«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2004-06-19 | #114, 2004-06-22 | #115, 2004-06-23


ԱՎԱՐՏՎԵՑ «ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» 7-ԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

Ավարտելով արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում եւ սոցիալապես խոցելի ընտանիքներում դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին ուղղված ծրագիրըՙ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպությունը երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ իրենց հայաստանյան փորձի ամփոփում-եզրահանգում-մտահոգություններն արտահայտեցին:

1995 թ. Երեւանում ԲԱՍ-ը հանդիպում է ՍՃՓՀ-ով վարակված 13-ամյա մի աղջկա, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան էր, 199697 թթ. ԲԱՍ-ը կատարում է փողոցում հայտնված երեխաների իրավիճակի գնահատում եւ ծանոթանում նրանց դժվարություններին: 1997 թ. Հայաստանում նրանք սկսում են իրականացնել բժշկական, հոգեբանական աշխատանքների եւ բռնությունների դեմ պայքարի ծրագիրը Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում, որը փակ հաստատություն էր համարվումՙ ընդգրկելով 1218 տարեկան իրավախախտ եւ վատ վարք ունեցող պատանիների: Սակայն իրականությունը բոլորովին այլ էր, որովհետեւ կրթահամալիր էին տեղափոխվում ոչ միայն այսպիսիք, այլեւ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող ոչ վտանգավոր երեխաներ:

2003 թ. սեպտեմբերին անցկացված գիտաժողովին կազմակերպությունը ներկայացրել է ընթացիկ տարիներին հաստատությունում տիրող իրավիճակըՙ իրենց խմբի անդամների ուսումնասիրությունների ու փաստերի հիմնավորմամբ, հաստատությունը դիտարկելով իբրեւ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների վայր, որտեղ երեխաները ենթարկվում էին ծեծի, խոշտանգումների, ռեկետի, նրանց դրդում էին գողության, աշխատեցնում կամ ուղարկում մարմնավաճառության:

Լինելով բարեսիրական, մարդասիրական կազմակերպություն, ԲԱՍ-ն իր աջակցությունը նախ եւ առաջ տրամադրում էր կարիքի մեջ, սոցիալական, հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկային խմբերին: Շփվելով երեխաների հետ եւ նրանցից յուրաքանչյուրի հետ կատարելով անհատական աշխատանք, նրանք իրականացնում էին 24-ժամյա հերթապահություն, նաեւ բազմամասնագիտականՙ հոգեբանական, բժշկական, դաստիարակչական, սոցիալական ծառայություններ կատարում, որի շնորհիվ հաջողվել է բռնարար հսկիչների խումբը փոխարինել դաստիարակչական թիմով:

Ըստ կազմակերպության ներկայացրած տեղեկագրի, այս տարիների ընթացքում շոշափելի արդյունքների են հասել, հաստատությունում գրեթե վերացված է բռնությունը, նվազել է երեխաների ընդհանուր թիվը, 130 երեխա դուրս է գրվել կրթահամալիրից, նվազել է նաեւ հաստատություն տեղավորվողների, նաեւ օրինախախտ երեխաների քանակը: Այս ամենի համար կարեւոր դեր է խաղացել ծրագրի կանխարգելում ծառայությունը, որն սկսեց գործել, երբ պարզվեցին հաստատություն ոչ արդարացի տեղավորման բազմաթիվ դեպքեր: Եվ ահա կազմակերպությունն սկսեց հերթապահություն իրականացնել Երեւանի փողոցներումՙ համագործակցության համաձայնագիր կնքելով Շենգավիթ համայնքի թաղապետարանի հետ, որը նրանց տրամադրեց տարածք մշակույթի կենտրոնում: ԲԱՍ-ի ծառայության գլխավոր խնդիրը երեխաների պաշտպանությունն է: Կազմակերպությունը երեխաներին տրամադրել է բժշկական եւ հոգեբանական աջակցություն, նաեւՙ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, երբեմն տրամադրել կացարաններ կամ բնակվարձ, ապա եւ օգնել երեխային հասարակության մեջ ինտեգրվելուն:

Կատարված աշխատանքներով հանդերձ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն ավարտելով ծրագրի առաքելությունը Հայաստանում (նույն ձեւով շարունակվելու է իրականացվել մեկ այլՙ տուբերկուլյոզի բուժման 35 տարվա տեւողությամբ ծրագիր) մտահոգ է այդ երեխաների ապագայովՙ գտնելով, որ այսուհետեւ Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն հանրապետական հատուկ հաստատությունների բարեփոխմամբ եւ սոցիալապես վտանգավոր երեխաներին ուղղված ծրագրով:

«Հայաստանյան առաքելության» ղեկավար Քրիստիան Ֆերիեն արձանագրելով, որ հաստատությունում բռնություններ չնայած հիմա գրեթե չեն կիրառվում, այնուամենայնիվ, նշեց, որ դրանք չեն համապատասխանում երեխաների կարիքներին: Նուբարաշենի հատուկ դպրոցն այժմ զինվորական եւ սպորտային պատրաստվածություն է տալիս 810 տարեկան երեխաներին, սակայն երեխաների միջազգային կոնվենցիայի 38-րդ հոդվածն արգելում է մինչեւ 15 տարեկան երեխաներին զբաղվել զինպատրաստվածությամբ: Նա զարմանք ու տարակուսանք արտահայտեց, որ մինչ այդ կատարված բռնությունների համար որեւէ մեկը չպատժվեց:

«Հաստատություն ընդունվում են սոցիալապես վտանգավոր երեխաներ: Ինչո՞վ երեխան կարող է վտանգ ներկայացնել, հարց տվեց Քրիստիան Ֆերիեն: Ինչո՞ւ Գյումրուց երեխաներին տեղափոխում են Երեւան, կտրում իրենց արմատներից, ապա եւ թույլ չեն տալիս ինտեգրվել հասարակության մեջ, երբ հենց տեղում դրա հնարավորությունը կա»:

Երեխաներին ընտանիքից հեռացնելու որոշում կայացնող անչափահասների հանձնաժողովին անդրադարձավ «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի ղեկավար Ֆրանսուա Կոմպանը, նկատելով, որ սկզբնական շրջանում երեխաներին հավաքում ու տեղափոխում էին առանց իրենց եւ ծնողների կարծիքը հաշվի առնելու, իսկ հայաստանյան օրենսդրական դաշտում այս հարցերը կարգավորող նորմեր չկան: Նա նշեց, որ հաստատությունների անձնակազմը մեթոդական եւ վերապատրաստման կարիք ունի: Պրն Կոմպանը հիշեցրեց միջազգային կոնվենցիայի այն հոդվածը, ըստ որի երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվեն ծնողները, իսկ պետության պարտքն է օգնել նրանց:

ԲԱՍ կենտրոնական գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստոֆեր Բրաշերը համառոտ եզրափակեց ասուլիսը. «Յոթ տարիների ընթացքում փորձեցինք օգնել ծայրահեղ վիճակում գտնվող երեխաներին» եւ հույս հայտնեց, որ իրենց մեկնելուց հետո կշարունակվեն այդ աշխատանքները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4