ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Բրիտանացի խորհրդարանական, 66-ամյա Թերի Դեւիսն առաջիկա 5 տարիներին կզբաղեցնի Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս ընտրությունը հատկանշական է նրանով, որ 2002 թվականից Դեւիսը Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ղարաբաղի հարցով զեկուցողն է, եւ նրա պատրաստած զեկույցը հակամարտության մասին բանավոր պետք է այսօր ներկայացվի Ստրասբուրգում:
Սովորաբար բրիտանացի դիվանագետներն ասում են, որ իրենք երկրից դուրս թագավորին ծառայող ջենթլմեններ են (ասել է թեՙ ներկայացնում են Լոնդոնի դիրքորոշումները), երկրի ներսումՙ ընդդիմադիր կամ ցինիկ: Թե որքանով է վերոնշյալն ընդունելի Դեւիսի համար, կարելի է միայն ենթադրություններ անել: Եվրոխորհրդի նոր գլխավոր քարտուղարը, մյուս կողմից, ընկալվում է Մ. Նահանգների «ներկայացուցիչը» Եվրոխորհրդում:
Նախքան գլխավոր քարտուղարի քվեարկությունը Դեւիսն ասել է, որ անգամ ընտրվելու դեպքում շարունակելու է հետաքրքրվել Ղարաբաղով եւ չի դադարեցնելու իր աշխատանքները հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվրոխորհրդիՙ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրությունը չպետք է պայմանավորել անձերով: Սակայն, մյուս կողմից, ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցողի ընտրությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակել Եվրոխորհրդի առավել լուրջ ներգրավում կարգավորման գործընթացում:
Երկու օր առաջ Եվրոխորհրդի գործող գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հիշեցրեց, որ եվրոպական այս կազմակերպությունը Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունեց իր շարքերը, որպեսզի վերջ դնի «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» վիճակին, որն «այլեւս հնարավոր չէ հանդուրժել»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման հարցում ստանձնել է մեծ պատասխանատվություն, սակայն ես կարծում եմ, որ այս հարցում Եվրոխորհուրդն անելու բան ունի», ասել է Շվիմերը:
Եվրոպական կառույցների, առաջին հերթին Եվրոխորհրդի եւ Եվրոմիության շահագրգռվածությունըՙ առավել ներգրավվել ղարաբաղյան կարգավորման հարցում, վերջին շրջանում դարձել է իրողություն: Ընդ որում, Եվրոպայի չինովնիկներին այնքան էլ չի հետաքրքրում ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ազգերի ինքնորոշման եւ ո՛չ էլ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Նույն Թերի Դեւիսի ավելի վաղ արված հայտարարությունները հուշում են, որ Եվրոպայի համար առաջնային են փախստականների ու տեղահանվածների, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ նմանօրինակ այլ հարցեր:
Ղարաբաղյան հարցը Եվրոխորհուրդ տանելը կամ այս կազմակերպության առավել ակտիվ ներգրավումը կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շահեկան չէ մի շարք առումներով: Նախՙ ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի հոլովույթում է Ղարաբաղի խնդիրը, Եվրոխորհուրդն առավել հակված է հակամարտության կողմեր դիտելու Երեւանին եւ Բաքվին, իսկ Եվրոպայի չինովնիկներն օգտագործում են «հայ-ադրբեջանական հակամարտություն» ձեւակերպումը, ինչը նշանակում է ղարաբաղյան խնդրի էության խեղաթյուրում:
Երկրորդ, ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովը հստակ նշում է հակամարտության երեք կողմիՙ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան, մինչդեռ Եվրոպայի համար (ե՛ւ Եվրոխորհրդի, ե՛ւ Եվրոմիության) նման հարցեր գոյություն չունեն: Պետք է հաշվի առնել, որ Եվրոխորհրդի անդամ են ԵԱՀԿ կողմից հակամարտության կողմեր ճանաչված երեք միավորներից երկուսըՙ Հայաստանն ու Ադրբեջանը: Եվրոպան մեր տարածաշրջանը դիտում է տնտեսական մեկ միավոր, որտեղ սահմանները կարեւոր չեն:
Երրորդ, Եվրոխորհրդում շատ ավելի դժվար կլինի 45 տաբեր պետությունների հարյուրավոր չինովնիկների հետ աշխատելը: Հունվարին Ստրասբուրգում Ղարաբաղի հարցով ընդունվեց Հայաստանի համար տհաճ զեկույց, ըստ էության մեր երկիրը հռչակվեց օկուպանտ: Հայաստանը Եվրոխորհրդում, մեծ հաշվով, չունի դաշնակից նաեւ այն պատճառով, որ մեր խորհրդարանական պատվիրակությունը երկրից դուրս ոչ թե թագավորի ծառայող ջենթլմեն է, այլ ընդդիմադիր: Մինչդեռ Ադրբեջանի պատվիրակությունը, առավել եւս Ղարաբաղի հարցում, պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը:
Բացի այս ամենից, Եվրոխորհրդի նոր գլխավոր քարտուղարը բրիտանացի է, իսկ բրիտանական քաղաքականությունը Կովկասում դժվար թե չլինի ադրբեջանամետ, հատկապես արդի ժամանակներում, երբ Կովկասից նավթի հոտ է փչում: