25 ՀՈՒՆԻՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով օրերս ԵԱՀԿ-ի հովանու ներքո Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած թվով երրորդ հանդիպման արդյունքներին, նշել է, որ Պրահայի հանդիպման բոլոր մասնակիցները, այդ թվում եւ երկու պետությունների արտգործնախարարները, բավական դրականորեն են գնահատել բանակցությունների արդյունքները: «Քննարկումները շատ պրոֆեսիոնալ եւ կառուցողական բնույթ էին կրում: Ինչ վերաբերում է իմ գնահատականին, ապա այն դեռեւս վաղաժամ է հնչեցնել», ասել է նա, ընդսմին նշելով, որ «տվյալ փուլում հարկ չկա սպասել ինչ-որ ճեղքումներ»: Ապագա բանակցությունների օրակարգի նախապատրաստման գործընթաց է ընթանում, ավելացրել է համանախագահը: Այն հարցին, թե կողմերը քննարկե՞լ են արդյոք կոնկրետ առաջարկություններ, Մերզլյակովը անհրաժեշտ է համարել պահպանել բանակցությունների խորհրդապահությունը, ավելացնելով, որ ներկա փուլում «պատրաստի փաստաթղթեր չեն քննարկվում»:
Բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ներկայացուցիչների ներգրավվելու առթիվ ռուսաստանցի համանախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմերից մեկն է: «Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը դրված է հրադադարի մասին համաձայնագրի տակ: Դրանից հետեւում է, որ որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայությունն անհրաժեշտ կդառնա», նշել է նա:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բանակցային գործընթացի այնպիսի սցենար, երբ Հայաստանի դերը հետին պլան մղվի, Մերզլյակովը պատասխանել է, թե «բանակցային գործընթացին Հայաստանի մասնակցությունն անհրաժեշտ է, քանի որ հակամարտությունը ներպետական միջէթնիկականից վերաճել է միջպետականի»: Նա նաեւ հայտնել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսուլտացիաները շարունակելու շուրջ: Բանակցությունների չորրորդ փուլը, ինչպես սպասվում է, տեղի կունենա օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին:
Մինսկի խմբի համանախագահը տեղեկացրել է, որ ծրագրվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: «Մենք կցանկանայինք տարածաշրջան այցելել հուլիսի կեսին», ասել է նա: Ըստ Մերզլյակովի, այցի ընթացքում ամփոփվելու են նախորդ խորհրդակցությունների արդյունքները, եւ ճշտվելու են խորհրդակցությունների հաջորդ փուլին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներիՙ Աստանայում ծրագրվող հանդիպմանը քննարկվելիք հարցերը (սեպտեմբերի 15-16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենալու ԱՊՀ-ի երկրների գագաթաժողովը):
Ռուսաստանցի համանախագահն անհանգստություն է հայտնել վերջին ժամանակներս հայ-ադրբեջանական սահմանում հաճախացած փոխհրաձգության առնչությամբ: «Մեր գնահատականներում մենք հիմնվում ենք ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հաղորդումների վրա, որը հունիսի 12-ին եւ 15-ին մոնիթորինգ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի զինուժերի շփման գծում: Նրա զեկուցագրերի հիման վրա համանախագահների երկրների դեսպանները Բաքվում եւ Երեւանում իրենց մտահոգությունն են հայտնել նախագահներին եւ կոչ են արելՙ թույլ չտալ ստեղծված իրադրության բարդացում: Գնահատականը մեկն էՙ խախտվում է հրադադարի մասին համաձայնագիրը եւ դրան անհրաժեշտ է ըստ կարելվույն արագ վերջ դնել»:
Այն առնչությամբ, որ այսօր հաճախ է խոսվում ղարաբաղյան հակամարտության իրավական լուծման անհրաժեշտության մասին, Յուրի Մերզլյակովն ասել է, որ, իր կարծիքով, «այստեղ իդեալական իրավական լուծում չի կարող լինել»: «ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին ներպետական հարաբերությունները շատ անկայուն էին, անորոշ, հաճախ էին փոխվում. տեղի էր ունենում կենտրոնի հետ մի շարք միութենական հանրապետությունների դիմակայություն,-ասել է դիվանագետը:-Եթե հիմնվելու լինենք այն պահին գոյություն ունեցող ներպետական նորմաների վրա, ապա անհրաժեշտ է խոստովանել, որ նախ դրանք բավական հակասական բնույթ էին կրում, եւ այդ ամենը հակասության մեջ էր մտնում միջազգային իրավունքի հետ, որում նույնպես ամրագրված են երկու նորմերՙ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի»: «Ուստի իդեալական իրավական լուծում, ըստ իս, անհնար է գտնել, եւ այն պետք է լինի գլխավորապես քաղաքական», ընդգծել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: