայն լրագրողի աշխատավարձի խնդիրը լուծվում է գործատուի եւ արհմիության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, որտեղ սահմանվում է լրագրողի նվազագույն աշխատավարձը: Գերմանիայում շարքային լրագրողի համար այն 2800 եվրո է: Աշխատավարձի սանդղակը բարձրանում է` կախված լրագրողի աշխատանքային ստաժից, պաշտոնից, պրոֆեսիոնալ մակարդակից, ստացած գիտական աստիճաններից:
Դատական համակարգից լրագրողի պաշտպանության հարցը հիմնականում լուծվում է լրագրողական երկու արհմիություններից եւ երկու խոշոր հրատարակիչների միավորումներից ստեղծված Մամուլի խորհրդի միջոցով: Վերջինիս մասին Գերմանիայում օրենք է գործում: Այս կառույցն իրավասու է տարբեր բողոքներ, պահանջներ ստանալ լրագրողի կամ լրատվամիջոցի հրապարակած նյութի վերաբերյալ եւ համապատասխան գնահատական տալ: Կախված այդ գնահատականից` լրագրողը կամ լրատվամիջոցը կկրի պատիժը: Դա կարող է լինել հերքում, մամուլի խորհրդի գնահատականն արտահայտող հայտարարություն, ֆինանսական տույժ: «Մի կողմից թվում է, թե մամուլի խորհրդի աշխատանքը հիմնականում լրագրողների դեմ է ուղղված, բայց իրականում լուրջ պաշտպանություն է լրագրողի համար, որովհետեւ կա ոչ դատական կարգով այս կամ այն խնդրի լուծումը տալու մեխանիզմ, գտնում է Բորիս Նավասարդյանը: Դա փաստորեն ոչ թե լրագրողների ազատությունները սահմանափակող, այլ իրավական գործընթացներից նրանց անվտանգությունը ապահովող մարմին է»:
Այցելության մասնակիցները ծանոթացան նաեւ Գերմանիայում լրագրողների` տեղեկություն ստանալու իրավունքից օգտվելու հետաքրքրական ձեւերից մեկին: Լրագրողական մի քանի կառույցներ համախմբվել են եւ ստեղծել «Պրեսե կոնֆերենս» (մամուլի ասուլիս) կազմակերպությունը: Կազմակերպությանն անդամակցում են Գերմանիայի առաջատար բոլոր լրատվամիջոցների եւ Բեռլինում հավատարմագրված արտասահմանյան լրատվամիջոցների 3000 ներկայացուցիչներ: Կազմակերպության հիմնական իմաստն այն է, որ շաբաթական երեք անգամ գերմանական առաջատար բոլոր նախարարությունների խոսնակները, այդ թվում եւ կառավարության խոսնակը կազմակերպության դահլիճում լրագրողներին հաշվետվություն են ներկայացնում իրենց գերատեսչության կատարած աշխատանքի մասին, լրագրողներն էլ կարող են լրացուցիչ հարցեր ուղղել կառավարության ներկայացուցիչներին: «Բնականաբար նախարարություններն այդքան էլ գոհ չեն դրանից, ասաց պրն Նավասարդյանը, սակայն կառավարությունը, հարգելով լրագրողներին եւ լրատվամիջոցներին, հասկանալով, որ նրանց հետ չի կարելի հարաբերություններ փչացնել, համաձայնել է»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը մեկ անգամ եւս համոզվել է, որ լրագրողական դաշտում հաջողությունների կարելի է հասնել միայն միասնական աշխատանքի միջոցով: Նրա տպավորությամբ` այցի մասնակիցները եւս ոգեւորված են իրենց տեսածով եւ հույս ունեն, որ համապատասխան ուսումնասիրություններից հետո Հայաստանում եւս կկարողանան լրագրողների ինքնակազմակերպման համար նպաստավոր մոդել ստեղծել եւ ցանկալի արդյունքների հասնել:
Դաշտում համապատասխան մթնոլորտ ձեւավորելու համար այցի մասնակիցները երկօրյա սեմինար կկազմակերպեն եւ լրագրողներին կներկայացնեն իրենց տեղեկություններն ու տպավորությունները: «Բազմաթիվ խնդիրներից հետո, որ վերջին տարիներին ունեցել են մեր լրատվամիջոցները, բոլորն էլ գալիս են այն եզրահանգման, որ հնարավոր չէ խոչընդոտները հաղթահարել առանց միավորման», համոզված է պրն Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիա այցին, ապա սրա նպատակը մասնակցությունն էր Թերթերի համաշխարհային ընկերակցության ամենամյա երկու միջոցառումներին` Խմբագիրների համաշխարհային ֆորումին եւ Թերթերի համաշխարհային կոնգրեսին: Ընկերակցությունը գործում է դարասկզբից, սակայն մեծ ակտիվություն է ցուցաբերում հատկապես վերջին 20 տարիներին: Այդ միջոցառումների հիմնական նպատակը լրատվամիջոցների բնագավառում բիզնեսի զարգացումն է: Ընկերությունները, որոնք նոր տեխնոլոգիաների ներդրման, շուկայում նոր ռազմավարության մշակման, լսարանի ընդլայնման բնագավառներում հաջողության են հասել, ներկաներին ներկայացնում են իրենց փորձը: Ամեն անգամ 1000-ից ավելի մասնակից է լինում այս միջոցառումներին: Այս տարի Հայաստանից ներկա էին Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Վարդան Ալոյանը: Յուրաքանչյուր մասնակից պետք է վճարի բոլոր ծախսերը, սակայն ընկերակցության անդամների համար զեղչային համակարգ կա: Հայաստանում Վարդան Ալոյանի նախագահությամբ գործում է Հայաստանի թերթերի խմբագիրների եւ հրատարակիչների ընկերակցությունը: Սա այն կազմակերպությունն է, որը պետք է Հայաստանում Թերթերի համաշխարհային ընկերակցության կոնտակտային կետը լինի: Բորիս Նավասարդյանը հույս ունի, որ եթե ոչ այս, գոնե մյուս տարի հայկական ընկերակցությունը նորացված եւ հզորացած տեսքով կկարողանա ներկայանալ Թերթերի համաշխարհային ընկերակցությանը:
Հայերի մասնակցության աջակցությունը ցուցաբերել էր Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի Հանուն գլոբալ խաղաղության կենտրոնը: Բնականաբար, Ստամբուլում հայ լրագրողների ներկայությունը չէր կարող սահմանափակվել միայն այս միջոցառումներին մասնակցությամբ: Այցելության ընթացքում «Սի-Էն-Էն-Թուրք» հեռուստաընկերության եթերում հանդիպում է եղել «Հյուրիեթ» եւ «Ռեֆերանտ» թերթերի ներկայացուցիչների եւ Վարդան Ալոյանի ու Բորիս Նավասարդյանի միջեւ: Քննարկման հիմնական թեման հայ-թուրքական սահմանի բացումն էր, Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու հեռանկարները: «Ողջ ինֆորմացիան պետք է թուրքական եւ հայկական մամուլում քննարկման առարկա դառնա, համոզված է Բորիս Նավասարդյանը: Պարզ է, որ սահմանի բացումը նորմալ երեւույթ է, բայց կան եւ խնդիրներ, որոնք պետք է մամուլում հենց քննարկվեն որքան հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակով, որպեսզի նախ հանրությունը հասկանա դրա հետեւանքները եւ կարողանա գիտակցաբար գնալ այս կամ այն քայլին: Երեւի թե սա է լրագրողների կարեւոր առաքելությունն այսօր»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ