Թեեւ այս օրերին ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, սակայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներն էլ պակաս հետաքրքրական չեն: Առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Միկայի» եւ «Փյունիկի» միջեւ անցավ հետաքրքրական ու դիտարժան պայքարում եւ մինչեւ վերջ լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին: Դա ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների արդեն 5-րդ հանդիպումն էր, ուստի թիմերը քաջատեղյակ էին միմյանց հնարավորություններից: Առաջին իսկ րոպեներից խաղադաշտում համառ ու անզիջում պայքար ընթացավ: Արդեն 8-րդ րոպեին «Փյունիկի» գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Էդգար Մանուչարյանը: Սակայն «Միկան» պարտքի տակ չմնաց, եւ 7 րոպե անց Շահգելդյանը գեղեցիկ գոլ խփեց: Առաջ անցնելով նշենք, որ Շահգելդյանն այս խաղում իրեն գերազանց դրսեւորեց: Նա մեծ ծավալի աշխատանք կատարեց եւ, անկասկած, լավագույնն էր «Միկայում»: Հիշարժան էր 4-րդ րոպեին նրա հուժկու հարվածը: Եվ միայն դարպասի ձողը փրկեց «Փյունիկին»: Իսկ 2-րդ խաղակեսի սկզբին Շահգելդյանը, իրացնելով 11 մ հարվածը, առաջ մղեց «Միկային»: Ցավոք, հաշվի մեջ առաջ անցնելով, «Միկայի» ֆուտբոլիստներն ամբողջ թիմով նահանջեցին եւ փորձում էին պահպանել հաղթական հաշիվը, ինչը նրանց այդպես էլ չհաջողվեց: 64-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը հավասարեցրեց հաշիվը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի (2-2), ինչը հնարավորություն տվեց թիմերին պահպանելու իրենց առաջատար դիրքերը:
Երկրորդ շրջանն ավելի հաջող է սկսել «Արարատը», որը կրկին հանդես է գալիս մարզասերներին հոգեհարազատ անվամբ: Սեփական հարկի տակ արարատցիները 2-0 հաշվով պարտության մատնեցին «Շիրակին», որն ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս: Ընդամենը 3 րոպեի ընթացքում «Արարատը» 2 անգամ 11 մ հարվածի իրավունք ստացավ եւ երկու դեպքում էլ Բլագոեւիչի հարվածները հասան նպատակին: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» տեղափոխվեց 3-րդ հորիզոնականՙ շրջանցելով «Դինամո-Զենիթին»: Վերջինս «Բանանցի» հետ արտագնա խաղում իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ: «Բանանցը» խաղային եւ տարածքային բացահայտ առավելություն ուներ, սակայն բավական ժամանակ չէր կարողանում այն վերածել գոլերի: Մի քանի անգամ դինամոյականներին օգնության եկավ դարպասի ձողը, մի շարք դրվագներում էլ հաջող խաղաց դարպասապահ Էդիկ Երիցյանը: Միայն 81-րդ րոպեին վերջապես Պոդգայնին դիպուկ հարվածով գրավեց դարպասը: Իսկ մեկ րոպե անց Սամվել Մելքոնյանն ամրապնդեց «Բանանցի» հաղթանակը (2-0):
Բավական սրվեց իրավիճակը մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում, որին նպաստեց «Կոտայքի» հաղթանակը «Կիլիկիայի» նկատմամբ: Փոխադարձ համաձայնությամբ «Հրազդանում» կայացած խաղի ելքը վճռվեց վերջին 11 րոպեներին: Նախ 79-րդ րոպեին կոտայքցի Գոռ Միրզախանյանն իրացրեց 11 մ հարվածը, ապա 10 րոպե անց Սամվել Պետրոսյանը 2-րդ գնդակը խփեց: «Կոտայքն» առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց: Այս տուրն ավելի խորացրեց աղյուսակում գոյացած շերտավորումը: 5-րդ եւ 6-րդ տեղերի միջեւ միավորների տարբերությունը հասավ 6-ի: Իսկ դա նշանակում է, որ արդեն ուրվագծվել է լավագույն հնգյակը, որը պայքար կմղի մրցանակային տեղերի համար:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 8 | 5 | 3 | 0 | 19-9 | 18 |
2. Միկա | 9 | 5 | 2 | 2 | 14-11 | 17 |
3. Արարատ | 9 | 4 | 3 | 2 | 13-11 | 15 |
4. Բանանց | 8 | 4 | 2 | 2 | 10-7 | 14 |
5. Դ..-Զենիթ | 9 | 3 | 4 | 2 | 12-12 | 13 |
6. Կիլիկիա | 9 | 2 | 1 | 6 | 8-14 | 7 |
7. Շիրակ | 9 | 1 | 3 | 5 | 10-15 | 6 |
8. Կոտայք | 9 | 1 | 2 | 6 | 8-15 | 5 |
Ռմբարկուները
Գալուստ Պետրոսյան «Փյունիկ» | 6 |
Արմեն Շահգելդյան «Միկա» | 6 |
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ» | 5 |
Նշան Էրզրումյան «Փյունիկ» | 5 |
Երվանդ Հակոբյան «Շիրակ» | 4 |