«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2004-06-12 | #109, 2004-06-15 | #110, 2004-06-16


«ԱՐՏԻԿՈՆ» ՍՈՍԿ ՌԵՍՏՈՐԱՆ ՉԷ

Մոսկվայի հայկական ռեստորանների մեջ «Արտիկոն» թերեւս այն քչերից է, որ ծնունդ առնելով Ռուսաստանի «անկախությունից» հետո, անխափան գործում է նոր կենսապայմաններում: Իսկ ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ խորհրդային բանակի պաշտոնաթող սպա Արթուր Բաղրյանը ձեռնարկեց մի գործ, որից, բնականաբար, գաղափար անգամ չուներ: Երեւի միայն համառ ղարաբաղցին կփորձեր ռեստորան (այն էլ ազգային) կառուցել քաղաքի ծայրամասումՙ մեծ օղակաձեւ ճանապարհի այն ժամանակ լրիվ «անմարդաբնակ» տեղամասերից մեկում: Իսկ այսօր «Արտիկոն» իր 10-ամյակը նշում է որպես Ռուսաստանի մայրաքաղաքի հայության ամենաճանաչված ու սիրված օբյեկտներից մեկը: Այն իրոք սոսկ ռեստորան չէ. հանդիպավայր է, զրուցավայր, հանգստավայր բազում հայրենաբաղձ հայերի համար, լինեն նրանք մոսկվացի թե հայտնված այստեղ տարածաշրջանի խելահեղ իրադարձություններից հետո: Մտնում ես միջնադարյան ամրոց հիշեցնող կառույցը եւ հայտնվում... հնաոճ հայկական քարվանսարայում: Հնչում է հոգեհարազատ հայկական մեղեդին, ու դու վայելում ես տոլման, խորովածը, մածունը, թանը, ջերմուկը, թթի օղին... Բայց սա դեռ ամեն ինչ չէ: Արթուր եւ Գայանե Բաղրյանների ներկայիս բարգավաճ ֆիրմայի գեղատեսիլ անկյուններից մեկում հառնել է գողտրիկ հայաքար մի մատուռ, որը տեղի հայերին հնարավորություն է տալիս նշելու կնունք, հարսանիք, ծնունդ եւ զանազան կրոնական ու աշխարհիկ տոներ: Հետո քո տրամադրության տակ է «Արտիկոն»: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանի օրհնությամբ եկեղեցին մշտապես գործում է արդեն երեք տարի:

Առհասարակ իր հայ լինելը, հայասիրությունն Արթուր Բաղրյանը հաստատում է ոչ միայն Մոսկվայում: Տավուշի մարզում նա կառուցում է շինաքարերի արդյունահանման ու մշակման մեծ գործարան: Երեւանում շուտով կգործի նրա ավտոկենտրոնը:

Այնպես որ, անկախ ամեն ինչից, եթե երբեւէ լինեք Մոսկվայում, անպայման այցելեք «Արտիկո»: Կզգաք ինչպես տանը: Եվ կուզեք նորից լինել այդ այնքան հայկական հարազատ օջախում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4