Ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսական միջոցներով վերակառուցված Դիլիջան-Իջեւան ճանապարհի երկու հատվածներ քանդվել են: Ճանապարհը ձգվում է Սպիտակ ջուր գետի հոսանքի հարեւանությամբ: Այս տարի տեղացած աննախադեպ անձրեւների հետեւանքով գետի ջրերը բարձրանում, ավելի արագ են հոսում եւ հոսանքի հետ տանում ճանապարհները: Սակայն ճանապարհի երկու հատվածները քանդվել են ոչ թե հեղեղներից, այլ շինարարության անորակության եւ սողանքային գոտիների նախնական ուսումնասիրություն չանցկացնելու պատճառներով: Հայաստանում վերջին անգամ սողանքային գոտիների ուսումնասիրություն կատարվել է 15-20 տարի առաջ:
Դիլիջան-Իջեւան ճանապարհի քանդված երկու հատվածներում երթեւեկությունը կանգ չի առել, սակայն շարունակում է մնալ վտանգավոր, քանի որ ամբողջական քանդվելու դեպքում կարող է դառնալ մարդկային կորուստների պատճառ: