Աստանայում Ռ. Քոչարյանը մասնակցեց ՀԱՊԿ խորհրդի նիստին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Աստանա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանը տեղի ունեցավ երեկՙ հունիսի 18-ին Աստանայում: Ղազախստանի մայրաքաղաքում էին հավաքվել ՀԱՊԿ անդամ վեց պետություններիՙ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի նախագահները:
Տարածաշրջանային ռազմաքաղաքական այս կազմակերպությունը հիմնվել է 1992 թ., եւ, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարող է լինել հակակշիռ ՆԱՏՕ-իՙ դեպի նախկին Խորհրդային Միության սահմաններ ընդլայնմանը: ՀԱՊԿ-ում ակնհայտ առաջատարը Ռուսաստանն է:
Նախագահներ Վլ. Պուտինը, Ռ. Քոչարյանը, Ալ. Լուկաշենկոն, Ն. Նազարբաեւը, Ա. Ակաեւը եւ Է. Ռահմոնովը մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում (ընդունված է ասել, որ կազմակերպության պատասխանատվության գոտիները երեքն են. կովկասյան (Հայաստան), արեւմտյան (Բելառուս), ասիական (Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան) ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության նոր կառուցվածքի ձեւավորման գործում ՀԱՊԿ դերի եւ նշանակության վերաբերյալ:
ՀԱՊԿ խորհրդի նիստի քննարկման ներկայացվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես 2004-2005 թթ. կազմակերպության գործունեության առաջնահերթությունների, խաղաղարար գործունեության մեխանիզմների ձեւավորման եւ գործարկման հայեցակարգի վերաբերյալ:
ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կա մի կետ, ըստ որիՙ կազմակերպության անդամ երկրի վրա ռազմական ագրեսիան նշանակում է հարձակում մյուս երկրների վրա: Այսպես, եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ապա դա նշանակում է, որ Կիրգիզիան լիազորություններ ունի պաշտպանելու Հայաստանին: Սա, անշուշտ, անհեթեթություն է: ՀԱՊԿ-ն, ըստ էության, մի ամորֆ կառույց է, որն ավելի շատ բավարարում է Ռուսաստանի կայսերական հավակնությունները:
Աստանայում երեկ տեղի ունեցավ մեկ այլ տարածաշրջանային կազմակերպությանՙ ԵՎՐԱՍՏՀ (Եվրասիական տնտեսական համագործակցություն) միջպետական խորհրդի նիստը: ԵՎՐԱՍՏՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան եւ Տաջիկստանը, իսկ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:
Երեկ առավոտյան Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ «Եվրասիական ինտեգրացիա. ժամանակակից զարգացումների եւ գլոբալիզացիայի մարտահրավերների միտումներ» միջազգային ֆորումի բացման արարողությանը: Հայաստանի ղեկավարը նշեց, որ ԵՎՐԱՍՏՀ-ն օգնում է վերականգնել տնտեսական ընդհատված կապերը: Քոչարյանը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել է անցումային փուլին բնորոշ դժվարությունները, երկիրը մտել է կայուն զարգացման փուլ, վերջին երեք տարիների միջին տնտեսական աճը կազմել է 12 տոկոս:
Քոչարյանն իր ելույթում ասաց, որ հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ տարածաշրջանի հանրապետությունների զարգացմանը: «Ինտեգրացիոն գործընթացները մեծ չափով կապահովեն տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը եւ առկա հակամարտությունների կարգավորումը», ասաց նա: