Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար, նախկին վարչապետ եւ արտգործնախարար Եվգենի Պրիմակովը Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան կարգավորման «առաջին փուլում պետք է ազատագրվեն Ադրբեջանի գրավյալ յոթ շրջանները, որից հետո կարելի է խոսել մնացյալի մասին»: Պրիմակովն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող խլել Ադրբեջանի նկատմամբ իր սերը:
Անդրադառնալով 1990 թ. հունվարի 20-ի դեպքերին, Պրիմակովն ասել է, թե դեմ է եղել խորհրդային զորքերի Բաքու մտնելուն: Հիշեցնենք, որ այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում կոտորում էին այնտեղ մնացած հայերին, եւ միայն խորհրդային զորքերի մուտքը Բաքու զսպեց գազազած ամբոխին: Ադրբեջանում հայտնի քաղաքական գործիչներից Զարդուշտ Ալիզադեն «Սեւ այգի» գրքում պատմում է, որ 1990 թ. հունվարին Ազգային ճակատի շենքի պատերին փակցված էին Բաքվի հայերի անուններըՙ բնակարանների հասցեներով:
Հունվարի 19–20-ի գիշերը խորհրդային զորքերի եւ հայերին ջարդող ադրբեջանցիների բախումների հետեւանքով սպանվեցին 140 ադրբեջանցիներ (նրանց մեջ կային նաեւ անմեղ զոհեր-խմբ.) եւ 38 զինվորներ: Պրիմակովը Բաքվում գտնվելու օրերին այցելել է Շեհիդների ծառուղի, որտեղ թաղված են ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, ինչպես նաեւ Բաքվի հայությանը կոտորած ադրբեջանցիները:
«Նրանք ընկան հանուն հայրենիքի, նրանք զոհվեցին հանուն Ադրբեջանի», ասել է Պրիմակովը: Ադրբեջանցիների բարեկամը հարգանքի տուրք է մատուցել նաեւ Հեյդար Ալիեւի շիրիմինՙ դնելով երկրորդ ծաղկեպսակը:
Արմատներով հրեա Պրիմակովն, ըստ «Էխոյի», այցելել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող մի հրեական գյուղ: «Անմիջապես նրա ոտքերի տակ ոչխար մորթեցին: Ընդհանրապես, ոչխարներ մորթում էին Ղուբա քաղաքից դեպի գյուղ (հրեական) տանող ճանապարհին: Նման ձեւով կազմակերպված ոչխարների սպանդ սովորաբար տեղի է ունենում երկրի նախագահիՙ այս կամ այն բնակավայր այցելության ժամանակ», գրում է թերթը: