«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2004-06-17 | #112, 2004-06-18 | #113, 2004-06-19


ՓՈՂՈՑ ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Երեկ բազմամարդ էր Սայաթ-Նովա, Թումանյան փողոցներն իրար միացնող (նախկինում Թումանյանի անցուղի) փողոցը: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկաներին տեղեկացրեց ու շնորհավորեց, որ այդ փողոցը վերանվանվել է ժողովրդական արտիստ, հայ օպերային արվեստի մեծ երախտավոր Ավագ Պետրոսյանի անունով: Արքեպիսկոպոս Պոզապալյանը հայրապետական ողջույնն էր բերել Մայր աթոռի հոգեւոր դասից: Շատ ու շատ արվեստագետներ բարձր գնահատեցին երգչի թողած ժառանգությունը: Փողոցի կարմիր ժապավենը կտրեցին Կամո Արեյանը եւ երգչի որդի Արա Պետրոսյանը: Շատ զարմանալի էր, թե ինչու այդ կարեւոր իրադարձությանը չէր մասնակցում մշակույթի նախարարությունից ու պետօպերային թատրոնից որեւէ մեկը: Ավագ Պետրոսյանի որդին շնորհակալություն հայտնեց այն կազմակերպություններին, գործիչներին, ովքեր իրականացրին այդ մտահղացումը: «Ես շնորհակալ եմ մշակույթի նախարարությանն ու օպերայի ղեկավարությանըՙ իրենց բացակայության համար, այսպիսով չի խաթարվել օրվա ու երեւույթի սուրբ խորհուրդը», հատուկ նշեց ճանաչված դիրիժոր, դաշնակահար Արա Պետրոսյանը:

Հրավիրատոմսերի վրա նշված էին երեք կազմակերպիչներիՙ մշակույթի նախարարության, քաղաքապետարանի, թատերական գործիչների միության անունները: Իսկ թե ինչու էին ոմանք բացակայում, այդ թող մնա իրենց խղճին ու պատասխանատվությանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4