Հայաստանը եւս ամենաաղքատների թվում է
Արեւմուտքի երկրները Վրաստանին 1 մլրդ դոլար տնտեսական օգնություն են հատկացրել երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Լոնդոնի «Ինդիփենդենտ» թերթի տվյալներով, ԱՄՆ-ի, Համաշխարհային բանկի, Վերականգնման ու զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ եվրոպական առանձին երկրների հատկացրած օգնությունը կրկնակի գերազանցում է Վրաստանի իշխանությունների ակնկալիքները:
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան այս կապակցությամբ հայտարարել է, որ օգնության ծավալները վկայում են Արեւմուտքի համար Վրաստանի բարեփոխումների կարեւորության մասին: Նվիրատու երկրների խորհրդաժողովում նա ասել է, թե իր երկիրը կպայքարի չքավորության դեմ, կամրապնդի օրենսդրությունը, կզարգացնի գավառները եւ կներգրավի օտարերկրյա ներդրումներ:
Այս տարվա մայիսին ԱՄՆ-ը Վրաստանն ընդգրկել էր միջազգային օգնություն ակնկալող ամենաաղքատ երկրների ցանկում: Ժվանիան այն ժամանակ ամերիկացիներին շնորհակալություն էր հայտնել դրա համար: Տվյալ ցանկում են հայտնվել նաեւ Բենինը, Կաբո Վերդեն, Գանան, Լեսոտոն, Մադագասկարը, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հայաստանը, Մոնղոլիան, Շրի Լանկան, Վանուատուն, Բոլիվիան, Հոնդուրասը եւ Նիկարագուան: