Ազգային պարերի փառատոն
Մամուլի ազգային ակումբը վերսկսել է «Հոգեւոր Հայաստան» շարքի հանդիպումները, որոնց շրջանակում երեկ ակումբը հյուրընկալել էր ՀՀ պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանին եւ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանին: Առիթն այսօր մարզահամերգային համալիրի համերգային սրահում ընթացող Վանուշ Խանամիրյանի անվան ազգային պարի փառատոնն է, որը կազմակերպվել է ՀՀ պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ: Նախորդել է ժյուրիի անդամների եւ անձամբ Վանուշ Խանամիրյանի մարզերում կատարած երկամսյա շրջայցը, որի ընթացքում հանրապետության 9 մարզերից ընտրվել է պարի 40, մայրաքաղաքիցՙ 36 անսամբլ: Մասնակից 76 անսամբլներից յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական հայկական ժողովրդական կամ ազգագրական պար եւ գնահատվելու երկու չափանիշովՙ կատարողական ու բեմադրական: Յուրաքանչյուր տարիքային խմբում, իսկ դրանք երկուսն ենՙ 8-14 եւ 15-22, լինելու է մրցանակային 3 տեղ, լավագույնին տրվելու է մեկ մեծ մրցանակ: Ընդհանուր 7 հուշանվեր-մրցանակների արժեքը 2000 ԱՄՆ դոլար է, վճարել է պետական ֆիլհարմոնիան, ինչի համար շնորհակալություն հայտնելով կազմակերպիչները փաստեցին, որ այլ աջակցություն չի եղել: Ժյուրին լինելու են Սուրեն Գյանջումյանը, Վիլեն Գալստյանը, Սրբուհի Բարայանը, Սոֆի Դեւոյանը եւ, իհարկե, Վանուշ Խանամիրյանը: Նրանք աշխատելու են հավասար ձայնի իրավունքով: Մեկօրյա փառատոնի շարունակությունը լինելու է օգոստոսինՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակում եւ տրվելու է գալա-համերգ:
Հայկական պարի մշակման ու մատուցման գործում ծանրակշիռ վաստակ ունեցող Վանուշ Խանամիրյանը նախ համեստորեն շնորհակալություն հայտնեց փառատոնն իր անվամբ կոչելու համար, ապա վստահություն հայտնեց, որ ողջ աշխատակազմի ջանքերին սիրով գումարել է սեփականը փառատոնի կայացման համար, քանի որ դա էլ վերջին ժամանակահատվածում զանազան օտար ազդեցություններով վտանգվող հայկական ժողովրդական ու ազգագրական պարերի անաղարտությունը պահպանելու հնարավորություն է: Խանամիրյանն ու Գյանջումյանը ցավով նշեցին, որ Հայաստանում չափազանց անջատ են գործում պարարվեստի մասնագետները, ինչը դառնում է ոլորտի ջլատման պատճառ, եւ որպես հետեւանք այսօր քիչ է ասել նկատելիորեն իջել է համույթների կատարողական մակարդակըՙ հատկապես մարզերում: Ընդգծելով, որ ուժերի կենտրոնացմամբ համատեղ աշխատելն արդեն դարձել է օրվա անհրաժեշտություն, բանախոսները հայտնեցին, որ իրենց շրջայցի ընթացքում հասցրել են մարզերում ստեղծել պարարվեստի գործիչների միության մասնաճյուղեր, ինչը պետք է որ նպաստի աշխատանքների կազմակերպման արագությանը, արդյունավետությանը եւ մշտական կապի առկայությանը:
Թեեւ Խանամիրյանի եւ Գյանջումյանի կարծիքով պարարվեստով զբաղվողների մեծ մասը հեռու է արհեստավարժ լինելուց, սակայն բնական օժտվածությունն ինչ-որ չափով օգնում է կադրերի ապահովման խնդրում, իսկ պարարվեստին երեխայի առաջին առնչությունը պետք է անպայման սկսվի ազգայինից, համոզված են երկու վարպետները, որպեսզի եկող ցանկացած ժամանակակից հոսանք, այլ ազգերի պարեր, նորաձեւության գայթակղություն չկարողանան խարխլել մտածողությունը: Սա պարային որեւէ ուղղվածության մերժում չէ, եւ «Խանամիրյան Վանուշը երբեք չի ուզում աշխարհից հետ մնալ, աշխարհն արդեն շուռ է եկել, ռիմթերը փոխվել են, նպատակն ամեն ինչ իր տեղում դնելն է»: Պարարվեստի ողջ դաշտը մասնագիտորեն վստահելի դարձնելու նպատակով միությունն ընդլայնելու է իր գործունեությունը, եւ հետագայում փառատոնում ընդգրկելու է մեր երկրի ազգային փոքրամասնությունների պարարվեստը, կատարման մակարդակը բարձրացնելու ջանքեր չի խնայելու:
Հատուկ աշխատանք է տարվելու տարազների ճիշտ ու համապատասխան ընտրման համար, եւ հաջորդ փառատոնում դա էլ դառնալու է գնահատման երրորդ չափանիշը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ