«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ

Գրում է ադրբեջանական «Էխո» թերթը

Բաքվի «Էխո» օրաթերթը, վկայակոչելով բրիտանական ազդեցիկ «Օբզերվեր» պարբերականը, երեկվա իր համարում գրում է, որ ԱՄՆ-ը ձերբակալված ահաբեկիչներին տեղափոխում եւ պահում է Ադրբեջանի մայրաքաղաքի բանտում:

«Օբզերվերը» գրում է, որ բացի Բաքվից, ամերիկացիներն ահաբեկիչներին պահում են Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Հորդանանի, Մարոկկոյի, Եգիպտոսի բանտերում, ինչպես նաեւ Գուանտանամոյում (Կուբա): Վերոնշյալ երկրների բանտերում պահվում են ավելի քան 3 հազար կալանավորներ, որոնք կասկածվում են ահաբեկչական «Ալ Ղաիդա» կազմակերպության հետ կապերի մեջ:

Ծայրահեղական «Հիզբ ութ Թահրիր» կազմակերպության ինտերնետային էջում եւս պնդվում է, թե ԱՄՆ-ը ահաբեկիչներին ուղարկում է Բաքուՙ հատուկ ծառայությունների կենտրոն («Էխոն» կարծում է, որ հատուկ ծառայությունների կենտրոնը Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանն է):

«Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էլդար Զեյնալովը կասկածանքով է վերաբերվում բրիտանական թերթի տեղեկատվությանը: Նրա ասելովՙ Բաքվի իշխանությունները ձերբակալել եւ ԱՄՆ-ին են հանձնել 32 անձանց, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ: «Ադրբեջանում չկա ամերիկյան բանտ: Մեր մոտ գրանցվում են գաղտնի բանտարկության դեպքեր: Մինչեւ օրս ադրբեջանական իշխանությունը հայտարարում է, թե արտերկրի պետություններին են հանձնվել 32 կասկածյալներ: Ադրբեջանի հասարակությանը հայտնի չէ այդ ահաբեկիչներից եւ ոչ մեկի անունը: Ահա եւ այս փաստը բրիտանական թերթն ընդունել է իբրեւ Ադրբեջանում ամերիկյան բանտի առկայություն», ասել է Զեյնալովը:

«Էխո» թերթն ակնարկում է, որ «Օբզերվերի» տեղեկությունը կարող է ճշմարիտ լինել, եւ բերում է այլ փաստեր: Օրերս Հնդկաստանի անվտանգության ծառայության մի աշխատակից Դելիի «Թելեգրաֆ» թերթում պնդում է, որ հայտնի ահաբեկիչ Դաուդ Իբրահիմն ուզում է տեղափոխվել Ադրբեջան: Վերջինս սերտ կապերի մեջ է ահաբեկչական «Ալ Ղաիդա» եւ «Լաշքյարե թոիբա» կազմակերպությունների հետ եւ թաքնվում է Պակիստանում: «Թելեգրաֆը» գրել էր, թե Ադրբեջանը եւ, որոշ վերապահումներով, Ինդոնեզիան «պատրաստ են դռները բացել» հայտնի ահաբեկիչ Իբրահիմի առջեւ:

Վերջերս Նյու Յորքում գտնվող «Արտաքին գործերով ամերիկյան խորհուրդ» կազմակերպությունն առաջարկեց մինչեւ հունիսի 30-ը Իրաքի շիա ապստամբների առաջնորդ Մուքթադա ալ Սադրին արտաքսել Ադրբեջան:

Ահաբեկիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների հետ այս կամ այն կարգի համագործակցությունը նոր երեւույթ չէ պաշտոնական Բաքվի համար: «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» հակամարտությունների եւ միգրացիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Արիֆ Յունոսովը պնդում է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը Աֆղանստանից վարձեց 2500 մոջահեդների: Յունոսովը նշում է, որ վարձկաններից առնվազն 400-ը պատերազմից հետո մնացին Ադրբեջանում, մյուսները շարունակեցին կռվել Չեչնիայում եւ Հարավսլավիայում:

Ամերիկյան ազդեցիկ «Ուոլ սթրիթ ջոռնալը» 2002 թ. օգոստոսի 2-ին մանրամասնորեն նկարագրեց աշխարհի թիվ 2 ահաբեկիչ Այման ալ Զաուաուհիրի Բաքվում անցկացրած ամիսները: Ամերիկյան դատարանում հաստատվել է, որ 1998 թ. Քենիայում եւ Տանզանիայում Ուսամա բեն Լադենի ղեկավարությամբ իրագործված ահաբեկչությունները ԱՄՆ դեսպանատների նկատմամբ համակարգվել է Բաքվից:

Ադրբեջանական ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլը պնդում են, որ Բաքուն համագործակցել է քրդական PKK-ի հետ: Մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին, «Մուսավաթ» կուսակցությունը ցույց էր կազմակերպել եւ Բաքվի իշխանություններին հորդորում էր դադարեցնել համագործակցությունը քուրդ ահաբեկիչների հետ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4