Հունիսի 18-ին Աստանայում նախագահների մակարդակով տեղի ունեցան տարածաշրջանային երկուՙ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՎՐԱՍՏՀ) կազմակերպությունների հավաքները: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կառույց է, ձեւավորվել է 1992 թ., անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան եւ Տաջիկստանը: Ակնհայտ առաջատարը Մոսկվան է եւ մյուս հինգ պետություններին իր զինանոցում պահվող հնացած ռազմական տեխնիկան վաճառում է ներռուսական գներով: ԵՎՐԱՍՏՀ-ն տնտեսական կառույց է, Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:
Ղազախստանում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների եւ հայտարարությունների մասին ներկայացնում ենք ստորեւ:
Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՕ-ն
ՀԱՊԿ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում Նազարբաեւն ասաց, որ կազմակերպությունը կառուցողական համագործակցություն է ծավալելու միջազգային անվտանգության այլ կազմակերպությունների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ:
Հունիսի 28-29-ը Ստամբուլում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որի ընթացքում ենթադրաբար ՆԱՏՕ-ն կհայտնի Անդրկովկասում եւ Միջին Ասիայում իր աճող հետաքրքրության մասին: Այս համատեքստում ինչպե՞ս է գնահատվում ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարը:
Խոսում է Ռոբերտ Քոչարյանը. «Այսօր մենք ընդունեցինք փաստաթուղթ ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունների մասին: Կազմակերպությունը հանգիստ է արձագանքում եւ դրական գնահատում ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը: Փաստաթղթում նշված են համագործակցության ուղղությունները. տարածաշրջանային եւ միջազգային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ եւ մի շարք այլ ուղղություններ»:
Քոչարյանը եւ Պուտինը
Հայկական մամուլում հրապարակումները հայ-ռուսական հարաբերությունների իբր վատթարացման մասին հիմք չունեն: Համենայն դեպս, Աստանայում Քոչարյանի եւ Պուտինիՙ միմյանց հասցեին արվող հաճոյախոսությունները բոլորովին էլ չեն խոսում Երեւան-Մոսկվա հարաբերությունների վատթարացման մասին: Հայ-ռուսական կապերի ամրապնդումը, Հայաստանի ռուսամետ քաղաքականությունն արդարացված են, թե՞ ոչ, խոսակցության այլ թեմա են. պարզապես արձանագրենք, որ Պուտինն ու Քոչարյանը մեկմեկու հասկանում են կես խոսքից:
Պուտինը, Սադդամը եւ Բուշը
Աստանայում կենտրոնական դեմքը Պուտինն էր: Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսում հաստատեց նախօրեին ռուսական մամուլ սպրդած տեղեկությունը, ըստ որի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո եւ նախքան Իրաքի վրա ամերիկյան հարձակումը, ռուսական հատուկ ծառայություններն ամերիկացիներին «գործընկերային խողովակներով» տեղյակ են պահել Բաղդադի կողմից Մ. Նահանգների նկատմամբ հնարավոր ահաբեկչության մասին:
«Ավելինՙ նախագահ Բուշը հնարավորություն ստացավ եւ անձամբ շնորհակալություն հայտնեց ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարներից մեկին այդ տեղեկատվության համար, ինչը նա համարում էր շատ կարեւոր», ասաց Պուտինը, մյուս կողմից ընդգծելով, որ Իրաքի վրա ԱՄՆ հարձակման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել:
«Տեղեկությունը, որ Հուսեյնի վարչակազմը պատրաստում էր ահաբեկչություններ, մենք ունեինք, բայց չունեինք տեղեկություն, որ նրանք մեղսակից են եղել ինչ-ինչ ահաբեկչությունների: Սրանք տարբեր բաներ են», ասաց Պուտինը:
Ալեքսանդր Լուկաշենկոն խռովել է Պուտինից
Աստանայում «բատկան» փքված էր: Լուկաշենկոն դժգոհ է Պուտինից, հայտնի է, որ վերջին ամիսներին ռուս-բելառուսական հարաբերությունները ռուսական գազի պատճառով «թունավորվել» են: «Եվրասիական ինտեգրացիա. ժամանակակից զարգացումների եւ գլոբալիզացիայի մարտահրավերների միտումները» ֆորումում ելույթ ունեցավ նաեւ Լուկաշենկոն: Ուշագրավը ոչ այնքան Բելառուսի նախագահի ելույթն էր, որքան ելույթի ընթացքում Պուտինի անտարբերությունը: Համայն Ռուսիո մեր օրերի ցարն ինչ-որ բան էր փսփսում Նազարբաեւի ականջին: Ընդհանրապես Պուտինն իրեն ազատ էր պահում, ռեպլիկներ էր անում: Լուկաշենկոյի փքվածությունը բոլորովին էլ չէր հուզում ոչ տանտեր Նազարբաեւին, ոչ էլ Պուտինին: Ուրբաթ երեկոյան Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի եւ Կիրգիզիայի նախագահները տուն վերադարձան, մինչդեռ Նազարբաեւն ու Պուտինը նույն ինքնաթիռով ուղեւորվեցին Ալմաթիՙ շաբաթօրյա հանգիստն անցկացնելու Տյան Շանում:
Էմոմալի Ռահմոնովը եւ թմրանյութերը
Տաջիկստանի նախագահը խիստ դժգոհ է ամերիկացիներից: «2001թ. հակաահաբեկչական գործողություններից հետո տարեցտարի ափիոնի արտադրությունը եւ ցանքատարածություններն ավելանում են, այս տարին լինելու է ամենաբերքառատն Աֆղանստանում», ՀԱՊԿ երկրների նախագահի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Ռահմոնովը:
«Մենք տուժում ենք, բայց ունենք Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս պետությունների հետ լավ աշխատանքի փորձ: ՄԱԿ-ի տվյալներով, Տաջիկստանը թմրանյութեր առգրավելու գործում աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Երեք տարվա ընթացքում մենք առգրավել ենք ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ թմրանյութեր», ասաց նա եւ ընդգծեց, որ դա չի կարող խնդրի լուծում լինել:
«Այդ չարիքը պետք է ոչնչացնել բնումՙ Աֆղանստանում: Ցավոք, հակաահաբեկչական պայքարի որոշ պետություններ դա չեն համարում իրենց խնդիրը: Իսկ մենք կարծում ենք, որ դա գլոբալ խնդիր է եւ պետք է պայքարել համատեղ ուժերով», ասաց Ռահմոնովը:
Ասկար Ակաեւը եւ արեւելյան քծնանքը
«Եվրասիական ինտեգրացիա. ժամանակակից զարգացումների եւ գլոբալիզացիայի մարտահրավերների միտումները» միջազգային ֆորումի իր ելույթում Կիրգիզիայի նախագահը քծնում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: «Ղազախստանի նախագահը կարողանում է տեսնել հորիզոնից անդին», իր նուրբ ձայնով Ասկար Ակաեւը գովաբանում էր նախկին խնամուն:
Տարիներ առաջ, հավանաբար ղազախ-կիրգիզական հարաբերություններն ամրապնդելու նպատակով, Միջին Ասիայում տեղի ունեցավ այս տարածաշրջանի ամենաճոխ հարսանիքը. Նազարբաեւը դստերը տվեց Ակաեւի որդուն: Կարճ ժամանակ անց, սակայն, նախագահների զավակները բաժանվեցին:
Ակաեւի ելույթն արեւելյան քծնանքի դասական նմուշ էր: Ասում են, որ Կիրգիզիայի նախագահն այլ ելք չունի, քանի որ (բնական հարստություններից եւ ծով դուրս գալու հնարավորություններից զուրկ) երկիրը խիստ զգում է էներգակիրներով հարուստ Ղազախստանի աջակցությունը: Ինչպես Ռահմոնովը, այնպես էլ Ակաեւն ակնհայտ զգացնել էին տալիս ամերիկացիներից իրենց դժգոհությունը: Կիրգիզ ղեկավարը ելույթի ավարտին քննադատեց Վրաստանինՙ ասելով, թե «ինտեգրացիայի մեր դարաշրջանում ինչ-որ տեղ կատարվում են թավշյա, վարդյա կամ շագանակագույն հեղափոխություններ»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Աստանա-Երեւան