ՍՏԱՄԲՈՒԼ, 23 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Փուլաթ Թահարը գտնում է, որ Թուրքիայի հայերը թե որպես փոքրամասնության անդամ, թե որպես երկրի քաղաքացի, պիտի օգտվեն բոլոր իրավունքներից: Այս մասին նա հոդված է հրապարակել «Ռադիկալ» թերթում, մասնավորապես անդրադառնելով նաեւ ցեղասպանությանը, որտեղ դնում Է նաեւ իշխանությունների կողմից հրապարակ նետված «խայծը». խնդիրը թողնել պատմաբաններին:
Նա գրում է, որ Թուրքայի հայերը պիտի կալվածատիրության իրավունք ունենան, զարկ տան մշակութային հարաբերություններին, այցելություններին, որ երկու ժողովուրդները (Հայաստան եւ Թուրքիա) պիտի ավելի լավ ճանաչեն իրար: Այսքանից հետո Թահարը Հայաստանին նույնպես թելադրանքներ ունի, նկատում է Փարիզում լույս տեսնող «Յառաջը»: Հայաստանը, ըստ նրա, պիտի հրաժարվի Թուրքիայի արեւելյան շրջանները Արեւմտահայաստան կոչելուց, եւ ժողովուրդները պիտի զորակից լինեն, որ մոտ հարյուր տարի առաջ տեղի ունեցած «շատ ցավալի» պատահարները չկրկնվեն: