Մասնակիցները տեղի տվեցին «Մեծ Մերձավոր Արեւելք» ամերիկյան ծրագրին
Հունիսի 16-ին Ստամբուլում ավարտվեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը: Դա կարեւոր էր այն առումով, որ հաջորդել էր Սի Այլենդում գումարված «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որին արաբական մի շարք երկրների հետ հրավիրվել էր նաեւ Թուրքիանՙ քննարկելու համար «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը: Քննարկումները չհանգեցրին ծրագրի հրապարակմանը: Այդ իսկ պատճառով դրա մանրամասներն առ այսօր հայտնի չեն: Սակայն դա չխանգարեց, որ ծրագրին անդրադառնան նաեւ վերոհիշյալ համաժողովի մասնակիցները:
Այլ կերպ, եթե վերոհիշյալ ծրագիրը պաշտոնապես չի ընդգրկվել համաժողովի օրակարգում, ապա ընդգրկված խնդիրներն ուղղակի կամ անուղղակի առնչվել են դրան: Պարզապես այդ մասին ոչ թե հայտարարվել է, այլ ակնարկ է արվել, ինչպես դա արեց թուրքական հանրային հեռուստատեսությունը հենց համաժողովի նախօրյակին: Ենթադրվում է, որ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը կհրապարակվի հունիսի 28–29-ին Ստամբուլում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
«Մեծ ութնյակի» գագաթաժողովին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը, Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների համաժողովի գումարումն ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի նախատեսումը Ստամբուլում վկայում են Թուրքիայի միջազգային հեղինակության մասին: Քանի որ վերոհիշյալ ֆորումների առանցքային խնդիրը «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրն է, իսկ դրանում նկատելի դերակատարությամբ ընդգրկված է Թուրքիան, ուստի նրա հեղինակության աճին պետք է նպաստեն այն միջազգային ուժերը, որոնք իսլամական աշխարհում քաղաքական լուրջ հաշվարկներ են անում թուրքերի դերակատարության վրա:
«Ազգը» հունիսի 15-ի համարում անդրադարձել էր ստամբուլյան համաժողովին եւ կարծիք հայտնել, որ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրով Թուրքիային վերապահվող դերակատարության էությունը ծրագիրը տարածաշրջանի երկրների եւ առհասարակ իսլամական աշխարհին ընդունելի դարձնելն է: Իսկ դա մեծապես պայմանավորված էր Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում թուրքական պետության հետագա ակտիվացմամբ:
Թերեւս այդ առումով պատահական չէր Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրումը: Հունիսի 15-ին կազմակերպության անդամ 56 երկրների արտգործնախարարներից 32-ը քվեարկեցին նրա օգտին: Նա առաջ անցնելով Մալայզիայի եւ Բանգլադեշի թեկնածուներից, ստանձնեց նշված պաշտոնը: Այսպիսով արդարացան Թուրքիայի հույսերը:
Թուրքիան միաժամանակ համաժողովից ակնկալում էր Կիպրոսի թուրքական հատվածի կարգավիճակի բարձրացումը: Համաժողովը նրան ընդառաջեց նաեւ այդ հարցում, ընդառաջելով միաժամանակ Իրանին, Սիրիային եւ դատապարտեց Իսրայելին: Հարցը, սակայն, սոսկ Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ընդառաջումը կամ Իսրայելի դատապարտումը չէ, այլ այս ամենի արձանագրումն Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի հռչակագրում, որտեղ, թուրքական «Վաքիթ» թերթի տվյալներով, նշվում է.
«Համաժողովը որոշում է, որ Կիպրոսի թուրքական հատվածն Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում այսուհետեւ ներկայացվի «Կիպրոսի թուրքական պետություն» անվամբ»:
«Պաշտպանում է Թուրքիայի թեկնածությունը» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցության հարցում:
«Մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացի խափանման համար պատասխանատու է համարում Իսրայելին»:
«Գոհունակությամբ է ընդունում Իրաքում ՄԱԿ-ի որոշմամբ ժամանակավոր կառավարության կազմավորումն ու պահանջում է պատասխանատվության ենթարկել իրաքցի կալանավորների նկատմամբ բռնարարքներ իրականացնողներին»:
«Կոչ է անում ԱՄՆ-ինՙ վերանայել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը»:
«Հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համաձայնագիրը եւ կոչ է անում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներին ստորագրելու»:
Հռչակագրի տեքստը դեռեւս չի հրապարակվել: Թուրքական տարբեր թերթեր դա ներկայացնում են տարբեր ձեւով: Բայց որ տեքստում Իսրայելի հետ դատապարտվում է նաեւ Մ. Նահանգները, ընդ որումՙ Սիրիային ու Իրանին ընդառաջելու մղումով եւ բավարարվում են Թուրքիայի երեք պահանջները կապված Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի, ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի թեկնածության եւ Կիպրոսի թուրքական հատվածի հետ, ակնհայտ է:
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան կարողացել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներին համոզել «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործման անհրաժեշտության մեջ, իսկ վերջիններս փոխհատուցման կարգով համաժողովի հռչակագրում Իրանին եւ Սիրիային ընդառաջելիսՙ դատապարտել են ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որպեսզի հանկարծ ամերիկյան ծրագրերին տեղի տալու տպավորություն չստեղծվի: Ի վերջո, գաղտնիք չէ, որ այդ ծրագրերն առաջին հերթին բխում են Իսրայելի շահերից:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ