«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2004-06-18 | #113, 2004-06-19 | #114, 2004-06-22


ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Պարզապես շնորհքով ազգ ենք

Ընդամենը մեկ ամիս առաջ Մոսկվայում տեղի ունեցած «Պիքսել» թվային տեխնոլոգիաների եւ համակարգչային գրաֆիկայի փառատոնում հայկական «Տրիադա» ստուդիան նոր ռեկորդ սահմանեց` միանգամից արժանանալով 5 մրցանակի: Նախորդը եղել էր HTB հեռուստաընկերությունը, որը միանգամից 3 մրցանակ էր ստացել: Ըստ ստուդիայի տնօրեն Արայիկ Աղամյանի` մրցույթին ներկայացված էին նախկին Խորհրդային Միության երկրների` այս բնագավառում հայտնի ուժերի 70-80 տոկոսի աշխատանքներ, եւ մի քիչ զարմանալի էր, որ այդ ֆոնին հայկական աշխատանքներն այդպիսի ուշադրության արժանացան: «Ժյուրիի կազմը բավականին լուրջ էր, ասաց Արայիկ Աղամյանը, գլխավորում էր Ռուսաստանի ազգային հեռուստահեռարձակման ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաեւը»:

Ստուդիան 20 աշխատանք էր ներկայացրել, որոնցից փառատոնի Գրան պրիի արժանացան «Շողակաթ» հեռուստաընկերության ձեւավորման համար, «Եռաչափ անիմացիա» անվանակարգում 1-ին մրցանակի` Հանրային հեռուստաընկերության ձնեմարդկանց շարքի համար, «Հեռուստաալիքի լավագույն ձեւավորման փաթեթ» անվանակարգում 1-ին մրցանակ` «Շողակաթ» եւ Հանրային հեռուստաընկերությունների ձեւավորման համար: «Տրիադա» ստուդիան ձնեմարդկանց շարքի եւ Հանրային հեռուստաընկերության ընդհանուր ձեւավորման համար արժանացավ նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

ՌԴ միության նախարարության եւ «Տելեշոու» ընկերության կազմակերպած այս փառատոնը, որ նախկին Միության տարածքում միակն է, անցկացվում է անցյալ տարվանից: Սրան նախորդել է 1996-2000-ին կազմակերպված «Անիգրաֆ» փառատոնը: Այդ տարիներին ստուդիան նույնպես մասնակցել է, սակայն ամեն անգամ մեկական մրցանակ է ստացել:

Արայիկ Աղամյանի համար սա ընդամենը հաճելի պահ է: Նա համոզված է, որ այն օրինաչափ չէ հայաստանյան մթնոլորտին: «Այստեղ համակարգչային գրաֆիկայի ասպարեզը զարգացնելու համար նպաստավոր պայմաններ չկան, տեխնիկան Մոսկվայի համեմատ թանկ է, բայց ամենն արվում է ամենաքիչը հինգ անգամ էժան», ասաց նա:

Ստուդիայի տնօրենն այսօրվա օրենսդրական դաշտում խնդիրներ չի տեսնում, պարզապես ասում է, որ նաեւ նպաստող քայլեր չեն արվում: Ըստ նրա` Հայաստանում կադրերի խնդիր ունենք, բուհերում գրեթե նման ֆակուլտետներ չկան, եղածներն էլ ոչ թե անիմացիայի` շարժվող պատկերների մասնագետներ են պատրաստում, այլ` տպագրության ձեւավորման: Այժմ հնարավոր է, որ նման դասընթաց մտցվի, բայց դա ընդամենը առաջին քայլը կլինի: Այսօր ոլորտում առաջխաղացումներ գրանցվում են մի քանի էնտուզիաստների շնորհիվ, որոնք այլ մասնագիտությունների տեր լինելով` պատահաբար այս ասպարեզում են հայտնվել:

Հայկական իրականությունում համակարգչային գրաֆիկայի հիմնական սպառման ոլորտը գովազդը եւ հեռուստատեսությունն են, քանի որ մեծ հաջողություններ չենք արձանագրում ոչ կինեմատոգրաֆիայի, ոչ համակարգչային խաղերի ստեղծման բնագավառում: Հեռուստաընկերությունների մեծ մասը բավարարվում է մի քանի աշխատող պահելով եւ խնդիրների լուծումները միայն նրանց հույսին թողնելով: Այնինչ դրսում հեռուստաընկերությունները կամ դիզայներական լուրջ խմբեր են ունենում, կամ ստուդիաներին պատվերներ տալիս: Պրն Աղամյանը համոզված է, որ շատ լավ մասնագետը հազվադեպ կցանկանա աշխատել միայն մեկ հեռուստաընկերությունում: Սակայն սա, բնականաբար, ֆինանսների խնդիր է:

Ինչ վերաբերում է ոլորտում մեր հաջողություններին, «Տրիադա» ստուդիայի տնօրենը դա հետեւյալ կերպ է բացատրում. «Պարզապես մեր ազգը շնորհքով է»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4