Համաժողովը պիտի նպաստի համահայկական խնդիրների լուծմանը
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԵԼՅԱՆ
Երեկ խորհրդարանում աշխատանքն սկսեց Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը: Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ սա նմանօրինակ առաջին միջոցառումն է: Հայ խորհրդարանականների հրավերին արձագանքել են ավելի քան 25 երկրների ինչպես հայ, այնպես էլ օտարազգի տասնյակ ներկայացուցիչներ Ռուսաստանից, Կիպրոսից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Գերմանիայից, Կանադայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից:
Միջխորհրդարանական դիվանագիտության զարգացումն անգնահատելի դեր կարող է ունենալ Հայաստանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության մեջ: Աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքն ազդեցիկ գործիչներ ունի գործարար ու քաղաքական ասպարեզում: Հայ խորհրդարանականների հյուրերը պատմեցին իրենց երկրների հայկական համայնքների, հայազգի ճանաչված անձանց դերակատարումների մասին տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում: Համաժողովին մասնակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց 3 հանգուցային խնդիրների վրա, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի խորհրդարանականների ջանքերի համատեղումՙ Ցեղասպանություն, Արցախի հարցի կարգավորում, Հայաստանի տնտեսական ամրապնդում: Աշխարհի տասնյակ խորհրդարաններ արդեն ընդունել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ ոճիրի աշխարհով մեկ ճանաչումը Հայկական համաշխարհային կոնգրեսն իր գլխավոր առաքելությունն է համարում:
Համաժողովի օգնությամբ, համագործակցելով նրա հետ հնարավոր է կանոնակարգել Ցեղասպանության ճանաչման հարցի ինքնաբուխ լուծումները: Արա Աբրահամյանը շեշտեց, որ ողջ ղարաբաղյան հիմնախնդրի ճիշտ գիտակցմանը եւս անգնահատելի նպաստ կարող է բերել համաժողովի շրջանակներում առաջացած համագործակցությունը: Դա կբացառի հայ ժողովրդի շահերին հակադիր որոշումների կայացումը: Կոնգրեսի նախագահը պատրաստակամություն հայտնեց այս հարցի շուրջ եւս աշխատելու դրսի խորհրդարանականների հետ:
Արա Աբրահամյանի համոզմամբ, երկրից բնակչության չդադարող արտահոսքը կարող է կանգնեցնել միայն տնտեսական ամրացումը, իսկ դա հնարավոր է նաեւ դրսի աշխարհի ներդրումային գործուն աջակցությամբ: Երկրի տնտեսական դինամիկ զարգացման լծակ կարող է դառնալ նաեւ համաժողովի օգնությամբ փոխըմբռնումային լուծումներ գտնելը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: «Կարեւորը խորհրդարանների միջեւ ուղիղ կապի ստեղծումն է, պատկերացրեքՙ ստեղծվում է մի կառույց, որի շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ամեն պահ իմանալ, թե ինչ են մտածում մեր մասին այս կամ այն երկրի խորհրդարանում եւ ինչով կարող են մեզ օգտակար լինել: Կարեւորն այն է, որ այս նախաձեռնությունը շարունակություն ունենա», ամփոփեց Արա Աբրահամյանը: (Ճառն ամբողջությամբ հրատարակվում է 4)րդ էջում)
Ի՞նչ ակնկալիքներ ունեն համաժողովի մյուս մասնակիցներն այս միջոցառումից
Անդրանիկ Մարգարյան (ՀՀ վարչապետ)-Իրողությունն ինքնին շատ կարեւոր է, քանի որ առաջին անգամ փորձ է արվում համախմբելու տարբեր երկրներում գործող հայ պատգամավորներին: Այս կարեւոր գաղափարի սկիզբը դրվել է դեռեւս «Հայաստան-սփյուռք» համաժողովում: Իհարկե, մեր հայրենակիցները մինչ այս էլ իրենց լուման ունեին բազմաթիվ խնդիրների, առաջին հերթին Ցեղասպանության ճանաչման գործում, բայց կանոնակարգել նրանց աշխատանքը նույնպես խիստ կարեւոր է: Ցանկալի է, որ այս հավաքը պարբերաբար լինի, սա ճիշտ նախաձեռնություն է, հարկավոր է պարզապես դրանից քաղել առավելագույն օգտակարը:
Վարդան Օսկանյան (ՀՀ արտգործնախարար)-Եթե պատգամավորները հետեւողական լինեն, սա, իրոք, կարող է ապագայում լուրջ ֆորումի վերածվել: Օգտակար գործընթաց է ե՛ւ ծանոթանալու, ե՛ւ կապեր հաստատելու, ե՛ւ Հայաստանի մասին ճիշտ պատկերացումներ կազմելու տեսանկյունից:
Ֆադեյ Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս)-Դրսի մեր հայրենակիցներից մենք ոչ թե գումար ենք խնդրում, այլ պարզապես վստահություն, որ հավատան մեզ, աջակցեն այն հարցերում, ինչ մենք ենք առաջարկում: Համագործակցության հնարավորությունները շատ են, հատկապես այլընտրանքային էներգիայի աղբյուրները զարգացնելու հարցում: Մեր հայրենակիցները պիտի գիտակցեն, որ նախ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել, հետո նոր սպասել արդյունքների: Վերջին տարիներին ակադեմիային շատ օգնեց Ռուսաստանի հայերի միությունը, համբերատար օգնում են, որ ոտքի կանգնենք, հետո նոր միայն կարելի է արդյունքներ ակնկալել:
Պետրոս Գալաջյան (Կիպրոս)-Մեր նպատակն է բաժանել մեր ռամկավարական քաղաքական փորձըՙ ամեն կարելի միջոցներով նպաստելու Հայաստանի հարցերի լուծմանը: Հայաստանը Եվրոպայի հետ միավորման ընթացքի մեջ է: Ճամփան հեշտ չէ: Այդ տեսակետից այս համաժողովը մեծ անելիք ունի: Այն գործակցելու նոր հնարավորություններ է ստեղծումՙ ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը պատրաստ է եւ արժանի եվրոպական ընտանիքին մաս կազմելու: Կիպրոսը նոր է անդամակցել Եվրոմիությանը, կարող է գործել դրա ներսումՙ ընդլայնելու Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Հոկտեմբերին Երեւան կժամանեն Կիպրոսի խորհրդարանի նախագահը եւ բիզնեսմենների մի խումբ: Այդ այցելությունը տնտեսական կապերի ամրապնդման կամուրջ կարող է դառնալ:
Վան Բայբուրդյան (Վրաստան)-Ցավոք սրտի, մենք 10 տարի ուշացանք: 10 տարի առաջ պիտի կազմակերպվեր այսպիսի համաժողով եւ եթե այդպես լիներ, այսօր արդեն արդյունքների ականատես կլինեինք: Ես կարծում եմ, որ կարելի է մտածել Երեւանում պատգամավորական մշտական աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կապ կպահպանի մյուս երկրների խորհրդարանների հետ, կհամակարգի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, մշակութային, տարածաշրջանային մակարդակի խնդիրների վերհանումն ու լուծումը: Այս համաժողովը հայոց պառլամենտի համար բեկումնային նշանակություն կարող է ունենալ:
Վեհաժողովի առաջին լիագումար նիստը միաձայն ընդունեց հռչակագիր, որն ամփոփեց հավաքի առաջին գլխավոր անելիքըՙ «Հայաստանում ժողովրդավարության խորացման, համահայկական խնդիրների լուծման ուղիների համատեղ մշակման, միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ հանրապետությունում պառլամենտարիզմի զարգացման համաշխարհային փորձի արդյունավետ կիրառման նպատակով սատարել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, անվտանգ եւ ապահով զարգացման ու բարգավաճման գաղափարի վրա հիմնված Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի շարունակական աշխատանքներին»: