«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՏ ԱՆՑՆԵՆ

Ոչ միայն Շավարշ Քոչարյանը, այլեւ իշխանամետ ընտրյալները

Անցած չորեքշաբթի օրվա ընդդիմության հանրահավաքում «Արդարություն» դաշինքի անդամ, եվրոպական արժեքներ դավանող եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը մի քանի հազար միտինգավորներին պատմում էր, իր խոսքերով, Եվրոմիության ամենաաղքատ պետությանՙ Բուլղարիայի մասին: Բուլղարիան, ինչպես հայտնի է, Եվրոմիության անդամ չէ, բայց անդամ է ՆԱՏՕ-ի, իսկ Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն տարբեր կազմակերպություններ են:

Ընդհանուրի մեջ մեր խորհրդարանը իր ինտելեկտուալ կարողություններով բավականաչափ անգրագետ է: Հաշվի առնելով, որ Շ. Քոչարյանը հայ պատգամավորների մեջ ամենախելացիներից է, հասկանալի է դառնում ԱԺ-ի ընդհանուր գրագիտության աստիճանը:

Մենք Շավարշ Քոչարյանին չէինք անդրադառնա, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. հարգարժան պատգամավորը Հայաստանը ներկայացնում է Եվրոխորհրդում: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակնարկում էր, թե պետք է քննության առնել մեր ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներիՙ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարությունը: Բայց Օսկանյանը նման կարծիք էր հայտնում ոչ թե կասկածի տակ դնելով ընդդիմադիր պատգամավորների գրագիտությունը, այլ այն հանգամանքը, որ նրանք կեղտոտ սպիտակեղենն իրենց հետ Եվրոպա են տանում:

Ընդհանրապես արդարացված կլիներ, եթե ԵԽԽՎ եւ այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցող հայ պատգամավորները գրագիտության տեստ անցնեին, եւ միայն այն դեպքում, երբ նրանք համապատասխանեին որոշակի չափանիշների, թույլ տրվեր Հայաստանից դուրս գալ եւ արտերկրում Հայաստանը ներկայացնել:

Օրինակ, պատգամավորների գիտելիքների նվազագույն չափանիշներ կարող են լինել. ա) քանի՞ անդամ ունի Եվրոխորհուրդը, ե՞րբ է ստեղծվել, բ) քանի՞ անդամ ունեն ՆԱՏՕ-ն, Եվրոմիությունը, ՄԱԿ-ը, գ) քարտեզի վրա կարողանան ցույց տալ աշխարհի կարեւոր պետություններիՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի տեղը, դ) տեղյակ լինեն դիվանագիտական էթիկային եւ արարողակարգին, օրինակՙ ինչպես պահել պատառաքաղը, կամ իմանալ, որ չի կարելի ընդունելության ժամանակ հարբել, ինչը բնորոշ է , օրինակ, մեր նախկին արտգործնախարարներից մեկին (խորհուրդ ենք տալիս մի քանի անգամ կարդալ Նուբար Չալըմյանի «Դիվանագիտական արարողակարգ եւ էթիկա» ձեռնարկը), ե) կարողանան վարժ խոսել հայերեն եւ անգլերեն կամ ֆրանսերեն:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4