«Ազգ» օրաթերթի եւ «Օրեր» եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Ցիրիլ Սվոբոդան
- Եվրոմիությանն անդամակցելու նախաշեմին ի՞նչ կարեւոր պարտավորություններ է ստանձնել Չեխիայի Հանրապետությունը:
- Չեխիայի Հանրապետության պարտականությունները Եվրոմիության նկատմամբ տրված են հատկապես ընդունելության պայմանագրով, որտեղ սահմանված են ե՛ւ Չեխիայի, ե՛ւ Եվրոմիության, ինչպես նաեւ Եվրոմիության անդամ պետությունների եւ նրա կազմի մեջ մտնող մյուս հանրապետությունների պարտավորությունները: Չեխիայի Հանրապետությունն այդ պայմանագրի հիման վրա պետք է համապատասխանեցնի իր օրենքները համայնքային օրենսդրությանը: Չեխիան կիրառել է acquis-ի մեծամասնությունը, որը հսկայական բովանդակություն ունիՙ մոտ 80 հազար էջ: Իրականում դա նշանակում է տասնյակ օրենքներ, որոնք ընդունվել են կամ դեռ նոր պետք է ընդունվեն:
Այդ ամենը կարեւոր պարտականություններ են եւ վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներինՙ հատկապես անձանց ազատ գործելու, իրերի, ծառայությունների եւ կապիտալի ապահովմանը, այդ թվում նաեւ տարբեր իրավական ուղղումների, որոնք ազդեցություն ունեն անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի, տարածքային քաղաքականության, ֆինանսական հսկողության, բնապահպանության, Չեխիայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, ինչպես նաեւ բազմաթիվ երկկողմ առեւտրային պայմանագրերի, հարկերի եւ այլ ոլորտների վրա:
- Հայտնի է, որ Չեխիայի համար առաջնահերթ նշանակություն ունեն ԱՄՆ-ի եւ Եվրոմիության երկրների հետ հարաբերությունները: Իսկ ի՞նչ քաղաքականություն եք որդեգրել նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում Հայաստանի նկատմամբ:
- Չեխիան շահագրգռված է պահպանելու իր լավ հարաբերությունները նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր փոխհարաբերությունների մեջ գոյություն չունեն բաց խնդիրներ: Մեր հարաբերությունները գտնվում են նախաշեմին, այդ իսկ պատճառով վստահ եմ, որ դրանք կհասնեն բազմակողմանի զարգացման:
- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում մեծ կարեւորություն եք տվել Չեխիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ առումով նպատակահարմար չե՞ք համարում օրենսդրական ակտերի միջոցով այդ հարաբերությունները ամրապնդելու անհրաժեշտությունը: Ի՞նչ քայլեր եք նախաձեռնում այդ ուղղությամբ:
- Չեխիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գոյություն ունեցող դիվանագիտական հարաբերությունների ընթացքում հաջողվել է հասնել բավականին լավ արդյունքների, թեպետ երկու երկրների պոտենցիալը առեւտրի եւ տնտեսական հարաբերություններում լիովին կիրառված չէ: Չեխիայի Հանրապետությունը շահագրգռված է, որ զարգանան փոխադարձ առեւտրական եւ ներդրումային գործողություններըՙ երկու երկրների պահանջարկների ու հնարավորությունների համաձայն: Չեխիայի Հանրապետությունը ուրախությամբ կմիանա պետական կամ տեղային ծրագրերին, որոնք ռազմավարական իմաստ ունեն Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման համար: Չեխիան, օրինակ, առաջարկում է չեխական ընկերությունների մասնակցությունը ավտոբուսային տրանսպորտի արդիականացման գործում: Ինչ վերաբերում է պայմանագրային հիմքին, ներկայումս պատրաստում ենք փոխադարձ պայմանագիրՙ ներդրումների աջակցության եւ պահպանման վերաբերյալ: Փոխադարձ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները սահմանված են համագործակցության պայմանագրում, որը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոմիության միջեւ:
- Իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ պետություն ինչպե՞ս եք գնահատում Բուդապեշտում տեղի ունեցած վայրագ սպանությունը, երբ ադրբեջանցի սպան սպանեց իր սենյակում քնած հայ սպային, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացներին:
- Չեխիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու փաստն այս դեպքում հիմք չի հանդիսանում: Ցավում ենք յուրաքանչյուր կյանքի կորստի համար եւ ցավալի է, որ նման արարքն իրականացել է Բուդապեշտում կայացող ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ժամանակ:
- Չեխիան միշտ էլ կողմնակից է եղել Ղարաբաղի խնդրում խաղաղ կարգավորմանը: Այդ մասին բազմիցս նշել են նաեւ մեզ տված հարցազրույցներում ձեր նախարարության նախկին ղեկավարներ, դիվանագետներ Յան Կավանն ու Հինեկ Հմոնիչեկը: Այս խնդրում ձեր դիրքորոշումը ո՞րն է:
- Չեխիան նախաձեռնորեն պատրաստ է հյուրընկալելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումները: Դրանք Պրահայում կայացել են արդեն երեք անգամՙ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Չեխիան այն կարծիքին է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
- Եվրոպական շատ պետությունների խորհրդարաններ ու առաջին դեմքեր արդեն ընդունել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունը, որը համարվում է 20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունը: Չեխիայում այս խնդրի շուրջ ավելի ակտիվ են հասարակական կազմակերպությունները, որոնք ամեն տարի ինչ որ կերպ նշում են այդ օրը: Ո՞րն է այս հարցում չեխական կառավարության տեսակետը: Կգա՞ ժամանակ, երբ Չեխիան էլ, մի կողմ դնելով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կախվածությունը, համարձակորեն կճանաչի եւ սատար կկանգնի հայ ժողովրդի արդար պահանջներին, ինչպես դա արվեց հրեաների պարագայում:
- Առաջին հերթին ցանականում եմ նշել, որ Չեխիայի Հանրապետությունը սկզբունքորեն դեմ է ամեն մի ցեղասպանության եւ այդ սկզբունքով հանդես է գալիս միջազգային ֆորումներում: Ինչպես գիտեք, անցյալ հարյուրամյակի սկզբի ձեր ժողովրդի ցեղասպանության ընդունումը մի քանի երկրների խորհրդարաններում իրականացել է բավականին երկար քաղաքական գործընթացի գագաթնակետում, որին նախորդել է ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությունը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Հ. Գ.- Հարցերը տրվել են ապրիլին, պատասխանները ստացվել են ուշացումով, արտգործնախարարի ավտովթարի ենթարկվելու պատճառով: