«Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ԼՂՀ-ում այն գլխավոր ֆինանսական օղակներից է, որի միջոցով հանրապետությունում իրականացվում են ռազմավարական կարեւորագույն ծրագրեր: Միեւնույն ժամանակ այս բանկն իրականացնում է արտասահմանյան ներդրումների հոսքը, որոնք Արցախի տնտեսության մեջ այսօր նշանակալից տեղ են գրավում:
Վերջին մի քանի տարիներին «Արցախբանկի» ակտիվները շոշափելիորեն աճել են: Եթե 2000 թ. դրանք եղել են 2.9 մլրդ դրամ, ապա 2004թ. անցած չորս ամիսների կտրվածքով կազմել են 16.3 մլրդ դրամ: Համապատասխանաբարՙ ընդհանուր կապիտալը 1 մլրդ դրամի փոխարեն կազմել է 2 մլրդ դրամ: 2003թ. ընթացքում բանկը շուրջ 11 մլրդ դրամի նպատակային վարկեր է տրամադրել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, իսկ վերջին երեք տարվա կտրվածքով վարկերի շրջանառությունը գերազանցել է 27 մլրդ դրամի սահմանը:
Օրերս բացվեց «Արցախբանկի» վարչական նոր շենքը: Նախկին «Ղարաբաղ» հյուրանոցի վերանորոգվող շենքի մի հատվածում տեղակայված բանկը, թե՛ արտաքին տեսքով եւ թե՛ սպասարկման հնարավորություններով, հաճելի իրողություն է Արցախի համար,, որի մասին բազմիցս արտահայտվել են այցելուները: Բացմանը հրավիրվել էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Արցախբանկ» ՓԲԸ գլխավոր բաժնետերերի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Արդեն Սելեֆյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Բանկի վարչության նախագահ Կամո Ներսիսյանը երախտագիտության խոսք հղելով գլխավոր բաժնետերեր Վարդան Սիրմաքեշին եւ Հրաչ Գաբրիելյանին, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանություններին եւ ՀՀ ԿԲ-ինՙ աջակցության ու արդյունավետ համագործակցության համար, ներկայացրեց ընկերության վերջին տարիների գործունեությունը:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը եւ Ա. Սելեֆյանը:
Գնահատելով «Արցախբանկի» գործունեությունը, Արկադի Ղուկասյանը մասնավորապես նշեց,, որ եթե այսօր Արցախն ունի 43.8 % տնտեսական աճ, ապա դրանում ծանրակշիռ ներդրում ունի «Արցախբանկը»: Նախագահը միաժամանակ շեշտադրեց ռիսկային գոտու հանգամանքը,, ասելով, որ չնայած դրան, ընկերությունը աշխատում է արդյունավետորեն, աջակցում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Նա գոհունակություն հայտնեց, որ բանկի եւ տեղական իշխանությունների միջեւ չկան տարաձայնություններ, անհարկի միջամտություն: Եվ, քանի որ հանրապետությունում առկա է օրենսդրական համապատասխան դաշտը, ապա խնդիրներ չեն առաջանում: Ա.. Ղուկասյանը անդրադարձավ նաեւ «Արցախբանկի» հաջողությունների նկատմամբ ադրբեջանական արձագանքներին, նշելով, որ հարեւան երկիրը ձգտում է ծուռ հայելու մեջ ներկայացնել ինչպես «Արցախբանկի», այնպես էլ այստեղ գործունեություն ծավալող բիզնեսմենների աշխատանքը: Սակայն այդ ամենը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել «Արցախբանկի» հետ համագործակցող ֆինանսական կառույցների արցախյան գործունեությանը:
ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը իր հերթին նշեց, որ ԼՂՀ-ն, ի դեմս «Արցախբանկի», ունի բանկային հուսալի համակարգ, եւ իրենք պարտավորություն ունեն նպաստելու բանկի ցուցաբերած ծառայությունները նոր քանակական ու որակական մակարդակի հասցնելուն: Նա գոհունակություն արտահայտեց, որ վերջին տարիներին «Արցախբանկի» բոլոր տնտեսական ցուցանիշները վերելք են ապրում,, ընդլայնվում է բանկի գործունեության տարածքը, նաեւ Հայաստանում, որտեղ «Արցախբանկն» ունի մասնաճյուղ:
Ա.. Սելեֆյանը անդրադառնալով Արցախի ռիսկային գոտի կոչվելունՙ նշեց,, որ դա թվացյալ է,, գործնականում այստեղ ոչ մի ռիսկ չկա, ընդհակառակըՙ ապահով շրջան է: Նա տեղեկացրեց,, որ առաջիկայում միջազգային Europay/Master-Card համակարգի անդամ դառնալու միջոցներ են ձեռնարկվում,, եւ ծրագիր կա մինչեւ 2006 թ. սկսել միջազգային քարտերի սպասարկումըՙ բաժանորդներին առնվազն չորս տիպի պլաստիկ քարտերի տրամադրումով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ