ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա աշխատանքային այցով ԱՄՆ -ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը հունիսի 14-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ:
Ինչպես հայտնեցին ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները հատուկ քննարկել են ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի մասնակցությանն առնչվող խնդիրներ, շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության զարգացման համար: Նույն օրը նախարար Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խարհրդական Կոնդոլիզա Ռայսի եւ նրա տեղակալ Ս. Հեյդլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային անվտանգությանը, Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախարար Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մ. Ռիկարդելի, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Է. Ջոնսի, ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի գծով օգնականի պաշտոնակատար դեսպան Մ. Կոզակի հետ:
Վ. Օսկանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ կանգնած խնդիրների եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ ելույթ է ունեցել ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում (CSIS), որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Հունիսի 15-ին նախատեսված են հանդիպումներ ամերիկյան կոնգրեսականների եւ սենատորների, ինչպես նաեւ ամերիկահայ մի շարք կազմակերպությունների եւ ամերիկյան մամուլի ներկայացուցիչների հետ: