«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԼՍՎՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

Արտգործնախարարների երրորդ հանդիպումը Պրահայում

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեկ Չեխիայի մայրաքաղաքի Տոսկանյան պալատում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ էլմար Մամեդյարովի երրորդ հանդիպումը: Օսկանյանը եւ Մամեդյարովն ավելի վաղ հանդիպել էին կրկին Պրահայումՙ ապրիլի 16-ին եւ մայիսի 12-ինՙ Ստրասբուրգում:

Ինչպես նախորդ հանդիպումներում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Յուրի Մերզլյակով (Ռուսաստան), Սթիվեն Ման (ԱՄՆ), Անրի Ժակոլեն (Ֆրանսիա), լիագումար նիստի ընթացքում, իսկ այնուհետեւ սկսվեցին բուն բանակցությունները համանախագահների հետ առանձին-առանձին: Բուն բանակցությունների բովանդակության մասին մանրամասներ չհաղորդվեցին: Արտգործնախարար Օսկանյանը «Ազգի» հետ զրույցում միայն ասաց, որ հանդիպումը օգտակար էր եւ կարեւորվում է գործընթացի շարունակականության իմաստով:

Օսկանյանը եւ Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել հանդիպումները: Կողմերի համար այս պահին կարեւորն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, ու թեեւ դեռեւս ճշտված չեն ժամկետները, ամենայն հավանականությամբ նախարարների հաջորդ հանդիպումը հավանաբար դարձյալ տեղի կունենա Պրահայում:

Օսկանյան-Մամեդյարով երրորդ հանդիպումը նույնպես բաց օրակարգ է ունեցել: Պրահայի բանակցություններն ուշագրավ են նրանով, որ համանախագահների հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վերջինս հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում վերջին 2 շաբաթներին մի քանի մոնիտորինգ է անցկացրելՙ հակամարտող կողմերի միջեւ հաճախակի դարձած փոխհրաձգության պատճառով: Օսկանյանը եւ Մամեդյարովը մտահոգություն են արտահայտել հայ-ադրբեջանական սահմանում վերջին օրերին հաճախակի դարձած փոխհրաձգությունից:

Հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում փոխհրաձգությունից եղել են զոհեր: Ադրբեջանը եւ Հայաստանը սահմանի այս հատվածում հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց:

Պրահա մեկնելու նախօրեին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի մոտեցումների տարբերությանը, ասել էր. «Ես այս պահին չեմ կարող մանրամասներ տալ, բայց կան միջազգայնորեն օգտագործված միջոցներ, որոնցով կարելի է իսկապես համատեղել մի կողմիցՙ Ադրբեջանի մոտեցումը, որ կենտրոնանա հետեւանքների վրա, մյուս կողմիցՙ Հայաստանի մոտեցումը, որ կենտրոնանա քաղաքական կարգավիճակի վրա: Այս երկուսի մոտեցման միջոցները կան: Մնում է, որ կողմերը համաձայնեն դրանց շուրջ: Կարծում եմ, Պրահայում երրորդ հանդիպման ընթացքում հետաքրքրական քննարկում է լինելու»:

Էլմար Մամեդյարովը Պրահայի հանդիպման նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ. «Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցություններում նոր մոտեցումներ են որդեգրել: Մասնավորապես, ըստ Մամեդյարովի, Բաքուն եւ Երեւանն աշխատում են մի ծրագրի շուրջ, որը ներառելու է կողմերի նախկինում արված առաջարկությունների տարրեր:

Ադրբեջանը կողմնակից է փուլային տարբերակին, մինչդեռ Հայաստանն ընդունելի է համարում փաթեթայինը: Այն, ինչ այս պահին մենք անում ենք, հետեւյալն էՙ փորձել յուրաքանչյուր մոտեցումից վերցնել գաղափարներ, որոնք ընդունելի կլինեին երկու կողմերի համար էլ, եւ դրանք դնել մեկ զամբյուղի մեջ», ասել էր Մամեդյարովը:

Պրահայի հանդիպման նախօրեին Օսկանյանը հերքել էր հայկական եւ ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց իբր Հայաստանը վերադարձնելու է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող երեք շրջաններՙ Ջեբրայիլը, Ղուբաթլուն եւ Զանգելանը:

Չեխիայի մայրաքաղաքից իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո Վարդան Օսկանյանը երեկ մեկնեց Ստրասբուրգ: Հունիսի 23-24-ը Ստրասբուրգ կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4