«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2004-06-22 | #115, 2004-06-23 | #116, 2004-06-24


ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դրա հիմքում Իսրայելի ներթափանցումն ու ակտիվ գործունեությունն են Հյուսիսային Իրաքում

Վերջին շրջանում պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության իրականացման համար Իսրայելին քննադատելը, իսկ «Համասի» առաջնորդների սպանության համար վարչապետ Արիել Շարոնին դատապարտելը սովորական են դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Դրան զուգընթաց Քրդստանի ժողովրդավարական կոնգրեսը չեղյալ է հայտարարել դեռեւս Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո փոխադարձ պայմանավորվածության արդյունքում PKK-ի հայտարարած ավելի քան 5 տարվա վաղեմության զինադադարը: Այս ամենի հետեւանքով Թուրքիայում վերսկսվեց քրդերի զինյալ պայքարը:

«Ազգը» հունիսի 17-ի համարում, անդրադառնալով զինադադարի հարցին, դրանից վերոհիշյալ կոնգրեսից հրաժարվելու առնչությամբ, կարծիք էր հայտնել, որ խնդիրը քրդերը չեն, այլ քրդական հարցի միջազգային հնչեղությունն ու այդ հարցում ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահախնդիր շահագրգռությունները, որոնք, թերեւս, պայմանավորված են Թուրքիային զսպաշապիկ հագցնելու հանգամանքով:

Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները հաստատեցին մեր կարծիքը: «Անատոլու» գործակալության հունիսի 23-ի հաղորդագրությամբ Թուրքիան դիմել է Վաշինգտոնին եւ հետեւողականություն է պահանջել Իրաքի հյուսիսում PKK-ի իրավաժառանգորդ Քրդստանի ժողովրդավարական կոնգրեսի գործունեության առնչությամբ: Այլ կերպ, Թուրքիայում PKK-ի ակտիվացումը պայմանավորվել է այդ գործունեությամբ: Հետեւողականության պահանջը տվյալ դեպքում համազոր է գործունեությունը դադարեցնելու պահանջին: Ամենայն հավանականությամբ, դադարեցման հարցը կդրվի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առջեւ, երբ նա ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի նախօրյակին կայցելի Անկարա:

Այդ ընթացքում «Պուլիցերի» մրցանակակիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հունիսի 21-ին CNN-ի էկրանից հայտարարել է դեռեւս 6 ամիս առաջ Իսրայելի Հյուսիսային Իրաք ներթափանցման մասին, որտեղ համագործակցելով քրդերի հետՙ սկսել են ակտիվ գործունեություն ծավալել «Մոսսադը» եւ իսրայելական զինվորական հրահանգիչները: Ըստ լրագրողի, եթե «Մոսսադը» քրդերի շրջանում հետախույզներ է հավաքագրելՙ պարսկերենի պարտադիր իմացությամբ, եւ նրանց հետ ներխուժել է Իրան, ապա հրահանգիչները ձեռնամուխ են եղել 6 հազար 500 քուրդ փեշմերգենների մարզմանը, տալով նրանց կոմանդոսի մարտական պատրաստվածություն, ինչն անհանգստություն է պատճառել Թուրքիային:

Սեյմուր Հերշը հեռուստաելույթում ներկայացրել էր «Նյու Յորքեր» հանդեսի համար գրված հոդվածը, որը լույս է տեսել հունիսի 22-ին: Մինչ հոդվածի լույս տեսնելն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան խոսնակ Մարկ Ռեգեւն արձագանքել է Հերշի ելույթին եւ հերքել դա: Սակայն ի պատասխան դրան, Հերշը նշել է, որ ինքը Ռեգեւին լավ է ճանաչում, հետեւաբար նրա հերքումը զարմանալի չէ:

Հունիսի 20-ի համարում Հերշին է լրացրել «Նյու Յորք թայմսը», ընդգծելով, որ քրդերը Հյուսիսային Իրաքից վտարել էին արաբներին եւ թուրքմեններինՙ շրջանի ազգագրական նկարագիրը հօգուտ իրենց փոխելու համար, նույնը սկսել են կատարել նաեւ ամերիկյան զինվորների վերահսկողության տակ գտնվող Քիրքուքում: Ամերիկյան թերթը դա պայմանավորում է նավթի պաշարներով հարուստ Քիրքուքը քրդական ապագա պետության մայրաքաղաքը դարձնելու քրդերի հավակնություններով: «Նյու Յորք թայմսի» տվյալներով քուրդ առաջնորդների (Թալաբանիի եւ Բարզանիի) որդեգրած էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Իրաքի հյուսիսից տեղահանված 100 հազար արաբներ փախստականի կարգավիճակով հայտնվել են երկրի կենտրոնական հատվածում, որտեղ օրըստօրե ծավալվում է դիմադրությունը: Թերթում միաժամանակ նշվում է, որ հակաիրաքյան պատերազմի նախօրյակին Մահմուրի շրջանում արաբները կազմում էին բնակչության 80 տոկոսը: Ներկայումս շրջանը 80 տոկոսով քրդերով է բնակեցված:

Հատկանշական է, որ 6 հազար 500 քուրդ փեշմերգեններին մարզելու Հերշի պնդումն էլ հերքել է Թուրքիայում Իսրայելի դեսպանը: Հակառակ դրան, Հերշը մասնակցելով CNN-Turk-ի հաղորդմանը, Իսրայելի ներթափանցումը Հյուսիսային Իրաք պայմանավորել է Իրանի եւ Սիրիայի վրա հսկողություն սահմանելու մտադրությամբ, ապա եւ ավելացրել է. «Թուրքիայի նկատմամբ Իսրայելը պետք է ավելի ազնիվ լինի»: Անուղղակիորեն Հերշին է հաստատել Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարելով. «Իսրայելն իրողություն է ինչպես ազգային, այնպես էլ պետական: Երբ նրա հետ հարաբերվում են արաբական երկրները, մենք չենք կարող արաբներից ավելի արաբ լինել»:

Այլ կերպ, Բարզանին Իսրայելի հետախուզական եւ ռազմական կառույցների հետ Հյուսիսային Իրաքում քրդերի համագործակցությունը համարել է բնական: Ուրեմն, ավելի քան բնական պետք է համարել պաղեստինցիների նկատմամբ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության համար Իսրայելին, իսկ «Համասի» առաջնորդների սպանության համար Շարոնին Էրդողանի հասցեագրած քննադատությունների անմիջական պայմանավորումը Հյուսիսային Իրաքում «Մոսսադի» եւ իսրայելական զինվորականության գործունեությամբ:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Էրդողանի խնդիրը ոչ այնքան պաղեստինցիներն են կամ «Համասի» առաջնորդները, որքան վերոհիշյալ գործունեությունը: Ըստ երեւույթին, քննադատությունները զայրացնում են Իսրայելի ղեկավարներին, որ անցյալ շաբաթ նրանք էլ Թուրքիայի վարչապետին մեղադրեցին տարածաշրջանի իրողություններից անտեղյակության մեջ: Իսկ երկրի արտգործնախարար Սիլվան Շալոմը, ինչպես այդ մասին հունիսի 23-ին տեղեկացրել է թուրքական «Ռադիքալ» թերթը, նախազգուշացրել է, որ Իսրայելի համբերությունն անսահման չէ, հետեւաբար չի կարող երկար ժամանակ անպատասխան թողնել Էրդողանի քննադատությունները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4