Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն իսկական հայտնագործություն է դարձել ռուսական ուղղափառ եկեղեցու կրթության բաժնի երիտասարդ աշխատակից հայր Դանիելի համար. «Առաջին անգամ երեք տարի առաջ կարդացի «Նարեկը» Մարգարիտա Դարբինյանի թարգմանությամբ եւ այդ պահից ուղղակի հիվանդացա Նարեկացիով ու վախենամՙ այդ հիվանդությունն ավարտվի մահվանս հետ միայն»: Միայն այս խոստովանությամբ չի արտահայտվում հայր Դանիելի «Նարեկով» ու Նարեկացիով խորապես տպավորված լինելը: Նա նախաձեռնել եւ «Ցենտրալ պարտներ - շիպ» ընկերության, ռուսական ուղղափառ եկեղեցու կրթության բաժնի աջակցությամբ սկսել է Նարեկացու եւ «Նարեկի» մասին ֆիլմ նկարահանել: Սկզբնական նպատակը եղել է հեռուստահաղորդում պատրաստելը, սակայն աշխատանքի ընթացքում պարզվել է, որ հնարավոր է մեկ ժամանոց ֆիլմ պատրաստել, քանի որ կա համապատասխան նկարահանված նյութը եւ աշխատանքի հենց սկզբից շատերն են ընդառաջել ու պատրաստակամորեն իրենց մասնակցությունը բերել ֆիլմի վերջնական պատրաստմանը: Հայր Դանիելի հավաստմամբ, մարդկանց մի մեծ խումբ է աշխատելՙ սկսած լեզվաբան-գրականագետներից մինչեւ հոգեւորական ու պատմաբան, մինչեւ հեռուստատեսության մասնագետներ:
Ֆիլմը միավորել է Ռուսաստանում եւ Հայաստանում ապրող տարբեր մասնագետներիՙ Սեն Արեւշատյան, Կիմ Բակշի, Մարգարիտա Դարբինյան, Միլվեր Մելքումյան, Բորիս Միկուշեւիչ եւ այլոց: Հեռուստաֆիլմի սցենարը գրել է «Ռադիո Ռոսսիի»» լրագրող Դիանա Մկրտչյանը, ռեժիսորի աշխատանքն ստանձնել է «Մոնարք պրոդաքշըն» ստուդիայի ռեժիսոր Արման Երիցյանը: Նույն ստուդիայում էլ ընթանում են մոնտաժի եւ ֆիլմը վերջնական տեսքի բերելու աշխատանքները:
Սակայն ինչպես ասում է հայր Դանիելը. «Ֆիլմի ճակատագիրը դեռ որոշված չէ, բայց ինչպես պարզվեց ռուսական ուղղափառ եկեղեցու կրթության բաժնում տեղի ունեցած քննարկումից, ֆիլմը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ այնտեղ շատ քչերը գիտեն, թե ով է Գրիգոր Նարեկացին եւ ինչ է «Նարեկը»: Մինչդեռ Նարեկացին մեկն է, ով վաղուց արդեն իրապես անցել է ազգայինի, հոգեւորի ու կրոնականի բոլոր սահմանները եւ, քրիստոնեության գանձարանը մեծապես հարստացնելով, դարձել ողջ մարդկության սեփականությունը»:
Հենց սա էլ հեղինակը փորձել է արտահայտել, ներկայացնել դիտողին առայժմ աշխատանքային «Գրիգոր Նարեկացի. ժամանակ եւ հավերժություն» անվանումը կրող ֆիլմում: Ու քանի որ հավերժությունն ու ժամանակն իր մեջ կրող Նարեկացու խորահայաց մտքերն անգամ իր ժամանակակիցներից շատերի համար են ոչ լրիվ ընկալելի եղել, հայր Դանիելը գտնում է, որ ֆիլմը հաջողված կհամարվի, եթե այն, բացի ուղղակի տեղեկացնելուց, ստիպի, ցանկություն առաջացնի «Նարեկն» ընթերցելու:
Ֆիլմի հեղինակն ինքը «Նարեկը» կարդում է մշտապեսՙ հնարավորինս բացահայտելու Նարեկացու խորահայեցության նրբությունները, եւ «բացի այդ «Նարեկը» մարդուն կառավարող այն կանոններից է, որն ունակ է ներքին տվայտանքների ու տագնապների տակ կքած յուրաքանչյուր մտածող մարդուն հավասարակշռելու»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ