2004 թ. մայիսին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արաբերենով լույս տեսավ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի հերթականՙ չորրորդ աշխատությունը: Ընթերցողին հիշեցնենք, որ Էմիրություններում վերջին երեք տարիներին լույս տեսած դեսպանի նախորդ գրքերը վերաբերում են հայ-արաբական հարաբերությունների պատմությանը, Արեւելքի պատմության եւ մշակույթի ուսումնասիրություններին, ինչպես նաեւ իսլամին, նրա տարածման մեթոդներին եւ ժամանակաշրջաններին: Դեսպանի նոր գիրքը, որը վերնագրված է «Քրդերի ծագման հիմնախնդիրն արաբական աղբյուրներում», տպագրել է Էմիրությունների ամենահեղինակավոր կենտրոններից մեկըՙ «ԱՄԷ գիտահետազոտական եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը»:
7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արաբամահմեդական արշավանքների ժամանակ արաբները տարածաշրջանում բախվեցին քրդական գործոնի հետ, որը մեծ դեր խաղաց արաբական պատմության մեջՙ արաբական խալիֆայությունների ժամանակաշրջանում եւ հատկապես Աբբասյան խալիֆայությունում 10-11-րդ դդ.: Այդ շրջանում զգալի էին քաղաքական, տնտեսական եւ մշակութային ակտիվ հարաբերություններն արաբների եւ քրդերի միջեւ:
Հեղինակը նշում է, որ 7-րդ դ. 30-40-ական թթ. արաբական արշավանքներից հետո զգալիորեն մեծացավ արաբների հետաքրքրությունը խալիֆայության հպատակ ժողովուրդների նկատմամբ: Այդ շրջանի արաբալեզու սկզբնաղբյուրները բացի խալիֆայության ռազմաքաղաքական անցուդարձերի եւ աշխարհագրական նկարագրություններից, նաեւ հպատակ որոշ ժողովուրդների էթնիկական ծագումն ու ձեւավորումը մեկնաբանելու փորձեր են կատարել: Այդ երեւույթը պատահական չէր եւ բխում էր արաբական խալիֆայության ընդհանուր քաղաքականությունից: Քրդերի ծագումնաբանական հարցում միջնադարի մահմեդական գրեթե բոլոր հեղինակները դիմել են նաեւ Աստվածաշնչի եւ դիցաբանական ավանդությունների նյութերին:
Քրդերի ծագման հիմնահարցը ողջ մահմեդական միջնադարում իր վրա է հրավիրել արաբալեզու հեղինակների ուշադրությունը, որը մասամբ կապված էր այն հանգամանքի հետ, որ քրդերը, ապրելով աշխարհագրական լեռնային բարդ պայմաններ ունեցող հսկայական տարածքներում, ակտիվ դեր էին խաղում խալիֆայության ռազմաքաղաքական կյանքում:
Գրքում նշվում է նաեւ, որ քրդերի էթնոգենեզի հիմնախնդիրը լուսաբանելու բնագավառում վաղ միջնադարից արաբ հեղինակները սկսել են «քուրդ» էթնոնիմի բացատրությունից: Միջնադարում արաբալեզու հեղինակները շրջանառության մեջ են դրել քրդերի արաբական ծագման վարկածը, որը մեծ տարածում գտավ հատկապես եզդիական համայնքում: Քրդերի արաբական ծագումն իր բազմազան տարբերակներով տարածվեց նաեւ հայտնի քուրդ Այյուբիների վրա (1169 թ. մինչեւ 15-րդ դ. վերջը): Հայտնի է, որ Այ-յուբյան դինաստիան, ի դեմս Սալլահ ադ Դինի, չափազանց ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն ծավալեց մահմեդական դարաշրջանում եւ փառաբանվեց հատկապես խաչակիրների դեմ պայքարում:
Գրքում հեղինակը ներկայացնում է նաեւ քրդերի իրանական ծագման վարկածը:
Արշակ Փոլադյանի աշխատությունն ունի աղբյուրագիտական մեծ արժեք եւ յուրահատուկ ներդրում է քրդագիտության եւ արաբագիտության բնագավառներում: Հեղինակն առատորեն օգտվել է ոչ միայն միջնադարի արաբ հայտնի պատմիչների հեղինակավոր աշխատություններից, այլեւ հայ, խորհրդային եւ արեւմտյան հետազոտողների ուսումնասիրություններից:
ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտ