«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՔՆ ԱՎԵԼԻ՞Ն Է, ՔԱՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆԸ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մայիսի 27-ից հունիսի 18-ը 1950 ՀՀ քաղաքացիների եւ 50 փորձագետների շրջանում «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը» թեմայով հարցում է անցկացրել եւ երեկ արդյունքները հրապարակեց սեմինար-քննարկման ընթացքում: Հարցվածների փորձագետներՙ 20 տոկոսը, քաղաքացիներՙ 14,1 տոկոսը իրեն լիովին տեղյակ է համարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկա վիճակից, մասամբ տեղյակներն առաջին դեպքումՙ 72, երկրորդ դեպքում 74,7 տոկոսն են: Տեղեկացման հիմնական աղբյուրը հեռուստատեսությունը, ապա մյուս լրատվամիջոցներն են, որոնք հարցման արդյունքներին նայելով ավելի վատ են աշխատում: Փորձագետների 60, քաղաքացիներիՙ 64,9 տոկոսն այսօր ղարաբաղյան հիմնահարցը ՀՀ-ի առաջնային խնդիրն են համարում, որի լուծումը ՀՀ իշխանություններից սպասում է միայն հարցվածների 2,5 տոկոսը: Թերեւս սա էլ իշխանությունների նկատմամբ անվստահությունից բխող երեւույթ է, որ արտահայտվել է նաեւ «Եթե ինչ-որ չափով գոհ չեք ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացից, ապա ո՞ւմ եք մեղադրում» հարցի պատասխանում: Նախկին իշխանություններին մեղադրում է հարցվածների 18, գործող իշխանություններինՙ 42 տոկոսը:

Նոր պատերազմի դեպքում 67,7 տոկոսը պատրաստակամ է երկրի պաշտպանությունը ստանձնելու, իսկ 32,3 տոկոսըՙ ոչ: Իսկ հիմնախնդրի լուծման եւ հենց այս փուլում սառեցնելուն դեմ է 55,8, կողմՙ 44,2 տոկոսը:

Սեմինարի մասնակիցները հարցախույզի արդյունքների համադրումից հետեւեցրին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է հանրության վստահությունը վայելող իշխանություն ունենալ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4