«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՐԱԿԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է

Կամուրջ կոնյակ արտադրող խոշոր ձեռնարկությունների միջեւ

Հայաստանում 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ժառանգորդներ Երեւանի կոնյակի գործարանը եւ Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, նկատի ունենալով պատմական իրողությունները, հանդիսանալով «Արարատ» ապրանքանիշի համասեփականատերերը եւ հաշվի առնելով «Արարատ» ապրանքանիշի օգտագործումը կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը, 2004 թ. փետրվարի 16-ին Երեւանում կնքեցին պայմանագիրՙ «Բրենդի բրիջ» համատեղ ընկերություն ստեղծելու մասին: Լրագրողներն այս մասին տեղեկացան երեկ, Երեւանի կոնյակի գործարանի նախագահ, գլխավոր տնօրեն Պիեռ Լարեչի եւ Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի համատեղ մամուլի ասուլիսում:

Ընկերության նպատակները հիմնվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կոնյակի արտադրության չափանիշների խիստ համապատասխանությամբ եւ արդյունաբերական սեփականության իրավունքների փոխադարձ պահպանումն ու թափանցիկությունն ապահովելու սկզբունքների վրա: Ավելի պարզ ասած, Հայաստանում կոնյակ արտադրող երկու խոշորագույն ձեռնարկություններ գտել են համագործակցության եզրեր հայկական կոնյակի որակը եւ արտադրության ավանդույթները պահպանելու համար:

Հիշեցնենք, որ 1998 թ.-ից երկու գործարաններն «Արարատ» ապրանքանիշի համասեփականատերերն են, սակայն ունեին տարաձայնություններ դրա օգտագործման հետ կապված: Փաստորեն կնքված պայմանագրով առկա տարաձայնություններին վերջ դրվեց, եւ «Արարատ» ապրանքանիշի կառավարման ձեւն այսուհետեւ ընտրված է: Պայմանագրի կնքմանը նախորդել է բանակցությունների երկարատեւ փուլ: Դրվե՞լ է արդյոք լոգոն վաճառելու հարցը: Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ասաց, որ նման հարց իսկապես քննարկվել է: Սակայն հաշվի առնելով կոմբինատի սեփականատիրոջՙ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտեցումները, որոշվել է ազգային արժեք ներկայացնող ապրանքանիշը չվաճառել, եւ գտնվել է դրա օգտագործման ավելի առողջ տարբերակ:

«Բրենդի բրիջ» ընկերությունը կարգավորելու է միայն լոգոյի օգտագործման հարցը, եւ համագործակցությունը չի նշանակում, որ գործընկեր դարձած ձեռնարկություններն առաջիկայում եւս մրցակիցներ չեն լինելու: Խաղողի մթերման հարցում, օրինակ, ինչպես տեղեկացրեց Սեդրակ Առուստամյանը, Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը որդեգրել է այսպիսի սկզբունք. խաղողը գնել ավելի թանկ, քան դաշտում գործող մթերող մյուս ընկերությունները: Երեւանի կոնյակի գործարանի նախագահ, գլխավոր տնօրեն Պիեռ Լարեչի խոսքով, «Բրենդի բրիջը» համագործակցելու է նաեւ հայկական կոնյակն ալկոհոլային խմիչքների արտասահմանյան շուկայում լավագույնս ներկայացնելու գործում եւ պայքարելու է կեղծվող արտադրանքի դեմ: Պրն Լարեչն այդուհանդերձ խոստովանում է, որ կեղծիքների դեմ պայքարում դեռ շատ անելիքներ կան, եւ նշում է, որ լավորակ արտադրանքը միշտ էլ կեղծվում է: Սակայն ե՛ւ Երեւանի կոնյակի գործարանը, ե՛ւ Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը հայկական կոնյակի որակը պահպանել պարտավոր են, քանի որ թեկուզ գործընկերներ, սակայն միմյանց նկատմամբ իրականացնելու են վերահսկողություն, եւ որակը չպահպանողը կզրկվի «Արարատ» ապրանքանիշից: Սա եւս ձեռնարկությունները պայմանագրով արդեն համաձայնեցրել են:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4