«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2004-06-24 | #117, 2004-06-25 | #118, 2004-06-26


ՀՅՈՒՐԱՆՈՑ «ԱՐՄԵՆԻԱ», ՄՈՍԿՎԱ

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, Ակադեմիկոս

Հայ ճարտարապետների ներդրումը Ռուսաստանում ընդհանրապես եւ Մոսկվայում մասնավորապեսՙ մեծ չէ: Նախահեղափոխական շրջանում միայն Ալեքսանդր Թամանյանն է եղել աչքառու իր ակտիվությամբ ու թողած գործերով. դա Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժանմունքն ավարտելուց անմիջապես հետո էր, 1904թ.: Նրա այդ շրջանի գործերը ցրված էին Պուշկինոյում, Յարոսլավլում, Օրյոլում: Նշանակալից եղավ նրա ստեղծած Շչերբակովի տունը Մոսկվայում, որը մինչեւ հիմա էլ կա. դա խիստ դասական ոճով հղացած գործ է, գրագետ, մտածված ամենայն մանրամասնություններով ինչպես հատակագծում, այնպես էլ ու հատկապես ծավալային-մակերեսային լուծումներում. այդ գործի համար Ալեքսանդր Թամանյանը ընտրվում է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս. դա 1914 թ. էր, այն ժամանակ նա 36 տարեկան էր: Ռուսաստանում Թամանյանի իրականացրած բոլոր գործերը եղել են կամ դասական-հունական ոճի, կամ էլ օգտագործելով ռուսական ճարտարապետական ֆորմաները. որքան գիտեմ, այդ շրջանում հայկական ոճի որեւէ գործ նա չի ստեղծել. հայկական ոճը եւ հայ մտածողությունը ընդհանրապես նրա մոտ հայտնվում է, այն էլ շռնդալից կերպով, Հայաստան տեղափոխվելուց հետո միայն, 1921 թ.:

Երեսնական թվականների սկզբներին Մոսկվայում է հայտնվում Կարո Հալաբյանը: Դեռ Երեւանում եղած ժամանակ նա մի կարճ ժամանակ տարվեց նորահայտ կոնստրուկտիվիզմովՙ միայն ուղիղ գծեր ու հարթ պատերՙ թողնելով այդ ոճով ստեղծված մի քանի հետաքրքրական գործեր, այդ թվում եւ այն շենքը, որտեղ հիմա Ռուսական թատրոնն է: Մոսկվայում նրա երեւալը նշանավորվեց այն ժամանակվա համար իրադարձություն համարվող Սովետական բանակի թատրոնի հսկա շենքի ստեղծմամբ: Զարմանալին այն էր, ափսոսալին նաեւ, որ այս ակնհայտորեն օժտված անհատականությունը տուրք տալով այն ժամանակների մոդայիկ ֆորմալիստական տրամադրություններին, ստեղծեց այդ հսկա կառույցը, որի ճարտարապետությունը ոչ ռուսական է, ոչ հայկական եւ անգամ ոչ էլ դասական, կառույց, որը նման է ամեն ինչի, բացի թատրոնից: Դա էկլեկտիկա էր ամենից առաջ իր մտացածին հատակագծովՙ հինգ աստղանի: Այդ շենքը հիմա էլ կա, որը չի զարդարում մայրաքաղաքը: Ճարտարապետական տեսակետից նշանակալից եղավ նրա նախագծով Սամվել Սաֆարյանի հետ ստեղծված հայկական տաղավարի շենքը Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի տարածքում. դա մաքուր հայկական ոճով ստեղծված գործ էր, իր հանդիսավոր, դեկորատիվ տեսքով դեռ հեռվից իսկույն հայտնվում էր ուշադրության կենտրոնում: Բայց գտնվելով ցուցահանդեսի տարածքում, այս հետաքրքրական ու միակ հայկականՙ ճով արված գործն այդպես էլ չմտավ քաղաքի ընդհանուր ճարտարապետական անսամբլի մեջ:

Ես գոնե Հալաբյանի ամենանշանակալից գործը հակված եմ համարելու պատերազմից հետո Հայաստանի նորաստեղծ գիտությունների ակադեմիայի հսկա շենքի նախագիծը. դա զուտ հայկական ոճով ու բոլորովին նոր, անսպասելի գաղափարներով հագեցած նախագիծ էր. դա հայտնագործություն էր, վերին աստիճանի հետաքրքրական միտք, դա հայկական միջնադարն էր: Ափսոսում եմ, այն էլ շատ, որ այդ մտահղացումը այդպես էլ մնաց չիրականացված: Այդ նախագիծը մտածել է տալիս. ամբողջ կյանքում օտարության մեջ գտնվելով հանդերձ որքան խորն է եղել նրաՙ Հալաբյանի մեջ զգացողությունը հայկական ճարտարապետության ընդհանրապես եւ վաղ միջնադարիՙ հատկապես: Որտեղ է այդ նախագիծը հիմա, չգիտեմ, բայց հարկ է, որ գտնվի, մեջտեղ բերվի, դա շատ օգտակար կլինի, կարծում եմ, ուսանողների, երիտասարդ ճարտարապետների համար:

Ուրիշ հայ ճարտարապետների գործունեության մասին Մոսկվայում ինձ հայտնի չեն: Հետեւությունը պարզ է. հայկական ազգային ճարտարապետության ավանդույթներով ստեղծված շենքեր, կառույցներ Մոսկվայում չկան:

Եվ ահա անակնկալ. 2002 թ. հոկտեմբերի կեսերին մոսկովյան թերթերը ազդարարում են, ոչ առանց խանդավառության, օրվա ամենանշանակալից իրադարձությունըՙ «Արմենիա» հյուրանոցի հանդիսավոր բացումը մայրաքաղաքի կենտրոնում, «Թատերական» կոչված փողոցում, հանրահայտ Փոքր թատրոնի շարքում: Այդ հյուրանոցի ճարտարապետը Սարգիս Գուրզադյանն էր:

Հյուրանոցը «շքեղների» կատեգորիայից էր, հինգ աստղանի: Հյուրանոց, որի համար պատվիրատուները էն գլխից որոշել էին ոչինչ չխնայել: Դա կնշանակի հիմնականը պիտի լինի հյուրանոցի ներսը, հյուրանոցային համարների, սրահների, ռեստորանների, զվարճանքի վայրերի, լողարանների, այլ եւ այլ հաստատությունների ճոխությունը, շքեղությունը, եւ այդ ամենի ստեղծելը ուլտրաժամանակակից ոճով. դա այսօրվա արեւմուտքն է: Այս գերխնդրի պայմաններում պիտի համարել առնվազն զարմանալի, որ պատվիրատուները հնարավոր համարեցին հյուրանոցի գլխավոր ճակատը եթե ոչ ամբողջովին, ապա գոնե հիմնական մասում ներկայացվի հայկական ոճով: Ես սա համարում եմ սխրանքի պես մի բան, որին գնացին պատվիրատուները. դա հեշտ գործ չէր, դրա համար հարկավոր էր ամենից առաջ «լեզու» գտնել քաղաքի տերերի հետ...

Այստեղ ասպարեզ է գալիս մի նոր անակնկալ. հյուրանոցի հիմնական նախագծողը, պարզվում է, եղել է Մոսկվայի նախագծային նշանավոր կենտրոններից մեկըՙ «Մոսպրոեկտը», որի բաժինն էր լինելու ներսի ճարտարապետական ու ինժեներական խնդիրները ամբողջովին եւ յոթ հարկանի ճակատի առաջին հարկը միայն, որը պիտի լինի, ըստ իրենց, զուտ դասական ոճով: Սարգիս Գուրզադյանին տրվում էր մնացած վեց հարկերի ճակատը, եւ դաՙ զուտ հայկական ոճով: Սիմբիոզ երկու ոճերի, իրարից խիստ տարբեր: Կստացվի՞... Հարց, որը պիտի որ անհանգստացներ, թվում է, «Մոսպրոեկտին» առաջին հերթին...

Ճիշտն ասած, ես երբ իմացա այդ մասին, որ առաջին հարկի ճակատը պիտի լինի դասական, մնացած վեցըՙ հայկական, տարակուսեցի. կստացվի՞... Մտքում չկարողացա գտնել նախադեպ նման սիմբիոզի, եւ այդ ամբողջ ընթացքում, երբ գնում էր շինարարությունը, տագնապը մեջիցս չէր անցնում, անհամբեր սպասում էի վերջին, ավարտին: Գիտեի արդեն, որ «հայկական» մասն իրականացվելու է բաց գույնի դեղնասպիտակավուն մանրահատիկ ամուր տուֆից, քարերը հատ-հատ տաշած, արկղների մեջ Հայաստանից, Սիսիանի քարհանքից ավտոմեքենաներով պիտի հասցվեին Մոսկվա: Իսկ դասական մասը նախագծված է իրականացնել շատ բարձր սյուներից բաղկացած մի ամբողջ շարքի տեսքով շենքի ամբողջ երկարությամբ ձգված: Սյուները պիտի լինեն ոչ կանելյուրաներով, բայց բազմանիստ, մուգ կարմրավուն հղկած գրանիտից, որը պիտի բերվեր Հնդկաստանից, բայց պիտի տաշվեր, հղկվեր ու սյուների վերածվեր Իտալիայում, այնտեղից նոր հասցվեր Մոսկվա, հսկա ճանապարհ: Ամեն Մոսկվա գնալիս անհամբերությամբ գնում, նայում էի, շենքը բարձրացվել է, բայց ճակատի երեսպատումը չկա դեռ, չէին սկսում, զբաղված էին ներսի գործերով...

... Մեկ երկու տարի անց մի առիթով հայտնվում եմ Մոսկվայում. գիտեի, որ աշխատանքները ավարտվել են, ու առաջին անելիքս է նետվել Թատերական փողոց: Գնում էի արտաքուստ հանգիստ, բայց ոչ առանց հուզմունքի... Երկար եմ սպասել այդ պահին... Անցա օպերայի առջեւից, կտրեցի փողոցն ու դանդաղ, անշտապ թեքվեցի դեպի Թատերական փողոցը... Ու մեխվեցի տեղում... Գեղեցկությունը տեսնելու համար ակնթարթը բավական է... Դիմացս «Արմենիան» էր իր ողջ բարձրությամբ... Ես ցնցված էի, աչքիս հրաշքի պես մի պատկեր էր, իմ հրճվանքին չափ չկար... Ներքեւում առաջին հարկի գրանիտե հզոր սյունաշարն էՙ խիստ դասական ոճով, նրանից վեր վեց հարկերն են իրար բարձրացող... ճչալու աստիճան հայկական... Ու առաջին ցնցումը, ու հրճվանքս նաեւՙ ստացվել է, սիմբիոզը ստացվել է... Այն էլ ինչպես... Իմ բոլոր տարակուսանքները ցնդեցին մի ակնթարթում, դիմացս սիմբիոզն է զուտ դասականի, զուտ հայկականի հետ... Ստացվեց ամենից առաջ շնորհիվ դրա. որպես արվեստ այդ երկու ճարտարապետական ուղղությունների կատարելության... Սա նոր բան է... Ճարտարապետությունը, հնագույնն արվեստներից, չի սպառել իրեն... Չի էլ սպառի, երբե՛ք... Ի՛նչ հրաշք է դա, այդ ճարտարապետություն կոչվածը...

Փոքր-ինչ սթափվելուց հետո գալիս է ըմբռնելու, հասկանալու պահանջը: Գալիս է առաջին տպավորությունը. հրաշալիորեն է մտածված ընդհանուր կոմպոզիցիան ճակատի, բոլոր վեց հարկերի, վերից վար, որպես մի ամբողջություն: Տիրապետող տրամադրությունը, հիմնական մղումը պարզությունն է, պարզությունը ծայր աստիճանի: Տոնականությունը նաեւ, հանդիսավորությունը: Հսկա վարագույր լինի կարծես, պաննոՙ վիթխարի բեմի առջեւից կախված... Որոնումները, անքուն գիշերներն իզուր չեն անցել, ստացվել է այն, ինչ կոչվում է հստակ համաձայնվածություն, հավասարակշռվածություն բոլոր մասերի, կոմպոնենտների միջեւ: Ներդաշնակություն, հարմոնիա առանձին կոմպոզիցիոն խմբերի միջեւ: Տիրապետողն այդ ամենի մեջ եղել է ռիթմը, զգացողությունն անսքող ռիթմի եղել է որոշիչ, ներքին պահանջ բոլոր մեծ ու փոքր խմբերում, կոմպոզիցիաներում հատկապես: Այդ տրամադրությանըՙ հանդիսավորություն, վեհությունՙ խիստ է նպաստել առատությունը վերից վար իջնող ռիթմիկ գծերի, տարբեր լայնության շերտերի, բոլոր խմբերում. հետաքրքական հայտնագործություն:

Այդ ճակատը Հայաստանն է, արեւն ու պատկերը Հայաստանի... Հայաստանում երբեք չեղած, չտեսած մարդն այդ ճակատով կհասկանա, թե ինչ է Հայաստանը... Վերից վար բոլոր վեց հարկերը մի հարթության վրա են, ճիշտ կեսում մի երկար, ճակատի ամբողջ երկարությամբ ձգվող նեղ քիվով բաժանված երկու մասի, ամեն մի մասում երեքական շարք ուղղանկյուն մեկ փեղկանի պատուհաններ են: Բոլոր պատուհանները երեք կողմից երիզված են հուլունքաշար նեղ երիզներով: Ամենավերին շարքը կամարակապ է շենքի ամբողջ երկարությամբ ձգվող, կամարները հենված են բավական լայն քիվերի վրա, դրանք էլ իրենց հերթին նստած են տիպիկ հայկական կլանաձեւ զույգ սյուների վրա իրարից անջատված վերից վար իջնող հրաշալի զարդաքանդակե մակերեսով. դա ընկալվում է ինչպես երկարուկ նախշածածկ կարպետՙ սյուների արանքում կախված: Այդ սյունաշարը ձգվում է վերջին երեք հարկերի ողջ երկարությամբ: Հրաշալի կամարների գծանկարը, բոլորն էլ ծածկված վերին աստիճանի նուրբ զարդաքանդակե պատկերներով: Վերեւից, կիսաշրջան կամարների արանքում մեկական սկավառակներ են, շատ մեծ, երկու կողմից կամարներին շոշափող. այդ սկավառակները նույնպես ծածկված են տեսակ-տեսակ օրնամենտներով: Այդ ամենի հետ հրաշալի ներդաշնակության մեջ են գտնվում վերջին, վեցերորդ հարկի միակ դուռ-պատուհանին հարող կիսաշրջան-դեկորատիվ պատշգամբներըՙ ալիքաձեւ մետաղական շատ նուրբ բազրիքներով շրջափակված:

«Հայկական» ճակատի ճիշտ կես բարձրությունից, երրորդ հարկի վերեւից, շենքի ամբողջ երկարությամբ անցնում է շատ նուրբ, գրեթե գիծ հիշեցնող քիվ-կարնիզը, որին ներքեւից հարում է կիսաշրջան թեթեւ կամարների շարքն առանց սյուների, հարթ պատեր են միայն, եւ ինչքան լավ է, որ այդպես էՙ առանց սյուների կամարների այդ շարքը շենքի ողջ երկարությամբ ձգված նրբագեղ աղջիկների մի նազելի պար լինի ասես, թեւերի, ուսերի պար... Տոնականություն, համակ հանդիսավորություն... Անվերջ կարող են նայել այդ պատին ու չհագենալ...

Այս ճակատը լուծել է քաղաքաշինական մի խնդիր նաեւ: Հյուրանոցի աջ կողմից եղել է անցյալներում կառուցված մի շենք, դասական ոճով, որը գտնվում է լավ վիճակում, եւ խնդիր էր դրված. հյուրանոցի ճարտարապետությունը պետք է ընդգրկի այս հանգամանքը եւս, որ հյուրանոցը դառնա մի տեսակ շարունակությունն արդեն գոյություն ունեցող շենքի: Եվ ինչ, հակառակ սպասածի, ստացվեց, այն էլ ինչպե՛ս. ճարտարապետորեն այդ երկու շենքերըՙ հինը եւ նորը, դարձան լրիվ համահունչ, մի տեսակ շարունակությունը մեկը մյուսի, անգամ ճակատների գույների տարբերությունն է աննկատ: Նույնիսկ պետք չէ ճարտարապետ լինել հասկանալու համար, թե ինչքան դժվար է սեփական մտահղացումը հարմարեցնել, հաշտեցնել արդեն եղածի հետ...

Հայտնի բան էՙ ճարտարապետները կարողանում են իրենց նախագծերը թղթի վրա ներկայացնել արտիստորեն, շքեղ տեսքով, այնքան, որ երազում են միայն իրականացվածը տեսնել գոնե հնարավորին չափ մոտ նախագծի գեղեցկությանը: Նայելով «Արարատի» կամարների, սյուների ռիթմիկ շարքին, իդեալական հարթ, հայելու պես ողորկ պատերին, մտածում ես ակամա, որ սա այն բացառիկ դեպքն է երեւի, երբ իրականը ոչ միայն հավասարվել, այլեւ նույնիսկ ավելի շքեղ, ավելի հմայիչ է ստացվել, քան թղթի վրա նկարվածը...

Հարթ պատերը... Դե, ինչպես չհպարտանալ. այդ պատերը, անթիվ անհաշիվ փորագրությունները, կամարների օրնամենտային զարդաքանդակները, վերից վար իջնող շատ նեղ, շատ նուրբ առվակներն ուղիղ, կարծես քանոնով քաշված... Անհնար է հայացքը պոկել այդ պատից... Այո, այդ ամենը մեր հայ վարպետների գործն է, Հայաստանից բերվել է մի ամբողջ խումբ, քսան թե երեսուն մարդ, բոլորն էլ հմուտ վարպետներ, քարի շունչը զգացող, ու նրանք, մի ձեռքում բրիչը, մյուսումՙ մուրճը, օրն ի բուն տաշել են, հարթեցրել պատերը, քանդակել նախշերն այնտեղ, վերեւում, ամբողջ օրը վար չիջնելով վերելակներից... Մեծ խորհուրդ կա այդ ամենի մեջ. դարեր, դարեր են անցել, բայց հայ մարդը, հայ վարպետը սերնդեսերունդ իր հետ է տարել քարի խորհուրդը, քարի հմայքն ու բերել, հասցրել է մինչեւ մեր օրերը... Քարի հայ վարպետն իրավունք չունի սխալվելու, իրավունք չունի վրիպելու... Հոգին քարին ձուլված...

Գուրզադյանը ճարտարապետական զարդաքանդակների վարպետ է, նա լավ գիտի հայկական օրնամենտը, հասու է նրա ճոխությանը, անսահման հնարավորություններին: Ահա թե ինչու չպիտի զարմանալ «Արմենիայի» զարդաքանդակներով այդքա՛ն հագեցվածությունից: Ավելինՙ շատ դեպքերում հեղինակին հաջողվել է զարդաքանդակը, բառացիորեն չընդօրինակելով, դարձնել ճարտարապետական ձեւ. այդ տեսակետից այստեղ նորություն, հայտնագործություններ շատ կան: Հիմնականը, այնուամենայնիվ, զարդաքանդակի կոմպոզիցիան է, ինչը նկատելի է դառնում իսկույն, նա լավ է զգում այն, ինչ կոչվում է հարմոնիա, ներքին ռիթմ, ֆակտուրա, լավ գիտի քարի գաղտնիքը. փոխվեց քարը, կփոխվի բնույթը զարդաքանդակի, գիտի հնարավորությունները մեր վարպետների, այս ամենը դառնում է որոշիչ հիմնական գաղափարը կոմպոզիցիան ստեղծելիս: Սեղանիս են նրա վերջին տարիների գործերից մեկիՙ Աղավնաձորի վանքի զարդաքանդակների լուսանկարներըՙ ի՛նչ ռիթմ, ի՛նչ հարմոնիա, դրանցից դժվար է հայացք պոկել... Դա ինձ օգնում է փարատելու փոքր ինչ իմ մռայլ տրամադրությունը... Ի դեպ, Գուրզադյանի այդ գործըՙ Աղավնաձորի վանքը կարող է դառնալ, կարծում եմ, առանձին խոսակցության առարկա:

«Արմենիան» միակ կառույցն է այսօրվա Մոսկվայում հայկական ճարտարապետության ոգով ստեղծված: Կարո՞ղ է սա ունենալ շարունակություն. հազիվ թե: Այսօրվա Մոսկվայի կառուցապատումը գնում է խիստ ընդգծված աբստրակտ-մոդեռնիստական ոգով, հիմնականում դրսից բերված նախագծերով: Վերջին նորությունը պայթեց ինչպես ռումբ. հանրահայտ Բալչուկը, Կրեմլի դեմ ու դեմ, քանդվելու է, մաքրվելու է հիմնովին, այդ թվում անցյալներում ստեղծված այդ մռայլ, բետոնե տխրահռչակ հսկա բնակելի շենքը որպես թե կոնստրուկտիվիզմի ոճով ստեղծված, ու տեղում, այդ կղզու վրա բարձրացվելու է միանգամից հինգ երկնաքեր, բոլորն էլ հյուրանոցներ, բոլորն էլ ուլտրաժամանակակից, խիստ ընդգծված աբստրակտ ոճով: Հեղինակն այդ ճարտարապետական կոմպլեքսի, պարզվում է, հոլանդացի է: Ես չեմ տեսել նախագիծը, բայց իմացա, որ Մոսկվայի բոլոր ճարտարապետները չէ թե հիացած, պարզապես հիպնոսացած են եղել այդ նախագծով: Արդեն այն, որ մասնաշենքերից մեկը կոչվելու է Կանդինսկի, մյուսը Մալեւիչ, շատ բան է ասում. հարյուր տարի պահանջվեց մինչեւ աբստրակտ արվեստի ինչ լինելը հասավ վերջապես մարդու գիտակցությանը... Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Վան Գոգի հետ...

Երկու հարյուր, երեք հարյուր տարի առաջվա Մոսկվայի ճարտարապետությունում իշխողը դասական ամպիրն էր, հրաշալի մի շրջան, ես հիմա էլ, ամեն անգամ այդ էպոխայի մի գործի, մի շենքի հանդիպելիս, կանգնում եմ, գլուխս կախում ակամա ու ընկնում մտքերի մեջ... Այդ շենքերի վրա, բոլորի վրա, տախտակ է փակցված. «Պահպանվում է պետության կողմից»... Հիմա աբստրակտ մտածողության էպոխան է գալիս, դա նույնպես կլինի տեւական, հետո կգա մի ուրիշ բան, բայց էկզոտիկ շեղումներՙ հազիվ թե: Այնպես որ «Արմենիան» հայկական ոճով, այն էլ Մոսկվայի կենտրոնում, կմնա ինչպես մի իրադարձություն, որը, կարծում եմ, հազիվ թե կրկնվի երբեւիցե...

Մեր տաճարները, վանքերը երկրաշարժերից են քանդվել: Մոսկվան չի գտնվում երկրաշարժային գոտում. համենայն դեպս հիմնադրման օրից մինչեւ հիմա, շուրջ հազար տարի, այդ քաղաքին ոչինչ չի պատահել: Այնպես որ երկրաշարժից կործանվելու վտանգը «Արմենիային» չի սպառնում... Հազար տարի հետո «Արմենիան» կդառնա Մոսկվայի համար, կարծում եմ, նույնպիսի մի հնություն, լավ վիճակում գտնվողՙ երկաթ-բետոնով է կառուցված վերջապեսՙ ու հավանաբար «պետության կողմից պահպանվող», ինչպիսին են հիմա մեր միջնադարյան կիսաքանդ վանքերը մեզ համար... Ամենաշատը, որը կարող է պատահել, եթե գալիք ժամանակներում հորինվի վեցաստղանի հյուրանոցի գաղափարը կամ դրա նման մի բան, եւ ուզենան «Արմենիան» դարձնել է՛լ ավելի շքեղ, է՛լ ավելի հարուստ, այդ դեպքում ձեռք կտան, կփորձեն փոխել երեւի ներսը միայն, բայց դուրսը, ճակատըՙ հազիվ թե... Այդ ճակատը, այդ խրախճանքը կմնա հավերժ, քանի կա մարդը, քանի կա տիեզերական այդ հրաշքըՙ Արեւը այս երկնքում...

«Արմենիան» նախագծային անունն էր, հյուրանոցի այսօրվա տերերի ցանկությամբ նրան տրվեց ուրիշ անունՙ «Ararat Hayat »


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4