ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ պատմաբան եւ մանկավարժ Վարդան Գրիգորյանը այն 12 անձանց թվում է, ովքեր անցած ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրամանագրով արժանացել են բարձրագույն քաղաքացիական պարգեւինՙ «Ազատության» նախագահական մեդալին:
Պարգեւատրվածների թվում են Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, օծանելիքի հայտնի արտադրող Էստե Լոդերը, որը վախճանվել է այս տարվա ապրիլին, եւ ուրիշներ:
Վարդան Գրիգորյանը Նյու Յորքի Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահն է: Նախկինում նա գլխավորել է Բրաունի համալսարանը, իսկ 1980-ականներին Նյու Յորքի հանրային գրադարանի պրեզիդենտն էր:
Ջորջ Բուշը պարգեւները հանձնելու է առաջիկա չորեքշաբթի: