«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2004-06-17 | #112, 2004-06-18 | #113, 2004-06-19


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ...

Կոռուպցիայի դեմ պայքարելու ենք միջազգային մակարդակով

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Յուրաքանչյուր երկրի զարգացման մեծագույն խոչընդոտ համարվող կոռուպցիան, որ վտանգում է ժողովրդավարական, տնտեսական, սոցիալական զարգացումները եւ, խթանելով աղքատության աճը, սպառնում համընդհանուր կայունությանն ու խաղաղությանը, հարկավոր է արմատախիլ անել, իսկ դրա համար պատրաստակամությունից, քաղաքական կամքից եւ շատ այլ բաղադրիչներից զատ, անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրում, տարածաշրջանային եւ ավելի լայն համագործակցություն: Արդեն 10 տարի այս ուղղությամբ լայն ընդգրկման աշխատանքներ է իրականացնում 100-ից ավելի երկրներում, ներառյալ հարավկովկասյան երեք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) մասնաճյուղեր ունեցող Թրանսփարենսի ինթերնեշնլըՙ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը (ԹիԱյ), որի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համաժողովը երեկ մեկնարկեց Երեւանում:

Եռօրյա համաժողովի նպատակն է ԹիԱյ կազմակերպության Լոնդոնից մինչեւ Ալմաթի ընկած աշխարհագրական գոտում գործող մասնաճյուղերին փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել: 26 երկրներից հրավիրված մի քանի տասնյակ մասնակիցներին ՀՀ նախագահի խորհրդական, հակակոռուպցիոն խորհրդի անդամ Բագրատ Եսայանը ներկայացրեց «Հայաստանի ներկա հակակոռուպցիոն նախաձեռնությունները» թեմայով զեկույց, իսկ Վրաստանի խորհրդարանի անդամ Գիգա Բոկերիայի զեկույցը այսպես էր վերնագրվածՙ «Կոռուպցիայի դեմ պայքարը որպես Վրաստանի նոր իշխանությունների առաջնակարգ խնդիր»: Երկու զեկույցներում ներկայացվեց արդեն արվածը եւ պատրաստակամություն հայտնվեց ավելին անելու:

Հաջորդած ասուլիսում եթե Բագրատ Եսայանը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողություն արձանագրելու համար կարեւորեց տարածաշրջանային համագործակցությունը եւ հասարակության դերն ու ընդգծեց, որ «առայժմ մեր հասարակության լայն շրջանակներում կոռուպցիան մերժելի չի համարվում, այլ ընկալվում է որպես մենթալիտետի (ազգային նկարագրի) բաղադրիչ», ապա Գիգա Բոկերիան հավաստիացրեց, որ «իշխանություններիՙ Սաակաշվիլու յուրաքանչյուր որոշում հանրության մեծ ուշադրությանն է արժանանում եւ, ի դեմս հասարակության, ունենք շատ լուրջ հսկիչներ, ովքեր թույլ չեն տա, որ աչք փակենք կոռուպցիոն երեւույթների վրա»: Որպես ասվածի ապացույց Բոկերիան փաստեց, որ «երկրի մաքսային ծառայության նորանշանակ պետը հեռացվել է աշխատանքից եւ պատասխանատվության կանչվել: Բացի այդ, վրաց իշխանություններն ավելի կարեւորում են իրենց հետ իշխանության եկածների կողմից դրսեւորվող կոռուպցիան պատժելը, քան նախկին իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելը»: Ինչեւէ, ԹիԱյ-ի քարտուղարության ներկայացուցիչ Նիկլոշ Մարշալը հավաստեց, որ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն ու հեռանկարներ է տեսնում, եւ կազմակերպության համաժողովը հրավիրվել է Հայաստանում միայն այն պատճառով, որ ԹիԱյ-ը կարեւորում է տարածաշրջանում հակակոռուպցիոն պայքարը որպես ժողովրդավարական բարեփոխումների եւ համաշխարհային շուկային տնտեսական ինտեգրացման ամուր հիմք:

Հ. Գ. Վրաստանի ներկայացուցիչը փաստեց, որ որեւէ խնդիր չկար իր երկրում իշխանափոխություն ապահովելու համար Հայաստանից որոշակի վճարով մարդիկ տանել ցույցերին մասնակցելու համար, քանի որ վրաց նախկին իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի ժողովուրդը պահանջեր իրենց հրաժարականը եւ դա նշեր եռօրյա համավրացական տոնով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4