ԱԺՄ-ի ասուլիսն այդ առնչությամբ
Եթե Լավրենտի Կարապետյանի դատավարությունն ընթանա այս հունով, ապա Հայաստանում կունենանք երկու քաղբանտարկյալ (երկրորդը ոստիկանին հարված հասցրած Էդգար Առաքելյանն է): Այս գաղափարն էր ԱԺՄ վարչության ասուլիսում, որ հրավիրվել էր կուսակցության անդամ Լավրենտի Կարապետյանի հանդեպ սարքված գործը եւ դրա լսման ընթացքում տեղ գտած անհեթեթությունները հրապարակելու համար:
Լավրենտի Կարապետյանին հերթական հանրահավաքից հետո 10 օր վարչական կալանքի տակ պահելուց հետո տասնյակից ավելի ոստիկանների ուղեկցությամբ տարել են տուն, եւ այդ ոստիկանների ու երկու վարժեցված շների միջոցով խուզարկել տունը, չնայած Կարապետյանի կնոջ վիժելու փաստին եւ դրան հաջորդած վատառողջությանն ու ուշաթափությանը, ոչ մի կերպ չեն համաձայնել խուզարկությունը հետաձգելուն:
Ի վերջո, խուզարկման ընթացքում բազմիցս ստուգված ջրի բաքից հայտնաբերել են թմրանյութի կապոց եւ գործ բացել ու քննում են Արմավիրի առաջին ատյանի դատարանում: Նախապես Լավրենտի Կարապետյանին ստիպել են ստորագրել խուզարկության արձանագրությունը: Իսկ արդեն կալանված ժամանակ մատուցված երկու բուտերբրոտներից մեկն ուտելուց հետո Կարապետյանը վատ է զգացել եւ հրաժարվել երկրորդն ուտելուց: Իսկ դրանից հետո անցկացրել են վերջինիս մեզի լաբորատոր զննում եւ հայտնաբերել թմրանյութ, այն դեպքում, երբ Լավրենտի Կարապետյանը ողջ կյանքում չի ծխել:
Այսպես ներկայացնելով Լավրենտի Կարապետյանի կալանման եւ գործի լսման ընթացքը, Վազգեն Մանուկյանը, Ալբերտ Բաղդասարյանը եւ Ալեքսանդր Դուդաեւը համոզմունք հայտնեցին, որ գործն, իրոք, սարքված է եւ հարկ է, որ կալանված Լավրենտի Կարապետյանը ինչպես նաեւ Էդգար Առաքելյանն ազատ արձակվեն, որոնք թեեւ պատասխանատվության են ենթարկվում համաձայն քրեական օրենսգրքի, սակայն գործն իրականում քաղաքական է, քանի որ Կարապետյանին պարտադրում են հեռանալ ԱԺՄ-ից եւ տեղեկություններ հաղորդել, թե ինչ են մտմտում Դեմիրճյանն ու Գեղամյանը: Պահանջների կատարման դեպքում խոստանում են ազատ արձակել:
Վազգեն Մանուկյանը հավաստելով, որ Խորհրդային Միությունից ժառանգել են վատթարագույն դատական համակարգ, այնուամենայնիվ, չբացառեց, որ գուցե Լավրենտի Կարապետյանի դատավարության վերջին նիստում դատավորն ինքը գործը սարքած համարի, բայց դա քիչ հավանական համարեց: Այլապես, ըստ Մանուկյանի, Հայաստանում վտանգավոր հոսանք է սկսվում ամեն մի մարդու հանդեպՙ քրեականի անվան տակ քաղաքական գործ հարուցելու: Հենց այդ հոսանքի դեմ պայքարելու միտումով էլ ԱԺՄ վարչությունում հրապարակեցին Լավրենտի Կարապետյանի դատավարության եւ կալանման ընթացքում տեղ գտած անօրինությունները ու փաստեցին, որ չնայած Եվրոդատարանին դիմելու որոշումը Կարապետյանինը պետք է լինի, այնուամենայնիվ, իրենք հավատացած են, որ պատժի սահմանման դեպքում դատավարական գործընթացը շարունակություն կունենա:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ