«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2004-06-25 | #118, 2004-06-26 | #119, 2004-06-29


ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ԿՐՈՆԱՊԵՏՆԵՐԻՆ

Հունիսի 27-ին ավարտելով Թուրքիայի ղեկավարների հետ բանակցությունները, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Անկարայից ուղեւորվել էր Ստամբուլ: Այնտեղ նա Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետ Ալի Բարդաքօղլուի ներկայությամբ ընդունել է Հունաց տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսին, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին, հրեական համայնքի ռաբբի Իցխակ Հալեւային, ինչպես նաեւ Ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինին:

Կրոնապետների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հիլթոն» հյուրանոցում, որտեղ իջեւանել էր Բուշը: Հանդիպմանը Հունաց տիեզերական պատրիարքն ԱՄՆ նախագահի հետ զրուցել է Թուրքիայում տարբեր կրոնների գոյակցության մասին եւ իր խորին շնորհակալությունն է հայտնել նրանՙ Հեյբելիադայում գտնվող հունական հոգեւոր ճեմարանի վերաբացման հարցում պաշտոնական Անկարային հորդորելու համար:

Ռաբբի Հալեւան Ջորջ Բուշին տեղեկացրել է, որ Թուրքիայում միասնության մթնոլորտ է տիրում, եւ հրեաները որեւէ խնդիր չունեն: Ինչ վերաբերում է Մութաֆյան պատրիարքին, ապա նա դիմելով ԱՄՆ նախագահինՙ ընդգծել է խաղաղարար նախաձեռնություններում կրոնի դերը, ապա եւ նրան իր մտահոգություններն է հայտնել Մերձավոր Արեւելքում ծավալվող բռնության առնչությամբ: Նախագահ Բուշն ի պատասխան Պոլսո հայոց պատրիարքի, ասել է. «Համոզված եղեք, որ (բռնությունները) չեն արտացոլում ԱՄՆ-ի բուն դեմքը: Այն, ինչ տեսնում եք հեռուստաէկրանին կամ հատկապես Բաղդադի Աբու Ղրեյբի բանտում կատարվածները, այլեւս տեղի չեն ունենա»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4