«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՌՉԱԿՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Պատճառը մեզանում խորացող դիլետանտիզմն է

Տարածաշրջանային ու ներքաղաքական հակասությունների խորացման ֆոնի վրա մեզանում սկսեցին ի հայտ գալ ինքնակոչ քաղաքագետներ, որոնց մակերեսային վերլուծություններն ունկնդրելու առիթ ունենում ենք ոչ այնքան սակավ: Դիլետանտիզմ կոչվածն այնքան խոր արմատներ է ձգել բոլոր բնագավառներում, որ հասարակությունը տարեցտարի միջակություններին հանդուրժելու իմունիտետ է ձեռք բերում: Հասել ենք այն կետին, որ քաղաքականությամբ քիչ թե շատ զբաղվող ու քաղաքական գրականություն ընթերցած յուրաքանչյուր մեկի հեռուստաելույթի ժամանակ նրա անվան տակ առանց պատասխանատվության նշույլի գրվում է քաղաքագետ: Նրանք էլ իրենք իրենց գերազանցելով երբեմն կատարում են այնպիսի «խորքային» վերլուծություններ ու «գերիմաստուն» բացահայտումներ, որոնք անհարմարության զգացում են առաջացնում ունկնդրի, բայց ոչ երբեք իրենց մեջ: Ամեն մի քաղաքական կուսակցություն իր «քաղաքագետն» ունի, իսկ ավելի ստույգՙ մեզանում գրեթե բոլոր քաղաքական գործիչները «քաղաքագետներ» են, որովհետեւ նրանք բացահայտել են, որ ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ մասնագիտական հմտություններ ունենալու կարիք ամենեւին չկա, կարեւորը հարմար պահին, հարմար տեղում հայտնվելն ու ինքն իրեն կարեւորելն է:

Իսկ մասնագիտությամբ քաղաքագետները գրեթե հանդես չեն գալիս հեռուստատեսությամբ, նրանց ունկնդրելու առիթ գրեթե չենք ունենում: Միջազգայնագետ, հայտնի քաղաքական մեկնաբան Հակոբ Հակոբյանից հետո փորձառու մասնագետ վերլուծաբաններ մեր հեռուստաընկերություններում գրեթե չեն երեւում, նրանց փոխարեն հիմնականում հանդես են գալիս քաղաքական թեմաներով զբաղվող նորելուկ թղթակիցները:

Համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հենզել Մանուչարյանը քաղաքագետների պակասը բացատրում է նրանով, որ քաղաքագիտությունը որպես ինքնուրույն գիտություն մեզանում նոր է ձեւավորվում, ընդամենը 10-15 տարվա պատմություն ունի: «Դա չի նշանակում, որ քաղաքականության մասին գիտությունը մեր երկրում առհասարակ գոյություն չի ունեցել: Խորհրդային տարիներին կային քաղաքական կյանքի մեկնաբանման, քաղաքականության մշակման ու լուսաբանման խնդիրներով զբաղվող այնպիսի առարկաներ, ինչպես գիտական կոմունիզմը, պատմական մատերիալիզմը, կոմունիստական կուսակցության պատմությունը եւ այլն:

Խորհրդային Միության փլուզումից հետո եկան շատ հախուռն ժամանակներ, կյանքը դարձավ խիստ քաղաքականացված, քանի որ միանգամից պոռթկացին ներքին հակասություններն ու հակամարտությունները, եւ քաղաքական կյանքը կտրուկ աշխուժացավ: Բնականաբար, դա նպաստեց քաղաքագիտության արդիականացմանը: Այս գիտությունը մարդկանց կլանեց եւ ներքաշեց քաղաքականության մեջ, եւ շատ թե քիչ թերթ կարդացողները, հեռուստատեսությամբ ու հանրահավաքներում ելույթ ունեցողները, քաղաքագիտության հետ կապված որեւէ բառ իմացողները իրենց սկսեցին քաղաքագետ հռչակել: Մի կողմից կարելի է բնական համարել, որ քաղաքական կյանքով զբաղվող յուրաքանչյուր ոք իրեն համարում է գիտակ, բայց դրանից մեծապես տուժում է քաղաքագիտությունը, որովհետեւ հաճախ անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ կրթություն ունեցող մարդիկ իրենց քաղաքագետ են հայտարարում, դրանով վարկաբեկելով քաղաքագետի մասնագիտությունը: Մինչդեռ քաղաքագետ դառնալու համար հարկավոր է ուսումնասիրել առարկաների ամբողջական ու համակարգված մոտ 30 դասընթացներ, դրանց չիմացությունը, բնականաբար, մակերեսային վերլուծությունների պիտի հանգեցնի: Մեր դասախոսներից Աղասի Ենոքյանը ներկայանում է որպես քաղաքագետ, սակայն մասնագիտությամբ քաղաքագետ չէ, դասախոսում է միջազգային հարաբերությունների ամբիոնում: Մեր ուսանողներից են Աժ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Աշոտ Ենգոյանը եւ ուրիշներ», ասաց նա, հավելելով, որ համընդհանուր քաղաքագիտությունը ընդգրկում է հասարակական կյանքի տարբեր ոլորտները, դրա մասին շատերը կարող են խոսել, բայց չպետք է ներկայանան գործի գիտակ: Այսինքն պետք է քաղաքագետին տարբերել քաղաքական մեկնաբանից ու քաղաքական գործչից: Ըստ նրա, հարկավոր է քաղաքագիտությամբ զբաղվելու սահմանը դնել: «Եթե կան մարդիկ, որոնք կամենում են քաղաքագետ կոչվել, ուրեմն պարտավոր են յուրացնել այդ գիտության բաժինները: Այլապես վաղը տնտեսագետն էլ կարող է իրեն քաղաքագետ հռչակել: Նրանք, իհարկե, կարող են քաղաքական կյանքի խնդիրները շոշափել, բնավ նկատի չունեմ, թե քաղաքագետն ուժեղ է, ոչ քաղաքագետըՙ թույլ: Խնդիրն այն է, որ մեզանից ամեն մեկը հանդես գա իր կոչումով, որպեսզի իրեն քաղաքագետ ներկայացնողի կոպիտ սխալների պատճառով բուն մասնագիտությունը չվարկաբեկվի», իր խոսքն ամփոփեց Հենզել Մանուչարյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4