«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 15 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովի «Գազետա» պարբերականի խմբագրությունը Ֆիլիպ Կիրկորովի դեմ դատական հայց է ներկայացրելՙ նրան մեղադրելով թերթի թղթակից Իրինա Արոյանին վիրավորելու համար:

Հյուրախաղերի ժամանակ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Իրինա Արոյանը Ֆիլիպ Բեդրոսովիչին հարցրել է, թե ինչու են նրա ծրագրերում մեծ տեղ գրավում օտար հեղինակների երգերի մշակումները:

Հարցը դուր չի եկել քմահաճ երգչին, եւ նա ի պատասխան հայհոյել է այնպես, ինչպես կարող է հայհոյել, ասենք, մետրոյի կայարանում ողորմություն խնդրող հարբեցողը: Իսկ հյուրանոցի միջանցքում լրագրողի վրա հարձակվել են «անհայտ» մարդիկ եւ կոտրել խմբագրությանը պատկանող ձայնագրիչը: Իրինա Արոյանը ասում է նաեւ, որ ինչ-որ անծանոթ մարդիկ զանգահարում են իրեն, հայհոյում եւ սպառնում վրեժխնդիր լինել:

Իրինա Արոյանի նկատմամբ սպառնալիքը միակը չէ Կիրկորովի «թիմի» կողմից: Նման դեպքեր են տեղի ունեցել նաեւ այլ լրագրողների հետ: Հեռուստակայաններից մեկը դադարեցրել է նրա երգերի հեռարձակումները, մյուսըՙ հրաժարվել տեսագրելուց: Իսկ թերթերից մեկն իր հոդվածը վերնագրել է հետեւյալ կերպՙ «Ֆիլիպ Կիրկորովին այլեւս ոչ ոք չի սիրում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4