«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2004-06-22 | #115, 2004-06-23 | #116, 2004-06-24


ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Քաղաքապետը մի խոստում է միայն կատարելՙ վերացրեց տրամվայը

Մոտ մեկ տարի է, ինչ Երեւանի քաղաքապետ է նշանակվել Երվանդ Զախարյանը: Նրա նշանակման առաջին օրերին հաջորդած միամիտ հույսերը, թե հերթական քաղաքապետը, ի վերջո, կզբաղվի մայրաքաղաքի հոգսերով, շատ շուտով ի դերեւ եղան: Ժամանակը ցույց տվեց, որ չնայած իր եւ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների բազում խոստումներին, Երեւանի խնդիրներից եւ ոչ մեկը չլուծվեց: Հերթական անգամ մայրաքաղաքի բնակչության կարծիքը այս կամ այն խնդրի առնչությամբ կոպտորեն արհամարհվեց: Սակայն ավելի առարկայական լինելու համար անդրադառնանք այդ խնդիրներին առանձին-առանձին եւ դրանք լուծելու քաղաքապետարանի խոստումներին:

Երեւանցիներին առավել մտահոգող խնդիրներից է կանաչ տարածությունների հոշոտման հաշվին, առանց քաղաքաշինական տարրական նորմերը ապահովելու սրճարաններ եւ ռեստորաններ կառուցելու տենդը: Քաղաքապետը մեկ անգամ չէ, որ խոստացել է պայքարել դրա դեմ, անգամ հրապարակավ հայտարարել, որ սրճարան կառուցելու նպատակով այլեւս հողահատկացում չի արվելու: Սակայն այդ ընթացքում նոր սրճարաններ կառուցվեցին օղակաձեւ զբոսայգում եւ սկսվեց դրանց կառուցումը նաեւ Ավետիք Իսահակյանի արձանի շրջակայքում: Կանաչ տարածությունները շարունակվեցին ավերվել «Հաղթանակ» զբոսայգում, Նորք-Մարաշի բարձունքում, Դալմայի այգիներում: Անտեղյակներին հիշեցնենք, որ ինչ էլ ասի Երվանդ Զախարյանը եւ ինչպես էլ փորձի արդարանալ, միեւնույն է, հողահատկացման համար թույլտվությունը տրվում է նրա ստորագրությամբ: Հետեւաբար, կարող ենք փաստել, որ քաղաքապետը վերեւում հիշատակած իր խոստումը չի կատարել, ավելին, ինքն է թույլատրել նոր հողահատկացումները նշված վայրերում: Այստեղ չի կարելի չհիշատակել նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որն այս ամենի նախաձեռնողն ու ոգեշնչողն է եղել: Բնականաբար, ոչ նախկին գլխավոր ճարտարապետը, ոչ քաղաքապետը որեւէ մեկի գեղեցիկ աչքերի համար չէին դա անում:

Հաջորդ մեծադղորդ խոստումը, որն ուղեկցվեց լայն քարոզչությամբ, ապօրինի կառույցների քանդելուն էր վերաբերում: Յուրաքանչյուր համայնքում մեկ-երկու խեղճուկրակ կրպակ ու կիսակառույց քանդելուց հետո դրա մասին մոռացան: Բնականաբար, չքանդվեց քաղաքապետարանի կողմից քանդման ենթակա 125 բենզալցակայաններից եւ 105 գազալցակայաններից ոչ մեկը: Սա էլ քաղաքապետի «ճշմարտախոսության» մյուս վկայությունը: Չխոսենք այն մասին, որ Երեւանի սրճարանային-ռեստորանային համալիրների զգալի մասն ապօրինի է: Դրանց քանդման կամ օրինականացման մասին անգամ չի էլ խոսվում: Դե եթե խոստացվածը չի կատարվում, ապա ինչ կարելի է ասել մնացածի մասին:

Փողոցային առեւտուրը վերացնելու խոստումը տվել են բոլոր քաղաքապետները: Ներկա քաղաքապետը խոստացավ, որ այս հարցում ինքը վճռական է տրամադրված: Բավական է շրջել քաղաքի կենտրոնական եւ մյուս մարդաշատ վայրերովՙ զգալու համար քաղաքապետի խոստման արժեքը: Սննդամթերքն ու էժանագին հյութերն ամենուր են, որոնց առողջության համար վտանգավոր լինելը բազմիցս են նշել մասնագետները: Սակայն քաղաքապետի «վճռական տրամադրվածությունը» չի երեւում:

Դեռեւս անցյալ տարվանից խոսվում է Հրազդանի կիրճում գտնվող օբյեկտների համար ջրահեռացման ցանց կառուցելու մասին: Կեղտաջրերի հեռացման անհրաժեշտության մասին խոսակցություններն ավելի սրվեցին Հրազդանի գարնանային վարարումներից հետո: Սակայն այդ խոսակցություններն այդպես էլ մնացին խոսակցություններ: Քաղաքապետարանի պաշտոնյաների «ահեղ» զգուշացումները, թե կեղտաջրերի հեռացման կոյուղագծեր չկառուցելու դեպքում այդ օբյեկտները կքանդվեն, իրենց տեղն այժմ զիջել են օբյեկտների տերերի հետ համաձայնության գալու մասին հայտարարություններին: Կարելի է միայն գլխի ընկնել, թե ինչու քաղաքապետարանի չինովնիկներն այդպես կերպարանափոխվեցին, ինչի արդյունքում մինչ այժմ այդ կոյուղագծերը չեն կառուցվել:

Քաղաքապետարանի պաշտոնյաները բազմիցս հավաստիացրել էին նաեւ Ֆիրդուսու շուկայի տեղափոխման վճռականության մասին, որտեղ հակահրդեհային եւ առեւտուր իրականացնելու համար ամենատարրական պայմանները բացակայում են: Այդ շուկա-տոնավաճառը, սակայն, անկախ տեղափոխելու քաղաքապետարանի խոստումներից, այսօր էլ գործում է:

Երեւանի մեկ այլ կարեւորագույն խնդրիՙ հասարակական տրանսպորտի կարգավորման վերաբերյալ քաղաքապետը դեռ շարունակում է խոստումներ տալ: Անգամ մի քանի տասնյակ ավտոբուսներ բերվեցին, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերել դեռեւս նախորդ քաղաքապետը, եւ որոնց մի մասն է միայն ներկրվել: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներին, ապա նրանց հարցը քաղաքապետարանը բավականին յուրօրինակ ձեւով լուծեց, ինչից մինչ այժմ էլ տուժում ենք բոլորս: Դեղին համարանիշների ներդրումից հետո մայրաքաղաքը սպասարկող մոտ 4000 երթուղային տաքսիներից մնացին 3000-ը: Ճիշտ է, նախկինում ստվերում գործող 2000 միկրոավտոբուսներից մոտ 1000-ը սկսեցին գործել օրինական դաշտում, բայց մոտ 1000-ն էլ դուրս մնացին երթուղիներից, պատճառ դառնալով տրանսպորտային սպասարկման աննախադեպ վատթարացման: Տրանսպորտային թեման շարունակելով չենք կարող չնշել Երվանդ Զախարյանի մեկ այլ խոստում, որը, նա, ի տարբերություն մյուսների, միչեւ վերջ կատարեց: Խոսքը երեւանյան տրամվայի վերացման մասին է, ինչը նա խոստացել էր քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո:

Կարծում ենք, վերոնշյալը բավարար է համոզվելու, որ Երվանդ Զախարյանը, մեղմ ասած, չի փայլում ճշմարտախոսությամբ, եւ նրան առանձնապես չեն հետաքրքրում երեւանցիներն ու նրանց հուզող խնդիրները: Հետեւաբար, նման քաղաքապետի կարիք մայրաքաղաքը չունի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4