Թերապեւտական միջամտություն մայրուղիներին
Երեւանի կենտրոնի հետ հաշիվները փակելուց հետո մեր քաղաքաշինարարները ուշադրությունը բեւեռել են մայրաքաղաք մտնող ու դուրս եկող մայրուղիների վրա: «Երեւան մտնողն առաջին տպավորությունն այստեղից է ստանում, դրանք են հիմա մեր մտահոգության առարկան», քաղաքապետարանի` լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ ծանուցեց քաղաքաշինության ու ճարտարապետության վարչության պետ Սամվել Դանիելյանը: Նոր պահանջներով վերակառուցվելու, ասել է թե, ժամանակակից մայրաքաղաքին վայել տեսքի են բերվելու Երեւան-Սեւան մայրուղին` Մյասնիկյան պողոտայից մինչեւ Երեւանի նախկին մուտքը, Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոցով մինչեւ Աշտարակի խճուղի ձգվող ճանապարհը, Նորագավիթի կողմից Երեւան մտնող եւ Երեւան -Գառնի մայրուղիները: Չնայած արդեն գույքագրումներ են արվել, այսինքն հաշվառվել են ներկա եւ անցյալ բոլոր հողահատկացումները, ավարտված կառույցներն ու նոր նախագծվածները (նույնիսկ նկարահանումներ կատարվել), սակայն քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն ձեռնպահ մնաց որեւէ թիվ նշելուց կամ տարբերակումներ անելուց:
Մայրուղային ծրագրի երկրորդ փուլը նախագծային առաջադրանքների ու դրանց իրականացման ժամանակն է լինելու: Այդ ընթացքում կմշակվեն կառուցապատման սխեմաներ, կվճռվեն, թե որոնք են լինելու չափորոշիչները: Հետագայում կառուցապատումներն ու շտկումները կհենվեն այդ պահանջների վրա: Հիմնարար սկզբունքը, ըստ Սամվել Դանիելյանի, լինելու է շրջակայքի հետ ճարտարապետական համահունչ միջավայրի ստեղծումը: Ոճական առանձնահատկությունները նկատի չեն առնվելու, իրենք մտադիր չեն միասնական ստանդարտ պարտադրել, բայց մայրուղամերձ սպասարկման, սննդի ու առեւտրային օբյեկտները, բենզակայանները իրենց նշանակությանը համապատասխանությամբ, գեղագիտական կերպարով ու ծավալներով չպետք է հակադրվեն նախագծային պահանջներին:
Արդեն կառուցվածների հետ այս առումով հարաբերություններ ճշտելը բարդ խնդիր է: Նույնիսկ քաղաքի կենտրոնական հատվածներում ինքնակամ կառույցների համաճարակ է, ուր մնաց քաղաքից դուրս կամ քաղաքամերձ հատվածներում: Քաղաքն իրենց բոստանը դարձրած մարդիկ բենզակայաններ կառուցել են անմիջապես մայթեզրերինՙ խախտելով անվտանգության բոլոր չափանիշները: Առեւտրային ու սննդի զանազան կետերը նույն կերպ մայրուղիներին կից «նստավայրեր» են հիմնել, ամեն մեկը իր ճաշակի ու ըմբռնումների համաձայն` նախագծերը մի կողմ դրած: Քանի՞սը կհաջողվի քանդել. համոզված կարելի է ասել` ոչ մեկը: Նմանօրինակ խոստումներ տասնյակներով եղել են, օղակաձեւ, «Հաղթանակ» զբոսայգիների, ընդհանրապես կանաչ տարածքների վերաբերյալ, բայց դրանցից հետո, նույն տարածքներում կանաչը բետոնի տակ առնելով` նոր կառույցներ են բարձրացել: Վկան Իսահակյան 28 հասցեում, Հակոբ Մեղապարտի արձանի շարունակության վրա նոր կառույցն է, իհարկե, դարձյալ կանաչի հաշվին իրականացվելիք, անմիջապես խորհրդարանի դիմացի այգում բարձրացող անհասկանալի հսկա կառույցը, Ավ. Իսահակյանի արձանի` անվերջ պաստառապատվող շրջակայքը:
Ճարտարապետական նորմաներով այգիների 30 տոկոսից ավելին չի կարելի կառուցապատել: Կառուցապատվածն էլ ժամանցային կամ սպասարկման որեւէ կետ պիտի լինի` սրճարան, նախաճաշարան, ատրակցիոն: Օղակաձեւ զբոսայգին բերնեբերան լիքն է դրանցով, շատերը հսկա կառույցներ են` ակնհայտորեն իրականացված նախագծային ու գեղագիտական չափանիշների կոպիտ շրջանցումներով: Դրանցից ոչ մեկից մի քար անգամ չտեղաշարժվեց: Ձեւի համար կրպակային մի քանի մանր կետեր ապամոնտաժվեցին եւ եղածը բարձրագոչ տարփողվեց հեռուստաալիքներով: Օրինախախտ խոշոր ձկների մասին քաղաքավարի լռություն պահպանվեց: Այս առթիվ վարչության պետը այսպիսի մեկնաբանություն արեց. մանր կրպակներն ու կառույցները շատ ավելի բացասաբար են ազդում մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի վրա, քան հսկա շինությունները:
Իսկ ընդհանրապես, քանդել-չքանդելու հարցը, Սամվել Դանիելյանի խոստովանությամբ, անվերջ քննարկումների առարկա է` քանդե՞լ, թե չքանդել. գրեթե շեքսպիրյան երկընտրանքի նման մի բան:
«Հաղթանակ» զբոսայգում շատ ավելի հեռուն են գնացել: Ժամանցային օբյեկտներն այստեղ փոխարինվել են բնակելի շքեղ առանձնատներով, չնայած, ըստ կարգի, նման կառույցներ զբոսայգիներում չպիտի կառուցվեն: Կանաչի հաշվին շքեղ հյուրանոցի կառուցումը ժամանակին հասարակական մեծ դիմադրության հանդիպեց: Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնը նույնիսկ գործը դատարան հասցրեց, բայց` ապարդյուն: Այնպես որ, այն, ինչ առ այսօր արդեն կառուցվել է քաղաքում, կարելի է համոզված ասել` ոչ մի վիճարկման ենթակա չէ: Սամվել Դանիելյանը կարծում է, որ նախագծերի հաստատման նոր կարգը գոնե այսուհետեւ կարող է ինչ-որ չափով վերահսկել ոլորտը: Յուրաքանչյուր նախագիծ վարչության հետ համաձայնեցվելու է միայն հեղինակային վերահսկողության մասին պայմանագրի առկայության դեպքում, այսինքն, նախագծի հեղինակն ինքը կառույցը խեղաթյուրումներից ապահովագրելու պատասխանատվություն է վերցնելու: Նկատի առնելով մինչ այժմ եղած որոշումների ու դրանց իրականացման տրամաբանական շղթան, միամտություն կլինի կարծել, թե հսկողության նոր կարգը ինչ-որ չափով կնվազեցնի նախագծային շեղումների քանակը: Ասենք միայն, որ մայրուղիներին մերձ ազատ տարածքներ շատ կան, որոնք դեռ չեն հանձնվել հողահատկացումների:
Կանխավ քաղաքաշինության վարչության պետը հայտարարեց, որ իշխանությունների միջամտությունը լինելու է թերապեւտական, այլ ոչ վիրաբուժական բնույթի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ