«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստող գրական հայագիտական համաժողովները վստահաբար փոխում են երեւանյան մտավորական կյանքը, նկատելի թարմություն հաղորդում: Փոխադարձ շփումներից գրական-մշակութային աշխարհում նյութափոխանակության ակտիվությունը նաեւ ստեղծագործական փոփոխություններ է առաջացնում: Այդ մասին, իհարկե, մասնակիցներն ավելի լավ վկայություններ կունենան, բայց որ այդ շփումների անհրաժեշտություն կա, աներկբա է: Մենք փոխադարձաբար եւ աստիճանաբար հայտնաբերում ենք իրար, հարստացնում ինքներս մեզ: Այս երեւույթի վկայություններից էր համահայկական գրական համաժողովըՙ 2002 թ., որն իր շարունակությունն է ունենալու օրերս: Այս առիթով Երեւան կժամանեն սփյուռքահայ գրողներ, մտավորականներ, եւ ինչպես ընդգծեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը երեկվա մամլո ասուլիսում, նրանց մեջ այս անգամ ավելի շատ կլինեն երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:

Համաժողովի բացման հանդիսությունը կայանալու է հունիսի 28-ին, Գրողների տանը, իսկ հաջորդ օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա գեղարվեստական երեկո Հայաստանի գրողների միության 70-ամյակի առիթով: Հունիսի 28-ից հուլիսի 5-ը տեղի ունեցող համաժողովի օրերին նախատեսված են բազմաթիվ միջոցառումներՙ այցելություն Մայր աթոռ Սբ. Էջմիածինՙ ընդունելություն Վեհափառ հայրապետի մոտ, լիագումար նիստերՙ բազմազան թեմաներով («Հայ գրականության նորանոր զարգացումները», «Ազգային դպրոց եւ ազգային գրականություն», «Պատմական հիշողությունը եւ ժամանակակից գրականությունը») գրական զանազան հանդիպումներ, ցերեկույթներ (սփյուռքահայ անվանի բանաստեղծներ Զահրատի, Ռուբեն Մելիքի ծննդյան 80-ամյա հոբելյանների առիթով), այցելություն Մեծ եղեռնի զոհերի հուշարձան, Ծաղկաձոր, Արցախ: Հրաժեշտի երեկոն տեղի կունենա հուլիսի 4-ին «Էրեբունի» հյուրանոցի սրահում:

Համաժողովին ժամանած սփյուռքահայ մեր հայրենակիցներից ասուլիսին ներկա էին Կանադայից Հակոբ Խաչիկյանը, Երուսաղեմից Անուշ Նագգաշյանը, Կիպրոսից Ջորջ Տեր-Բարթողը, ԱՄՆ-ից Վեհանուշ Թեքեյանը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4