«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2004-06-25 | #118, 2004-06-26 | #119, 2004-06-29


ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ 4 ՀՈԳՈՎ 8 ԵՐԳ ԵՆ ԵՐԳԵԼ

Միասնականությունը հորիզոնից էլ այն կողմ է

Մեր տեսակի բացառիկությունն ապացուցվել է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Միասնականություն քիչ թե շատ դրսեւորվում է ղարաբաղյան խնդրում: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը միակն է, որի ներկայացուցիչները 2 մասի բաժանված աշխատում են հակադիր ուղղություններով: Ինչը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հավաստմամբ, ոչ դրական զարմանք է առաջացրել մյուս պատվիրակությունների շրջանում: Վարկաբեկվում է այն երկիրը, որ ունենք ու պարտավոր ենք հարգել եւ ընդունել որպես հայրենիք, որի հանդեպ պարտավորություններ ունենքՙ անկախ նրանից, թե իշխանության որ թեւում ենք եւ ծնունդով որտեղից ենք: Մինչդեռ ԵԽԽՎ-ում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի ընթացքում ընդդիմադիրները հարկ չեն համարում ներկա գտնվել, ինչը հաստատապես անհարգալից վերաբերմունքի արտահայտություն է սեփական երկրի եւ ոչ Ռոբերտ Քոչարյան անձի հանդեպ: Իշխանական թեւի ներկայացուցիչներն էլ հետ չեն մնում անպատասխանատվության չափով եւ անհրաժեշտ ու պատշաճ չափով չեն մասնակցում ոչ ԵԽԽՎ հանձնաժողովների, ոչ էլ լիագումար նիստերի աշխատանքներին, որոնք, ի դեպ, երբեւէ չեն համընկնում: Այս դեպքում ինչո՞ւ է ընդհանրապես պատվիրակությունը մեկնում Ստրասբուրգ: Որովհետեւ ծախսը սեփական գրպանից չէ՞: Ամեն դեպքում պատվիրակության ղեկավարը հավաստում է, որ «1 տարվա աշխատանքը լիովին բավական է սովորել-ընտելանալու համար, եւ արդեն անհիմն կլինեն ԵԽԽՎ աշխատակարգին անծանոթ լինելու պատճառաբանությունները: Հոկտեմբերից պահանջները պատվիրակների հանդեպ ավելի խիստ կլինեն, աշխատակարգը կհստակեցվի, իսկ սեպտեմբերից ԱԺ-ին եւ հանրությանը կներկայացվի յուրաքանչյուրի գործունեությունը»: Առայժմ Տիգրան Թորոսյանն ընդամենը փաստում է, որ բոլորը չէ, որ լիարժեք մասնակցություն են ունեցել ստրասբուրգյան աշխատանքներին, եւ խուսափում է անուններ տալուց: Մինչ պարոնայք ընդդիմադիրներն ու իշխանավորները բանակների բաժանված կփորձեն աշխատակարգը հստակեցնել, պահանջներ խստացնել ու մեկը մյուսին պարտադրել սեփական երկրի հանդեպ պարտավորությունները գոնե դրսում պատվով կատարել, Թուրքիան, ինչպես Տիգրան Թորոսյանն է հավաստում, ժողովրդավարության հարցում թեեւ ավելի հեռուն չի գնացել, քան Հայաստանը, սակայն արդեն անցել է հետմոնիտորինգային փուլ: Այսինքնՙ եվրոպական ինտեգրման խնդրում առաջ է անցել Հայաստանից: Իսկ Վենետիկի հանձնաժողովը նախագիծ է պատրաստել ու ներկայացրել «...հանրահավաքների...» մասին ՀՀ օրենքի վերաբերյալ, հայկական պատվիրակությունն էլ կարողացել է այդ խնդրում մասամբ համագործակցել:

Շավարշ Քոչարյանը 4 օրինագիծ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին (Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի, հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին), որոնք չեն ընդունվել, քանի որ ներկայացվել են ոչ պաշտոնական խողովակներով: Ինչեւէ, Եվրոպայի խորհրդում դրական է գնահատվել Հայաստանի պարտավորությունների կատարման եւ ժողովրդավարացման ընթացքը, ինչի շնորհիվ էլ հաջողվել է Հայաստանի մասին զեկույցի քննարկումը հետաձգել մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան: Իսկ ընդհանրապես, Թորոսյանի գնահատմամբ, այս անգամ ԵԽ-ում Հայաստանի համար որեւէ անբարենպաստ որոշում չի ընդունվել:

Թերի Դեւիսն էլ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ներկայացրած բանավոր զեկույցում անդրադարձել է բոլոր կարեւոր խնդիրներին եւ առանձնացրել 2 կարեւորագույն դիտարկում-եզրակացությունՙ երկուստեք առկա է խոր ատելություն, որի վերացման ուղղությամբ հարկավոր է աշխատել, եւ Լեռնային Ղարաբաղն անպայման պետք է դիտարկվի որպես բանակցային կողմ: Դեւիսի զեկույցում տեղ գտած որոշ անճշտությունները հայկական պատվիրակությունը շտկելու փորձ կանի գրավոր տարբերակի առկայության դեպքում: Առայժմ Դեւիսը կարծում է, որ հակամարտության լուծմանը երկու կողմերն էլ հնարավորինս մոտ են եղել Քի Վեսթում, եւ որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկածները տրամադիր են վերադառնալ, իսկ Ադրբեջանից դուրս եկածներն այդ ցանկությունը չունեն: Զեկույցում փաստվել է նաեւ հայ սպայիՙ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սակայն, դիտարկվում է տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների պրիզմայով:

Եթե Արտաշես Գեղամյանը լիովին համոզված է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում ծայրահեղ վտանգավոր հետեւանքներ է ունենալու երկրի համար, ապա Տիգրան Թորոսյանը վստահ է, որ այն անկեղծ էր, շիտակ, հստակ ձեւակերպումներով եւ դրական արձագանքի ու վերաբերմունքի է արժանացել ԵԽ-ում, իսկ մեր դիտարկումներովՙ նաեւ հայ հասարակության շրջանում: Թորոսյանի հավաստմամբՙ «Շատ ավելի ճիշտ կլիներ լիարժեք աշխատել Ստրասբուրգում, քան վերադարձին իրականությունից հեռու գնահատականներ տալ: Քանի որ հետագա իրադարձությունները մեծապես կախված են ԵԽԽՎ հանձնաժողովներում կատարած մեր աշխատանքից»: Առայժմ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի վստահեցումներովՙ այդ աշխատանքը ոչ լիարժեք է կատարվում եւ, ի տարբերություն մյուս երկրների պատվիրակությունների, որոնք աչքի են ընկնում վառ արտահայտված միասնականությամբ, հայերս շարունակում ենք ավանդական մոտեցումըՙ 4 հոգով 8 երգ երգելը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4