1869-1935
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Չեմ գիտեր, որ արդյոք դուք ալ երբ լսում եք Կոմիտաս վարդապետի մեկ երգը, ունենու՞մ եք այն զգացումը կամ ապրումը, որ ո՛չ միայն վայելում եք գերագույն լսողական հաճույք, ձեր սիրտը դողու՞մ է ազգային հպարտությամբ, այլ նաեւ խորքեն եկող տանջալի զգացումը մը, որ տեսակ մը հանցավոր եք, որ ժամանակին չեք կարողացել օգնության հասնիլ հարազատի մը, որ վտանգի մեջ էր: Չե՞ք ապրում թերարժեքության զգացումը, ափսոսանքի զգացում մը, անկարողության եւ պարտության զգացում մը, մեր պաշտելի Վարդապետին երգը չի՞ ճմլում ձեր սիրտը, որպեսզի մենք չմոռանանք, որ ունենք սիրտ սրտցավ: Վերջերս բախտը ունեցա կարդալու 2000 թվին Գրականության եւ արվեստի թանգարանի լույս ընծայած գիրքը. «Կոմիտաս, նամակներ»:
Չեմ կարծեր, որ ապրող մի հայ իմացած չըլլա Կոմիտաս վարդապետի անունը կամ լսած չըլլա Կոմիտաս վարդապետի երգերը, բայց եթե կա այդ տեսակ հայ, ուրեմն նա սկսել է կորցնել իր հայությունը: Շատերու պես ես ալ գիտեմ Կոմիտաս վարդապետի կենսագրությունը, ընդհանուր առմամբ: Մի քանի պարզ նախադասություններու մեջ ալ կարելի է ամփոփել իր կենսագրությունը: Կոմիտաս վարդապետ աշխարհ եկավ, որ գրեթե իր ամբողջ կյանքը, կյանքի բոլոր վայրկյանները ապրի հայ ժողովրդին, հայ եկեղեցիին եւ հայ երգին համար: Եվ ուզում էր շարունակել ապրիլ հայ ժողովրդին, հայ եկեղեցիին եւ հայ երգին համար, նվիրաբերելով իր ամբողջ արյունը եւ միտքը: Բայց իր հայրենակիցներուն հետ մահվան դատապարտվեցավ:
Ուզում եմ ավելի շատ իմացած ըլլալ Կոմիտաս վարդապետին մասին եւ, ահավասիկ, այս նամակներըՙ գրված երկու տասնամյակների ընթացքումՙ հայրենակիցներու, գործընկերներու, հայ մտավորականներու:
Նամակներու լեզուն պարզ է եւ աշխույժ, եւ այնտեղ մենք իմանում ենք Կոմիտասի կյանքի մասին, մտահոգություններու, իր գործին հետ կապված հիմնականում:
Եվ գրեթե չենք հանդիպելու կենցաղային վիճակներու մասին հիշատակումներ: Ինքը, իր կյանքին ամեն մի վայրկյանը կլանված է իր ստեղծագործություններով, իր կյանքը հայ մարդու ստեղծած երաժշտությունն է սկիզբեն ի վեր, որուն մեջ, մանավանդ, Կոմիտասը պատկերացնում է հայ ազգը: Հայ երգը, հայ երաժշտությունըՙ ահավասիկ Կոմիտաս վարդապետի սրբություն սրբոցը: Ինքը աշխարհ եկած է պաշտելու եւ իր կյանքի գնով պաշտպանելու այդ Սրբություն Սրբոցը, օգնելու եւ պատրաստելու օժտված մարդիկ, որ օգնեն իրեն շարունակելու իր սկսած գործը: Ուսուցանելը, ահավասիկ, իր ապրելու իմաստներեն մեկն ալ, որովհետեւ ինքը, նախ ամենեն ավելի ժամանակ եւ եռանդ է ծախսում սորվելու համար: Ահավասիկ մի քանի մեջբերում իր նամակներից:
«Ես պատրաստ եմ, որպէս ցայսօր, իմ բոլոր ջանքերս ու ճիգս նուիրել մի այսպիսի սուրբ գործին. սուրբ գործին, որ ինձ ոգեւորել է դեռ տղայ տիոցս. սուրբ գործին, որ ինձ քաշել ու կապել է Մայր Աթոռին. սուրբ գործին, որ ինձ ուղիղ 20 տարի յոյս է ներշնչել եւ սակայնՙ սուրբ գործին, որ ինձ արծաթ յուսով օրօրել, տոգորել ու մեծցրել էՙ առանց իրականանալու...»:
«Դուք արդեն քաջ գիտեք, թէ ինչպիսի մեծ փրկութիւն է ծախսւած մեր եղանակներն անաղարտ պահելուց եւ ժողովրդի ու իր եկեղեցու ազնիւ ու մաքուր սիրտը ճանաչելուց»:
«Վերջին 20-30 տարիները պատկերացնում են մեր հոգեւոր երաժշտութեան աստիճանական անկումըՙ ընդհանուր հայ եկեղեցիներում... Պատարագի երգերն գրեթէ անխտիր օտարամուտ եւ անճաշակ եղանակներ են... Ազգային ճաշակն օտարացած եւ խորթացած, աւելին կասենքՙ ծաղրի առարկայ դարձածՙ յանձին տգէտ եւ անձնապաստան դպրապետների, որոնք չգիտեն իրանցը, չեն էլ ուզում որոնել, սովորել եւ արհամարհելով ամէն ինչՙ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրօք կործանարար երաժշտութիւն»:
«Լաւ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցած է, եթէ չամաչեմ լաց լինելու, ցաւերս շատացել են: Տես աչքովդ, թէ ինչպէս մարդիկ աւերում, կործանում են պատիւ, անուն, եկեղեցի, սրբութիւն եւ ինչպէս գործիք են դառնում չարի ձեռին, եւ ապա մի լցուիր, մի լար, մի ողբա Խորենացու պէս, իր իսկ ողբով. այժմ նույն պատկերն է մեր շուրջը, եւ նորա ուրուականն է ողբում մեր անբուժելի ցաւերը»:
«... կարծես մեր հայերիս ընդհանուր յատկութիւնն է, որ չենք կարողանում մի բան մինչեւ վերջը տանել, մակերեսային կամ բնաւ զարգացում չառնելովՙ միշտ անկատար ու պակասաւոր մարդիկ ենք հասցնում»:
«Իւրաքանչիւր ազգի երաժշտութիւնը բխում է իր մայրենի լեզուի չորս անբաժան յատկութիւններիցՙ ամանակ, ելեւէջ, հնչիւն եւ ոգի. սոքա են պատկերացնում մտքի եւ զգացմունքի աշխարհները»:
«Միակ ցանկութիւնս եւ բուռն փափագս է բանալ այն վարագոյրը, որով ծածկուած են մեր հին եւ բնիկ եղանակները մեր սրտի եւ հոգու առաջ»:
«Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբախտ հայրենիքը աւելի գեղեցիկ է»:
Երբ նամակներու ընթերցումը հասավ մի պահի, ինձ այնքան ընկճված զգացի, որ որոշեցի դադարեցնել ընթերցումս, կարծեք, Վարդապետը կենդանի ըլլար, հիմա, մեզ հետ:
Հետո մի կարճ ժամանակ անց տարօրինակ մի վիճակի մեջ ընկա, ես նպատակ չունեի ոեւէ հոդված գրելու այս գրքի մասին:
Ես հանկարծ հիշեցի Յիսուսին (Քրիստոս) եւ նաեւ միանգամից վերադարձա մանկությունս, որովհետեւ վաղ մանկությանս առաջին անգամ ծանոթացել եմ Յիսուսին, ընթերցելով Ս. Գիրքը: Բայց որպեսզի կարողանամ շարունակել միտքս եւ այս հոդվածը, ես, սրբապղծություն չըլլա, որ հանկարծ 80 տարեկանիս Յիսուսի մասին սկսեցի մտածել իբրեւ մտավորականի նախատիպար, այդ բառը ավետարաններուն մեջ չկա, նաեւ իրեն աշխարհ գալեն 5 դար առաջ, իրեն շատ նման, Հունաստանում ապրում էր փիլիսոփա Սոկրատը. երբ ասում եմ մտավորական, իր ապրած կյանքը նկատի ունիմ: Իրանից հետո էլ եկան մարդիկ, որոնց կյանքը շատ նման է իրՙ Յիսուսի ապրած կյանքին:
Ինչպե՞ս անցավ Քրիստոսի կարճ եւ դժվար կյանքը. հիվանդներու հետ, պարզ մարդկանց ընկերությամբ: Իր նպատակն էր օգնել իր ժողովուրդին, նրանց սովորեցնել ճիշտ ապրելու ձեւը, ըլլա ֆիզիկապես, ըլլա հոգեպես, մանավանդ խորհուրդ էր տալիս, որ զիրար սիրեն, չսպանեն, չխաբեն, տկարին չոտնահարեն, սայթաքածին բարձրացնեն: Փոխարենը ինչպե՞ս վարվեցին իր հետ իր ազգակիցները: Իրենց ղեկավարներու առաջնորդությամբ վրան գործ սարքեցին, չերկարեմ, եւ վերջում չարաչար սպանեցին խաչին վրա: Երբ ես ասում եմ մտավորական, ես նկատի չունեմ անպայման բարձրագույն կրթությամբ անձեր, ինչ մասնագիտություն ալ որ ունենան, հարգելով հանդերձ իրենց դերը հասարակության կյանքին մեջ: Նրանք կարող են օգտակար ըլլալ եւ նաեւ շատ վնասակար:
Մտավորականը ըստ իս նա է, որ հայտնվում է աշխարհում, իր ժողովուրդին մեջ, անսպասելի, գալիս է աշխարհ եւ իր կյանքը ամբողջությամբ նվիրում է իր ժողովուրդի ֆիզիկականին եւ հոգեկանին պաշտպանության եւ փրկության. եւ սակայն ի՞նչ է լինում պատասխանը, գնահատու՞մ են իրենց «փրկիչին», ո՛չ, այդ տեսակ մարդը հաճախ ենթարկվում է հալածանքներու, զրպարտություններու, աքսորում են, բանտարկում են եւ սպանում: Հարկ կա՞ օրինակներ հիշելու: Ես այստեղ ուզում եմ մի քիչ շեղվել իմ նյութես. այո՛, քանի որ վերը հիշեցինք հոգին. ես կարծում եմ, որ ամենապարզ ձեւակերպումով մարդ արարածը տարբերվում է մյուս արարածներից երկու հատկությամբ:
Ա - մարդ արարածը բնատուր օժտված է ինքզինքը այլասերելու եւ ապականելու հատկությամբ, եւ ինչու՞ միայն ինքզինքը, նաեւ իր ամբողջ շրջակա միջավայրը, եւՙ
Բ - ունի, բարեբախտաբար, ի բնէ մեկ ուրիշ հատկություն, որ մյուս արարածները չունինՙ «հոգի». կարծեք բնությունը ուզեցել է իր գործած չարիքը մեղմել:
Հոգին տեսանելի է դառնում եւ ձեւ է ստանում մարդու ստեղծած արվեստի միջոցով. արվեստն ալ բնատուր հատկություն է: Կարիք կա՞ մանրանալուՙ ճարտարապետություն, երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, պոեզիա... ներողամիտ եղեք: Հոգին է, որ չի ապականվում եւ չի մահանում ինչպես նյութը: Հոգին (արվեստը) եւ մարմինը (նյութը) տեւական անհաշտ կռվի մեջ են: Ըստ իս հոգին է, որ երկոտանիին մարդ է դարձնում եւ մարդուն ալՙ հայ, հույն, ճապոնացի եւ այլն, եւ վերջապես ինչ որ մենք ժառանգում ենք եւ փոխանցումՙ մեր հոգին է: Շնորհիվ հոգիին (արվեստ) մեր կյանքը չի սահմանափակվում տասնամյակներով, այլ հավիտենական է. «Երկներ երկիր...»-ը ե՞րբ է գրվել, ա՞յս պահուն, երբ կարդում ենք քերթողահոր պատմությունը, 2000 տարի առա՞ջ, թե՞ 100.000 տարի առաջ: Սայաթ Նովայի տաղերը մենք երգում ենք այսօր, հազար տարի վերջ ալ չե՞նք երգելու. եթե չերգենք, ուրեմն հայությունը վերացած պետք է ըլլա աշխարհի երեսեն:
Վերադառնանք մեր հայր սուրբին: Ահավասիկ իր գրած ամենատխուր նամակներեն մեկը:
«1909, 5 սեպտեմբեր, Ս. Էջմիածին, Վեհափառ Հայրապետի Ամենայն Հայոց Տ.Տ . Մատթէոսի Բ.ի, Վեհափառ Տէր
Քսան տարի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութիւնը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետեւ տեսայ միայն որոգայթ եւ ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարւում եմ, փափագում եմ հեռու մնալ, խցել ականջներսՙ չլսելու համար, գոցել աչքերսՙ չտեսնելու համար, կապել ոտքերսՙ չգայթակղուելու համար, սանձել զգացումներսՙ չվրդովուելու համար, բայց զի՛ մարդ եմ, չեմ կարողանում:
Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշւում է, եւ միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում:
Եթե հաճոյ է Վեհիդ ինձ չկորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղներըՙ իբր առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ եկեղեցւոյ եւ գիտութեան:
Վեհափառութեանդ ծառայ եւ որդի Կոմիտաս վարդապետ Միաբան Ս. Էջմիածնի»
Անշուշտ իր կյանքին մեջ կան նաեւ անխառն հրճվանքի պահեր, երբ իր հայրենակիցները իրեն հանդեպ իրենց շնորհակալությունը եւ սերն են արտահայտում:
«Թէ՛ Վիեննա եւ թե՛ մանաւանդ Ֆիլլիպպէ փառաւոր ընդունելութիւն գտայՙ ամբողջ քաղաքը անխտիր ոտքի վերայ էրՙ ինձ պատուելու համար»:
«Սրտագին շնորհակալութիւնս եղբայր պատուական, Ձեր անկեղծ եւ սիրալիր զգացմանց համար, Ձեր խրախոյսներն ինձ եռանդ են ներշնչում եւ ոգեւորութիւն առթում. մի բան, որ այնքան քիչ են հասկանում եւ գնահատում մեզանում: Անհատը որքան էլ ջանասէր լինի, այնուամենայնիւ խրախոյսը մի հզօր խթան է, որ կարող է շրջել սարեր հիմն ի վեր»:
«... երբ աւելի զօրեղ զէնք չունենք, քան մեր հին ու նոր եկեղեցուն ու աշխարհիկ եւ գիտական ու գեղարուեստական կարողութիւնները ցուցադրել, որ տեսնեն, թէ իբր ողորմութիուն չէ՛, որ խնդրում ենք, այլ իբր մարդկային զարգացման զօրավիգն ազգ ենք հրապարակ ելնում. երանի՜ թէ սկզբէն այս զէնքն առնէինք, առանք մի զէնք, որ աւելի զօրեղները փշրեցին, բայց մեր ունեցածը անընկճելի եւ անխորտակելի էՙ հայու սիրտն ու հոգին է իբր զէնք շաչում»:
Կոմիտաս երիտասարդ վարդապետը գնաց Գերմանիա, կես կուշտ, կես սոված, տքնաջան աշխատեցավ, գիտություն հավաքեց, որ վերադառնա, իր հայրենակիցներուն օգնելու, հուսադրելու, ուժ տալու. գնաց սորվեցավ Եվրոպայում, որպեսզի եվրոպացիներուն ցույց տա, թե ի՞նչ է հայը: Իսկ հիմա մենք մեզ ճղում ենք ցույց տալու համար եվրոպացիներուն, որ մենք «եվրոպացի» ենք: Ամբողջ մեր ճիգըՙ պարզապես խաբեբայություն է, զզվելիորեն իմիտացիա անելով եվրոպացիներուն ստեղծածը, փորձում ենք օտարները խաբել, բայց մենքՙ մեզ ենք խաբում: Եվրոպացիին պե՞տք է քո կեղծ արվեստագետը, քո կեղծ հոգին, եվրոպացին արդեն զզվում է մեզանից. ահավասիկ վերջին ընտրությունները. ինչպե՞ս են մեր վրա նայում, ինչեր ասես չեն ասում. թքում են մեր երեսին, բայց մենք, ծիծաղելով ասում ենք. «անձրեւ է գալիս»: Ու՞մ ենք փորձում խաբել. այսքան լկտիություն կ’ըլլա՞:
Հազար տարի վերջ, վերջապես ունեցանք մեր Հայկական պետությունը. փոխանակ մտածենք, ինչպե՞ս լեզու գտնենք խաղաղ ապրելու համար մեր հարեւաններուն հետ, որքան ալ, որ մեզի ատելի ըլլա թուրքը, բայց եթէ մենք ուզում ենք պաշտպանել եւ պահել մեր պետությունը, պետք է ստեղծենք նորմալ հարաբերություններ մեր հարեւաններուն հետ, որոնց հետ հազար տարի իբրեւ հարեւան պետք է ապրենք: Փակվել են մեր սահմանները հարեւան պետության հետ. փոխարենը բացվել են բոլոր սահմանները ամեն տեսակի ապականության, այլասերումի, հիվանդություններու, լրտեսներու, աղանդավորներու, հանցագործներու առաջ: Եվ ասոր անունը դրել ենք մարդու իրավունք, ժողովրդավարություն: Այսքան անդեմ երկիր չկա աշխարհում: Եվ մուրացկանի պես մի բան ենք ուզում, որ օտարները մի քանի կոպեկ գցեն մեր ափի մեջ: Հուշարձան ենք դնում Փարիզում եւ հպարտանում ենք, որ ֆրանսիացիները մեզի տվել են հողի լավագույն կտորը մեր հուշարձանը Փարիզ քաղաքում դնելու համար:
Չհասկացանք, ի՞նչ է եղել, հողի կտո՞րն է փառաբանում արվեստի գործը, թե արվեստի գործն է, որ փառավորում է հողի կտորը. բայց չկա երեխան, որ ասի, որ «թագավորը մերկ է»:
«... Որ մեր ժողովրդի համար գին չունի այն, ինչ որ ունի. այլ ա՛յն, ինչ որ չունի կամ չէ կարող ունենալ, այնուամենայնիւ ձգտում է ունենալ»:
Ի՞նչ օգուտ գանգատվելենՙ անհասկանալի ըսեմ, տարօրինակ ըսեմ, ի՞նչ ըսեմ. դարեր սպասված անկախությունը ունեցանք եւ ի՞նչ տեսանք, տեսանք, որ մենք մեր հայրենիքը չենք սիրում, ինչու՞, որովհետեւ նյութ ենք սիրում, հոգին մոռցած ենք. ահռելի Սովետական Միությունը փոշիացավ, որովհետեւ 70 տարիներու ընթացքին հոգին մեռել էր, աճում էր մարմինը, նյութը, եւ այսօր այդ հսկա երկիրի հիշողությունն անգամ զզվանք է պատճառում, մատնիչներու, լրտեսներու, ստորացումներու երկիր, իզուր չէր, որ մեկ բառով Սովետական Միությունը կոչվում էր բանտ:
60 միլիոն մարդ սպանեցին աշխարհը «փրկելու» համար, չեմ գիտեր շատ է թե քիչ, ապա ի՞նչ պետք է ծներ անհոգի նյութը. չեմ ուզում շարունակել:
Վերադառնալով Յիսուսին, գիտենք, որ Նա տանջալի մահվանից 3 օր վերջ մեռելներեն հարություն առավ, եւ այս է, որ մեզ մխիթարում է եւ ապրելու հույս տալիս, որ իր հայրենակիցներուն փրկության համար ապրողին եւ մեռնողին գործը հարություն պիտի առնե եւ պիտի շարունակե օգտակար ըլլալ իր հայրենակիցներուն: Իր ապրած կյանքը իզուր չէր, նա մեռնում է, որ մենք ապրենք:
Եթե չըլլար այդ հրաշալի հարությունը, մենք մարդ ըլլալե կը դադարեինք եւ կը վերածվեինք շարժվող միսի կտորներու:
Այսքան հիշելե վերջ Յիսուսը, Կոմիտասը, հոգին, արվեստը, հոգեւորը, կուզեի մի քանի խոսք ըսել մեր եկեղեցիի մասին, կատարելապես գիտակցելով իմ անպատրաստությունս եւ անկարողությունս շոշափելու այս նյութը, բայց ես հայ եմ եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցիի անդամ:
Պարապ տեղը չէ, որ հոգեւորական («հոգի» արմատեն) են կոչվում հայ եկեղեցվո սպասավորները. ես բախտը ունեցել եմ կարդալու հայ գրականության գլուխգործոցներեն Մաղաքիա Օրմանյան պատրիարքին «Հայոց եկեղեցին» եւ «Ազգապատումը»:
Հավանաբար իմ խոսքս կրնա հնչել առնվազն տարօրինակ: Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը գոյություն ունի Քրիստոսի ծնունդեն շատ առաջ. «Վահագնի ծնունդի» օրերից: Բայց ես ասեմ իմ հայ մարդու զգայնությունս, որ օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը ինձ անտարբեր չի թողնում, բայց ինձ բոլորովին չի հուզում, սիրտս չի թպրտում, ինչպես երբ դիտում եմ հայկական եկեղեցի մը, մանավանդ Հայաստանի հողի վրա, հայկական քարով կառուցված: Եվ եկեղեցիին մեջ երբ մտնում եմ, առանց արցունքներու չեմ կարող ունկնդրել Հայր Մերը, Սուրբ Սուրբը, Տեր Ոողորմեան, Ուրախ լերը: Դարեր ի վեր մեզ հայ պահող մեր մշակույթը չէ՞ ծնված հայ եկեղեցու ծոցում: Մեր մտավորականները մեր եկեղեցիի սպասավորները չէի՞ն: 2000 տարի է հայ եկեղեցիեն ավելի հայկական ի՞նչ է ստեղծել հայությունը:
Ինչպե՞ս կարող ենք խոսելով հայ մշակույթի մասին, երբ այսօր մենք հաճախ ո՛չ թե չենք սկսում հայ եկեղեցիով, այլ մոռանում ենք անգամ: Այս շատ ընդարձակ նյութ է. բայց մեկ բան հաստատ գիտեմ, որ երբ որ ուսումնասիրվի եւ գրվի մեր ժամանակներու պատմությունըՙ պատմությունը հայ ժողովրդի, որ գրեթե ամբողջությամբ մեր ժողովրդի օրհասի եւ կործանման պատմությունն է, մենք նոր պիտի անդրադառնանք, որ որքան տկարամիտ եւ այլասերված եղած են մեր այսպես կոչված «մտավորականները», ալ չեմ ասում քաղաքական գործիչները, քիչ մը շա՛տ կըլլա, քաղաքական գործիչը որտեղից գտնենք հայոց մեջ. մենք շատ ունեցանք «մտավորական» քաղաքական գործիներ, որոնք համարձակվեցան մեր ժողովուրդը ղեկավարել եւ առաջնորդել հայտնի չէ դեպի ո՞ւր (իսկ ինչո՞ւ հայտնի չէ, շատ լավ էլ հայտնի է, դեպի դժոխք): Երբ որ գրվի այդ պատմությունը, նոր պիտի երեւա մեր ժողովրդի հանդեպ որքան հրեշային եւ հանցագործ եղել է մեր «մտավորականության» պահվածքը: Որքան մեր եկեղեցիին արհամարհելը եւ անտեսելը զիրենք քշեց դեպի անդունդը: Եվրոպական համալսարաններու այդ հեռակա ուսանողները, ավելի ճիշտ եվրոպական համալսարաններու կողքի սրճարաններու մշտական հաճախորդ հովկուլները, թամադայությամբ անշուշտ հայ քաղաքական մտքի ամենահանճարեղ ներկայացուցիչՙ ընկ Փանջունիին:
Վերջացնեմ գրությունս, վերջին խոսքը տալով Վարդապետին.
«...բայց աննկուն բան ունենք մեր մէջ, մի անմար յոյսՙ դէպի ապագայ լուսոյ կանթեղը յառած են մեր հաեյացքները, դէպի այն կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագաւորութիւնն ու իշխանութիւնը կորցնելէն յետոյ, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնաւէտ Արագածի գագաթըՙ երկնքի անտես առաստաղէն, անթել կապով, որ մարդիկՙ խաւար ու աւարառու, ձեռք տալ չկարողանան, եւ գոնէ նորա լուսոյ նշոյլը ցայտէ մեր վերայ, եւ մեր ապագայ կեանքը երազենք»:
մայիս 22. 2004, Երեւան