Պրահայից վերադառնալով Բաքու, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական հեռուստատեսությանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ իր հանդիպումը Վարդան Օսկանյանի հետ կարելի է որակել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հերթական քայլ: Ըստ Մամեդյարովի, կողմերը հնարավորություն են ստացել մոտիկից ծանոթանալու միմյանց դիրքորոշումներին: Դեռեւս վաղ է խոսել այդ բանակցությունների կոնկրետ արդյունքների մասին, հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ձգվում է 16 տարի, մինչդեռ արտգործնախարարներն ընդամենը երեք անգամ են հանդիպել:
Մամեդյարովն ասել է, որ արտգործնախարարների չորրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մինչ այդ, ինչպես նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, հունիսի 28-29-ը Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Պաշտոնական Երեւանն առայժմ չի հաստատում Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հանդիպման հավանականությունը: