Տրիպոլիում մեկնարկել է շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը: 128 մասնակիցների թվում են 8 հայ գրոսմայստերներ, որոնցից 7-ը ներկայացնում են Հայաստանը: Նրանցից 6-ը հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը եւ մտան հաջորդ փուլ: Վլադիմիր Հակոբյանը եւ Աշոտ Անաստասյանը միեւնույն 1,5–0,5 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար մեքսիկացի Խոսե Գարսիա Գոնսալեսին եւ չին շախմատիստ Բու Սյանչժիին: Միեւնույն 2,5–1,5 հաշվով Ասրյանը հաղթեց Եվգենի Ագրեստին, Մովսիսյանըՙ Կոնստանտին Լանդային, Արոնյանըՙ Մագնուս Կառլսենին: Սմբատ Լպուտյանը 2 պարտիաներն էլ իր օգտին գրանցեց Մերաբ Գագունաշվիլու հետ մրցախաղում: Անսպասելի թույլ հանդես եկավ Ռաֆայել Վահանյանը, որը 0–2 հաշվով զիջեց իրանցի Հայեմ Մագհամիին: Գաբրիել Սարգսյանի եւ Սերգեյ Տիվյակովի մրցավեճի հաղթողին որոշելու համար հարկ եղավ անցկացնել 7 պարտիա: 4–3 հաշվով հաղթեց Տիվյակովը:
Երկրորդ փուլում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Լեւոն Արոնյանը, որն առաջին պարտիայում պարտության է մատնել ադրբեջանցի Գադիր Հուսեյնովին: Ասրյան-Ադամս, Հակոբյան-Ադիանթո, Անաստասյան-Նելոթպալ, Լպուտյան-Մամեդյարով պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Սերգեյ Մովսիսյանը զիջել է հունգարացի Պետեր Աչին:
Հիշեցնենք, որ մասնակիցները վիճակահանությամբ բաժանվել են զույգերի եւ միմյանց հետ անցկացնում են երկու պարտիա: Եթե դրանք հաղթողին ի հայտ չեն բերում, ապա մրցակիցներն անցկացնում են եւս երկու պարտիա արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում նաեւՙ կայծակնային մրցախաղ: