Ամերիկայի «Ֆայ թերա կապա» միջազգային պատվո ընկերակցության «Սիգմա ֆայ» մասնաճյուղի փոխնախագահ Սիմոն Մաղաքյանի նամակը տեղեկացնում է, որ Բուլղարիայի ամերիկյան համալսարանի ուսանող Ռաուֆ Զեյնալովից ստացել է «ներողություն» հայցող մի նամակ, որտեղ տասից շատ «ներողություն» (apology, sorry) բառն օգտագործելուց եւ իր սխալը հասկացած լինելը հավաստիացնելուց հետո խնդրում է իրեն տալ երկրորդ հնարավորություն ապացուցելու, որ ինքն իրականում այլ սկզբունքների մարդ է, եւ այդ ատելությամբ լի նամակն էլ. փոստի միջոցով հղել է Բուլղարիայի ամերիկյան համալսարանի «Արմինյն հաուս» էլ. գրադարանի վարչության պետ Կարեն Վրթանեսյանինՙ սոսկ «իր զգացմունքներին զոհ դառնալով»:
Ամբողջական պատկերացում ստանալու համար հետաքրքրվողներին խորհուրդ ենք տալիս կարդալ «Ազգ»-ի հունիսի 12-ի, 15-ի եւ 16-ի համարները: Հայ ժողովրդին ուղղված «վիրավորական խոսքերի եւ լուրջ սպառնալիքի» համար համալսարանի վարչությունն ադրբեջանցի Զեյնալովին զրկել էր աշնանային կիսամյակի դասընթացներին մասնակցելուց:
Մաղաքյանը բավարար չի համարում ներողություն հայցելը, հիշեցնելով, որ թուրքերը սովոր են չպահել իրենց խոստումները: «1909-ի Ադանայի ջարդերից հետո երիտթուրքերը խոստացան, որ «չի կրկնվի նման միջադեպ», բայց վեց տարի անց իրագործեցին Մեծ եղեռնը», գրում է նա, կոչ անելով Բուլղարիայի ամերիկյան համալսարանի վարչությանըՙ ավելի երկար ժամանակ տալ նրան լիովին գիտակցելու իր արարքի ծանրությունը:
Զեյնալովի նամակն, անշուշտ, ուղարկված է նաեւ համալսարանի վարչությանը: Դրանում գրելով, որ «Բաց հասարակության ինստիտուտի» կրթաթոշակը ինչքան անհրաժեշտ է իր համարՙ իրագործելու իր առաքելությունը որպես երիտասարդ խաղաղարար», նա խնդրում է հաշվի առնել իր «անկեղծ ներողությունները» եւ վերականգնել վստահությունը իր հանդեպ:
Սակայն, ինչպես Մաղաքյանն է իրավացիորեն մատնանշում, ինչպե՞ս կարելի է վստահել մի անձնավորության, որն, իր իսկ բառերով, «երբեմն չի կարող իր զգացմունքները զսպել» կամ կարող է գործել «թուլության պահի» ազդեցությամբ: Ամբողջ նամակը գրված է «դիվանագիտական» լեզվով ու համալսարանին գովաբանելու մարմաջով:
«Ազգ»-ի հունիսի 12-ի համարում գրել էինք, որ ըստ քաղված տեղեկությունների, Ռաուֆ Զեյնալովն աշխույժ գործունեություն ծավալող անձնավորություն է, որը կարողանում է միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մուտք գործել միջազգային ատյաններ: Այնպես որ Բուլղարիայի ամերիկյան համալսարանի վարչությունն իրոք պետք է շատ զգույշ լինիՙ նախքան նրան վերականգնելը որպես ուսանողի: