Ստեփանակերտում կառուցվելիք քաղաքային պոլիկլինիկան, ախտորոշման կենտրոնը եւ հիվանդանոցը կազմում են այն ընդգրկուն ծրագիրը, որը կոչված է լուծելու ԼՂՀ բնակչության հիվանդանոցային եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բարձր մասնագիտական բուժօգնության հարցը: Այսօրվա դրությամբ, ըստ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արսեն Պետրոսյանի, քաղաքային պոլիկլինիկայի եւ ախտորոշման կենտրոնի համար ֆինանսավորումն ապահովված է հումանիտար ծրագրերի շրջանակներում: Դրանց շինարարությունն ընթացքի մեջ է: Փոխնախարարի խոսքերով` նախատեսվում է հիշյալ կառույցներն այս տարի ավարտել, եւ արդեն հաջորդ տարվանից դրանք կընդունեն առաջին այցելուներին:
Բացի շինարարական աշխատանքներից, նաեւ բուժսարքավորումներ ու կահավորանք ձեռք բերելու, ինչպես նաեւ կադրերի վերապատրաստման աշխատանքներ են տարվում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղի կողմից ներկայումս ընդունվել եւ միջոցներ են հայթայթվում հիվանդանոցի կառուցման համար: Կենտրոնի շահագործումը թույլ կտա լուծել բուժօգնության եւ ամբուլատոր ու հիվանդանոցային օղակների արդիականացման խնդիրները:
Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերում զգալի աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, հոգեբուժական եւ մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունները հանրապետությունում բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ: Այս համատեքստում հատկանշելի է Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության գումարներով եւս մեկ այլ խոշոր ծրագրի պլանավորումը, որը վերաբերում է առաջնային ամբուլատոր օղակին: Նախատեսվում է դրանում ներառել նաեւ շրջանային օղակները:
Վերջին մի քանի տարվա կտրվածքով Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության եւ ԿԽՄԿ-ի միջոցներով ԼՂՀ-ում ավերված բուժկետերի վերականգնման շոշափելի աշխատանքներ են տարվել: Համաձայն ԼՂՀ առողջապահության փոխնախարարի ներկայացրած տվյալների, սահմանամերձ բնակավայրերում վերակառուցվել է 65 բուժկետ, վերապատրաստվել են այդ հիմնարկների աշխատողները, ինչպես նաեւ բուժկետերն ապահովվել են անհրաժեշտ դեղամիջոցներով:
Որոշակի աշխատանք է տարվում նաեւ բժշկական կադրերի թարմացման ուղղությամբ: Նույն աղբյուրի տվյալներով, տարեկան պետպատվերի շրջանակներում 10-15 երիտասարդ կադրեր, նեղ մասնագիտությունների գծով, ուղարկվում են Երեւանի կլինիկական օրդինատուրա: Այս միտումը թույլ կտա մի քանի տարի հետո Արցախում նեղ բուժմասնագիտությունների գծով կադրերի պակասը բացառել:
Փոխնախարար Ա. Պետրոսյանի հավաստմամբ` օպտիմալացման եւ բյուջեի ավելացման շնորհիվ ընթացիկ տարվանից հնարավոր է դարձել զգալիորեն ավելացնել բժշկական ոլորտի աշխատողների աշխատավարձը: Թեպետ աշխատավարձում ավելացված գումարը սոցիալական պահանջների տեսանկյունից հեռու է բավարար լինելուց, երեւույթի դրական միտումը, որը տարիներ շարունակ կարծես թե անլուծելի խնդիր էր համարվում, արդեն իսկ նշանակալի է:
Հրադադարից հետո Արցախում առողջապահության ոլորտում առաջնահերթ խնդիրը համարվում էր համակարգը ճգնաժամից դուրս բերելը: Այս խնդիրը հիմնականում լուծված է, մնում է պահպանել եւ կենսագործել այն առաջնահերթությունները, որոնք դրված են համակարգի աշխատողների առաջ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ