ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիլիկյան Հայաստանի 13-րդ դարի առեւտրային նավերի նմանողությամբ կառուցված «Կիլիկիա» նավը «Այաս» ակումբի նախագահ եւ նավապետ Կարեն Բալայանի գլխավորությամբ օրերս կմեկնի ծովային երկարատեւ ճանապարհորդության:
Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած հաղորդագրության, հունիսի 23-ին նավը Հայաստանից նախ կտեղափոխվի Փոթի նավահանգիստ, ապա նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն ավարտելուց հետո, դուրս կգա բաց ծովՙ ուղղություն վերցնելով դեպի Վենետիկ: Հաջորդ 1-2 տարիներին գիտական արշավախումբը նավարկությունը կշարունակի Միջերկրական, Բալթիկ ծովերում, Հնդկական օվկիանոսում եւ իր վերջնական հանգրվանը կգտնի դարձյալ Հայաստանում:
Հունիսի 21-ին ՀՀ վարչապետն ընդունել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամներին, որոնց ուժերով էլ շուրջ մեկուկես տասնամյակի ընթացքում կառուցվել է նավը: