Հանրապետությունում բնակվող 100.000 հաշմանդամների խնդիրները երեկ քննարկվեցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին կից հաշմանդամների խորհրդի նիստում, որտեղ առաջարկվեց ավելացված արժեքի հարկի օրենքում լրացում կատարել, որի շնորհիվ 60 տոկոսով հաշմանդամներից բաղկացած կազմակերպություններն օգտվեն հարկային արտոնություններից: Սրանով հանձնաժողովի նախագահ Արտակ Առաքելյանը համոզված է, որ ցանկացած ներդնողի համար դաշտը գրավիչ է դառնում: «Կրթություն հաշմանդամ երեխաներին» հասարակական կազմակերպության ղեկավարն էլ առաջարկեց աշխատատեղեր ստեղծելու համար վարկեր տրամադրել ՀԿ-ներին, պայմանով, որ աշխատակազմի 50 տոկոսը լինեն հաշմանդամներ, իսկ մյուս կեսը հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների անդամներ:
Եվս մեկ անգամ մատնանշվեց, որ զոհված եւ հաշմված զինծառայողների շուրջ 13000 ընտանիք կա երկրում, որից 1800-ը հաշվառված է բնակարանային հերթում, սակայն անլուծելի է մնում բնակարանների բարելավման խնդիրը: Մինչեւ 1998-ը թոշակավորված ազատամարտիկների թոշակի հաշվառումն էլ հասել է անհեթեթության:
Բուժման եւ առոջարանային ուղեգրերի տրամադրումն ուղեկցվում է քաշքշուկով, ճիշտ չի կազմակերպված հաշմանդամներին օգնություն հատկացնելու կարգը, երբեմն օգնությունն ստանալու համար ծախսվում է դրանից ավելին: «Լուսաստղ» ՀԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, հաշմանդամների համար հիմնախնդիր է ընտրություններին մասնակցելը ուղեկցող չունենալու պատճառով. հարցված 190 անձանցից 150-ը չի մասնակցել նախորդ նախագահական ընտրություններին: Շատ են ու բազմազան հաշմանդամների խնդիրները, որոնց առնչությամբ վերջին մեկ տարում ԱԺ նախագահին ուղղել են 1700 նամակ: Արթուր Բաղդասարյանի հավաստմամբ, դրանցից յուրաքանչյուրը քննվել է առանձին եւ ստացել հնարավոր լուծում: Վերջինս նաեւ ավետիս հայտնեցՙ խորհրդարանը եւ մի քանի այլ կառույցներ նախաձեռնել են հաշմանդամների համար համակարգչային ուսուցման կենտրոնների ստեղծում, որոնք սրտացավ աշխատանքի դեպքում սեպտեմբերից կսկսեն գործել:
Ներկայացված խնդիրների լուծման եւ օրենսդրական համապատասխան փոփոխությունների ուղղությամբ ԱԺ նախագահի հավաստմամբ, լուրջ աշխատանք է տարվելու:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ