Երկերի ֆրանսերեն նոր թարգմանության առթիվ
Փարիզի «Մոնդ» թերթից տեղեկանում ենք, որ «Գալիմար» հրատարակչությունը լույս է ընծայել ռուս մեծ գրող Միխայիլ Բուլգակովի ընտիր երկերի ֆրանսերեն նոր թարգմանությունների երկհատոր ժողովածուն, որի ընդհանուր ծավալը 2064 էջ է: Ժողովածուն ընդգրկում է համաշխարհային գրականության մեծարժեք գործերից մեկը հանդիսացող «Վարպետը եւ Մարգարիտան» վեպը, հեղինակի մյուս հայտնի վեպերը, թատերգությունները եւ 1926-1939 թթ. գրած նամակների ընտրանին:
1928 թ. որպես «սատանային վերաբերող վեպի սեւագրություն» ձեռնարկած «Վարպետը եւ Մարգարիտան» եզակի գործը հեղինակն ավարտեց իր մահվանից (10.03.1940) մեկ ամիս առաջ, գրեթե կուրացած վիճակում վերջին սրբագրումները թելադրելով կնոջըՙ Ելենա Սերգեեւնային: «Վարպետը եւ Մարգարիտան» վեպում զուգորդված են երեւակայությունն ու լրջությունը, իրատեսությունն ու ռոմանտիկ քնարականությունը, սոցիալական երգիծանքն ու քաղաքական առակը, զվարճախոսությունն ու զուտ սատանայական մռայլությունը, վկայելով հեղինակի գրական խորագիտակությունը:
Վեպում Պիղատոսի մոտ բերված Եշուան հայտարարում է. «Ի թիվս այլ բաների, ես ասացի, որ ամենայն իշխանություն բռնություն է մարդկանց վրա, եւ որ կգա ժամանակը, երբ չի լինի ոչ կեսարների իշխանություն, ոչ որեւիցե այլ իշխանություն: Մարդը մուտք կգործի ճշմարտության եւ արդարության թագավորություն, ուր ընդհանրապես ոչ մի իշխանություն անհրաժեշտ չի լինի»:
Ստալինիզմի արշալույսին նման արտահայտություններ գրած Բուլգակովը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ չափով ենթակա դարձավ գրաքննիչների հալածանքներին: Արդեն 1928 թ. նոյեմբերին նա հակաուտոպիական «Մենք» վեպի հեղինակ Եվգենի Զամյատինին խոստովանում էր. «Մարդկային առումով ես ոչնչացված եմ»:
1929 թ. հուլիսին Ստալինին հղած խնդրագրում Բուլգակովը գրում է, որ ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում իր համբավի աճին զուգընթաց խորհդային մամուլում ավելանում է իր դեմ ուղղված թունոտ հրապարակումների թիվը: Անկարող լինելով պաշտպանվել, նա իշխանություններից խնդրում է իրեն թույլատրել գոնե կարճ ժամանակով մեկնելու արտասահման, բայց մերժում է ստանում:
Բուլգակովի ձեռագրերը կալանվում են, գործերը գողացվում կամ փոխակերպվում, արտասահմանում անտեսվում է նրա հեղինակային իրավունքը: Տարագրված եղբորըՙ Նիկոլային նա 1930 թ. գրում է. «Ես արդեն կործանվում եմ եւ որեւէ օգնություն չեմ ստանում: Քեզ պարզ ասում եմ. իմ նավը խորտակվում է: Հարկավոր է արիաբար խորտակվել: Խնդրում եմ ուշադրության դարձնել այս բառերին»:
Չնայած իր վիճակին, Բուլգակովը չէր զլանում միջնորդել ուրիշների համար: 1935 թ. հոկտեմբերին Լենինգրադից նրա մոտ եկավ բանաստեղծուհի Աննա Ախմատովան, որպեսզի խորհուրդ հարցնի իր որդու եւ ամուսնու ձերբակալություններից հետո: Նա եւ Բորիս Պաստեռնակը 1940 թ. ճակատագրական ձմռան վերջերին մահամերձ Բուլգակովին այցելած եւ բարոյական օժանդակություն ցույց տված անձինք էին: Պաստեռնակը, որն իր հեղինակության շնորհիվ զերծ էր մնացել քաղաքական վայրիվերումների հարվածներից, չէր թաքցնում հիացմունքը «արգելված երեւույթ» Միխայիլ Բուլգակովի հանդեպ:
Ստալինից երբեւէ պատասխան չստացած Բուլգակովը 1931 թ. մայիսին նրան գրել է. «Գրողը չի կարող լռել: Եթե լռի, ուրեմն իսկական գրող չի եղել: Իսկ եթե լռի իսկական գրողը, նա կմեռնի»:
Բուլգակովն այնուամենայնիվ չլռեց եւ առհավետ կենդանի կմնա:
Պ. Ք.