«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2004-06-25 | #118, 2004-06-26 | #119, 2004-06-29


ԻՐԱՔԻ ԽՆԴԻՐԸՙ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԹԵՄԱՆ

Վարդան Օսկանյանը հանդիպեց Աբդուլլա Գյուլի, ապա Գյուլի եւ Մամեդյարովի հետ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստամբուլ

Երեկ Ստամբուլում բացվեց ՆԱՏՕ-ի անդամ 26 պետությունների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցում են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցող 20 երկրների պատվիրակություններըՙ գլխավորապես նախագահների մակարդակով: 46 պետությունների պատվիրակությունների մեջ Հայաստանն ապահովել էր ամենացածր մակարդակը. արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ ժամանեց երեկ կեսօրին:

Օսկանյան-Գյուլ չորրորդ հանդիպումը

Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի փոխվարչապետ, արտգործնախարար Գյուլի հետ հանդիպումը համարում է ամենակարեւորը Ստամբուլում կայանալիք իր երկկողմ հանդիպումներից: Այս մասին Օսկանյանն ասաց Պոլսի հայոց պատրիարքարանում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում: Ըստ արտգործնախարարիՙ Հայաստանի խնդիրներից է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Օսկանյանն ասաց, որ ինքը տեսնում է Թուրքիայի նոր իշխանությունների անկեղծ ցանկությունըՙ բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները: Հայաստանի արտգործնախարարը խոչընդոտներ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում, իհարկե, «մենք չպետք է մոռանանք մեր վերքերը»:

«Ազգի» եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Օսկանյանն ասաց, որ «Գյուլի հետ երկխոսությունը բավականին լավ ստացվեց, դրական հանդիպում էր», քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Ինչո՞ւ Քոչարյանը հրաժարվեց Ստամբուլ մեկնելուց

Հայաստանի նախագահը նախընտրեց ներկա չլինել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ կազմակերպող երկիրըՙ Թուրքիան քայլեր չի ձեռնարկումՙ վերջ տալու Հայաստանի շրջափակմանը, ինչը շարունակվում է ավելի քան 11 տարի: Անկարան հրաժարվում է Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուցՙ դա պայմանավորելով մի շարք նախապայմաններով, մասնավորապես ԼՂ հարցի չկարգավորված լինելը եւ Հայոց ցեղասպանությունը:

Վարդան Օսկանյանը կրկնեց, որ Քոչարյանը նախընտրեց չմասնակցել Ստամբուլի գագաթաժողովին, քանի որ անցկացվում է մի երկրում, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Օսկանյանն ասաց, որ 1999 թ. նախագահը մասնակցել է Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին, սակայն, մյուս կողմից, «Թուրքիայի հետ մեր երկխոսությունը որեւէ դրական տեղաշարժ» չի արձանագրել 1999 թվից այս կողմ:

Ի դեպ, երկու օր առաջ, անդրադառնալով Հայաստանին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անընդհատ Հայաստանի հետեւից չեն վազելու:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ստրասբուրգում Քոչարյանը հերթական անգամ նշեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Հայաստանի նախագահը շեշտեց, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց Թուրքիայի, իսկ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է:

Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով եռակողմ հանդիպում

Երեկ Ստամբուլում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հանդիպման մասին կպատմենք «Ազգի» վաղվա համարում, քանի որ այդ հանդիպումն ավարտվեց երեկոյան: Օսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եռակողմ հանդիպման նպատակահարմարությունն առաջացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների երկխոսությունից հետո: Մեր հարցինՙ նշանակո՞ւմ է արդյոք, որ եռակողմ հանդիպման ընթացքում առաջնային է լինելու Ղարաբաղի խնդիրը, Օսկանյանը ժխտական պատասխան տվեց, բայց նշեց նաեւ, որ եռակողմ հանդիպման ընթացքում ԼՂ հարցն իր տեղն ունի:

Իլհամ Ալիեւը շարունակում է Ղարաբաղի մասին իր «երգը»

Ադրբեջանի նախագահը Ստամբուլ է ժամանել հունիսի 26-ին: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում անցկացված «Նոր Եվրատլանտյան ռազմավարություն Սեւծովյան տարածաշրջանում» կոնֆերանսի իր ելույթում Ալիեւն ասաց, որ Ադրբեջանը թույլ չի տա ԼՂ-ի միացումը Հայաստանին կամ նրա անկախացումը:

«Մենք ակնկալում ենք Եվրոմիության եւ այլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի հետ (մեր) խնդրի կարգավորման հարցում: Աշխարհը գիտի, որ Ղարաբաղում Հայաստանն օկուպանտ է: Ադրբեջանը կողմ է հաշտության, բայց մենք չենք կարող զիջումների գնալ», ասաց Ալիեւը, հույս հայտնելով, որ ԼՂ հարցը կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում:

Ի դեպ, նկատենք, որ Ստամբուլը հարազատ քաղաք է Ալիեւի համար. նախքան գահը հորիցՙ Հեյդար Ալիեւից ժառանգելը, կրտսեր Ալիեւն իր ազատ ժամանակն անցկացնում էր թուրքական կազինոներում եւ հաճախ պարտվում:

Գագաթաժողովի գլխավոր թեմանՙ Իրաքի հարցը

ՆԱՏՕ-ի 17-րդ գագաթաժողովի գլխավոր թեման Իրաքի հարցն է: ԱՄՆ նախագահ Բուշը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ներգրավվի Իրաքի կարգավորման գործում, մասնավորապես դաշինքը վարժեցնի Իրաքի անվտանգության եւ ոստիկանական ուժերին: Ուշագրավ է, որ երեկ, այլ ոչ թե հունիսի 30-ին, ինչպես նախատեսված էր, Իրաքում իշխանությունը փոխանցվեց այդ երկրի ժամանակավոր կառավարությանը: Ստամբուլ էր ժամանել Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեգարին:

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը նախօրեին «Միլլիեթին» տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը չկարողացավ կարգուկանոն հաստատել Իրաքում եւ այժմ օգնություն է խնդրում ՆԱՏՕ-ից: Դեմիրելը Բուշին մեղադրել է ՄԱԿ-ին վարկաբեկելու, հեղինակազրկելու եւ Եվրոմիությունը պառակտելու մեջ:

Ընդհանուր առմամբ, թուրքական հասարակությունը հակված է Իրաքի հարցում Բուշին անվանելու օկուպանտ, քան ազատարար: Դրա ապացույցն այս օրերին Ստամբուլում անցկացվող տասնյակ հազարանոց ցույցերն են ընդդեմ Բուշի եւ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկման են դրվել նաեւ Աֆղանստանի հարցը (Ստամբուլ է ժամանել այս երկրի ղեկավար Համիդ Կարզայը), «Ընդարձակ Մերձավոր Արեւելք» նախաձեռնությունը, ՆԱՏՕ-ի նոր դերը Միջին Արեւելքում, Կովկասում, Միջին Ասիայում, Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում, գլոբալ ահաբեկչության դեմ պայքարը:

Նշենք նաեւ, որ ՆԱՏՕ-ին պաշտոնապես անդամակցեցին յոթ երկրներՙ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4