Հայ-գերմանական տնտեսական ֆորում հունիսի 23-ին Բեռլինում
Հունիսի 22-ից 24-ը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Բեռլինում: Վարչապետին ուղեկցում են ՀՀ ֆինանսների եւ տնտեսության նախարար Վարդան Խաչատրյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, հայաստանյան եւ ղարաբաղյան 28 ֆիրմաներ, 4 լրագրողներ:
Աշխատանքային այցի առաջին օրըՙ հունիսի 22-ին Բադեն Վյուրթեմբերգում երկրամասի փոխվարչապետ եւ Բեռլինում ներկայացուցիչ Ռուդոլֆ Քյոբերլեի կողմից պաշտոնական ճաշ կտրվի ի պատիվ հայաստանյան պատվիրակության: Այնուհետեւ նախատեսված են ՀՀ վարչապետի եւ պատվիրակության անդամների հանդիպումները ԳԴՀ արտգործնախարար եւ փոխվարչապետ Յոշկա Ֆիշերի, տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հայդեմարի Վիչորեկ-Ցոյլի, Բեռլինի քաղաքապետ Քլաուս Վովերայթի, Բեռլինի երկրամասի խորհրդարանի նախագահի, Բրանդենբուրգի երկրամասի վարչապետի հետ:
Հունիսի 23-ին տեղի կունենա հայ- գերմանական տնտեսական մեկօրյա ֆորում, որի նպատակը, ինչպես ձեւակերպեց Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, «Հայաստանը որպես հուսալի գործընկեր ներկայացնելն է»: (Սա Բեռլինում անցկացվելիք հայկական երկրորդ բիզնես- ֆորումն է: Առաջինը տեղի է ունեցել 2000 թվականի մարտի 11-ին):
Միջոցառումը տեղեկատվական, ճանաչողական է, որի շրջանակներում խոսք կլինի միասնական ռազմավարության զարգացման մասին: Մեկօրյա ֆորումը կազմակերպել են ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարությունըՙ աշխատանքը համատեղելով Տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ ), Գերմանական արդյունաբերության եւ առեւտրի պալատի, Վերակառուցման դրամատան (KfW), Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի, Գերմանական ներդրումների եւ զարգացման կազմակերպության հետ: 10.30-ից մինչեւ 18.00 ձգվող միջոցառմանը բացման խոսք կասի ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, այնուհետեւ ողջույն կհղի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Հայաստանի տնտեսական արդի կացությունը. լույս ու ստվեր» զեկուցմամբ հանդես կգա Հայկական զարգացման գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը, «Տեխնիկական համագործակցությունը Հայաստանի 21-րդ դարի ուղեկից» բանախոսությամբՙ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ ) մասնաճյուղի ղեկավար Դիրք-Հարթմութ Հոպպեն, «Հայաստան. ներկա իրավիճակը ֆինանսների ասպարեզում» նյութով կբանախոսի ՀՀ ֆինանսների եւ տնտեսության նախարար Վարդան Խաչատրյանը: «Գերմանա-հայկական տնտեսական կապերը եւ դրանց զարգացման հեռանկարները» ելույթով ներկաներին կդիմի Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի կառավարիչ Օլիվեր Վիիքը: «Հայաստան. արդի քաղաքական իրավիճակը եւ եվրոպական ինտեգրացման ուղիները» զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: «Հայաստանի հետ 10-ամյա ֆինանսական համագործակցության փորձառություններն ու ներուժը» նյութով կբանախոսի Վերակառուցման բանկի (KfW) Եվրոպայի բաժնի տնօրեն Լեոն Մակիոշչեկը:
Սուրճի դադարից հետո կլսվի ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի «Հայ-գերմանական համագործակցությունը բանկային համակարգում» վերնագրյալ ելույթը, այնուհետեւ «Երկկողմ կապեր. հնարավորություններ եւ մարտահրավերներ» նյութովՙ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների միության տնօրենների վարչության անդամ Ուլրիխ Դիիտշը: «Հայաստան. մասնավոր բիզնեսի զարգացման հնարավորությունները եւ տրանսպորտային հաղորդակցությունները» վերնագրյալ ելույթով հանդես կգա Հայաստանի գործարարների միության նախագահ եւ «Ապավեն» ընկերության պրեզիդենտ Արսեն Ղազարյանը: Ընդմիջումից հետո առաջին բանախոսը կլինի Մարտին Սարգսյանըՙ «Հայաստանը համաշխարհային առեւտրատնտեսական հարաբերություններում» թեմայով: «Հայաստան. ներդրումների հնարավորություններ եւ նորամուծություններ» վերնագրյալ զեկուցումը կկարդա ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Գերմանացի մի ձեռնարկատիրոջ փորձառությունները Հայաստանում. «Success story» վերնագրյալ նյութով ելույթ կունենա «Cronimet» ՍՊԸ-ի արեւելաեվրոպական մասնաճյուղի ղեկավար Միշայել Ֆոգելը:
Միջոցառման լեզուն գերմաներեն- հայերեն էՙ համընթաց թարգմանությամբ:
Գերմանական տնտեսական պալատի ապակեպատ հսկայածավալ սրահներում Հայաստանը կներկայացվի ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, ոսկերչական եւ ադամանդագործական արտադրատեսակներով, ալկոհոլային խմիչքներովՙ կոնյակ, գինի, գարեջուր, մուրաբաներով ու չոր պտուղների տեսականիով, քարերով:
Հունիսի 24-ին Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի նախագահ Մանգոլդի տված պաշտոնական նախաճաշից հետո ՀՀ պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա